Մերօրյա բարքեր (բանաստեղծություն)


Նկատել ես, չէ՞՝ փոխվում է արագ մեր շուրջն ամեն բան, ուրիշ է դառնում,
Վազում է կարծես այն ժամանակը, ում սահմանված էր քայլել նույն ռիթմով,
Աստծո ստեղծած մարդկային ցեղը նոր ձեռքբերումներ, արժեքներ կերտում,
Այնպես է ապրում, այնպես հաստատվում, կարծես մեռնել չի էլ պատրաստվում:

Օր օրի վրա մարդը գազազում, իր եսից այն կողմ էլ բան չի տեսնում,
Կռիվ է տալիս իր նմանի դեմ, չարությամբ լցվում, նախանձով պատվում,
Օր օրի վրա կեղծավորության հսկա, լայնաշերտ սարեր է փռում,
Դանակ ու խանչալ մեջքին թաքցրած՝ ինքն իրեն արքա ու տեր է կարծում:

Արքա է կարծում իր իսկ ստեղծած կեղծ մոլորակի ու պիղծ բարքերի,
Արքա է կարծում, ուզում է լինել տեր մարդկության մեջ, որ էլ սեռ չունի:
Ազատություն է քարոզում, գոռում, մինչդեռ գերին է ծեր բանսարկուի,
Մարդասիրություն աղաղակելով՝ դեռ չծնված երեխային տանում է՝ մորթի:

Նախատում է իր նախամորն ու նախահոր, թե պտուղը ինչու կերան,
Մինչդեռ՝ ի՜նչ պտուղ, մերօրյա մարդը արյուն է ծծում, օձի հետ խաղում,
Ամոթ ու աբուռ արդեն կորցրած՝ ծնողին ծեծում, երեխային էլ մանկատուն տանում,
Վաղուց մոռացած հարևան ու բարեկամ՝ ամենուրեք լոկ իր շահն է փնտրում:

Վերջին օրերի նորաձևությո՞ւն, թե՞ սերիալներից մեզ բաժին հասած մի ժառանգություն,
Սկզբունքների անկայունությո՞ւն, թե՞, ցավոք սրտի, բացակայություն…
Մերօրյա հայը, որ գովերգում է իր պատմությունը, իր արժեքները, իր անցած ուղին,
Այսօր դառնում է կեղծ արժեքների, այլասերումի ողբերգակ գերին…

Կանգ առ՝ քանի դեռ ժամանակ ունես, քանի կարող ես ինչ-որ բան փոխել,
Ի՞նչ ես միացել ամբոխին խաբված, ո՞ւր եք շտապում դեպի Գողգոթա,
Կեղծ մոլորակդ շուտով կպայթի, այլասերված ամեն բան հօդս կցնդի,
Կրակի լճում աշխարհի չիշխան այն ծեր բանսարկուն պատիժ կկրի:

Հոսքով մի՛ գնա, անդունդը կընկնես, կա՛նգ առ քանի դեռ ժամանակ ունես,
Ինչպես ավազակն իր կյանքի վերջում Ճիշտ ժամանակին ինչ-որ բան փոխեց,
Ինչպես այն կույրը, որ ձեռքը մեկնեց ու Նազովրեցուց աչքի լույս խնդրեց,
Ինչպես այն կինը, որ ջրհորի մոտ Նրան հանդիպեցկա՛նգ առ, քանի ժամանակ ունես:

Նկատել ես, չէ՞՝ փոխվում է արագ մեր շուրջն ամեն բան, ուրիշ է դառնում,
Վազում է կարծես այն ժամանակը, ում սահմանված էր քայլել նույն ռիթմով,
Ու մենք էլ ընկած հոսանքի ներքո, սկսում ենք գլուխներս պատեպատ խփել
Ճշմարտությունը անտեսված թողած՝ ճիշտ ու սխալ ենք դեռ փորձում պարզել…

Արմեն Նիազյան