Բռնիր ձեռքս, ես վախենում եմ (պատմվածք)


Մութ էր: Փողոցները գրեթե դատարկվել էին: Նա նստել էր մայթեզրի մի քարին ու նայում էր քաղաքը լուսավորող լույսերին... Ի՜նչ գեղեցիկ են, ի՜նչ կարևոր, հետաքրքիր է, որ մարդիկ ուշադրություն չեն էլ դարձնում, բայց կարելի է նայել անվերջ այդ լույսերին ու հիանալ նրանց արած գործով: Նայում էր, խորհում... Ինքն էլ չնկատեց, թե ինչպես փակվեցին աչքերն ու քնեց:

- Վե՛ր կաց, դմբո, չգիտե՞ս, որ էստեղ մնալ չի կարելի, առավել ևս՝ քնել, ախր մեզ կարող են տեսնել:

«Աստվա՜ծ իմ, ախր նա այնքա՜ն փոքրիկ է, այնքա՜ն քնքուշ... Երբ պիտի այս ամենն ավարտվի ու մենք էլ ապրենք նորմալ մարդկանց նման»:

-Արա՛մ, ես վախենում եմ... Դու սպանեցի՞ր նրան: Արա՛մ, քեզ կբռնեն ու կտանեն, ու ես կմնամ մենակ... Արա՜մ... 
Փաթաթվեց եղբորն ու արցունքները սկսեցին հորդել աչքերից, անմեղ ու դեռևս կյանք չտեսած աչքերից:
-Լա՛վ, վերջացրու, տես, բուլկի եմ բերել, առավոտից բան չենք կերել, ես իմը ճանապարհին կերա, ահա, սա էլ քեզ, կեր ու այլևս ոչ մի արցունք. Մոռացե՞լ ես, որ դու արդեն մեծ ես:
-Արամ, կարոտել եմ մամային…
- Ես էլ…
Նա վերցրեց բուլկին ու սկսեց ագահորեն ուտել, իսկ Արամը, նա նայում էր քրոջն ու ուրախանում, որ կարողացավ գոնե մի լավ բան անել նրա համար. ոչինչ, որ ինքն այդպես էլ սոված մնաց...

Քույր ու եղբայր էին, եղբայրը 15 տարեկան էր, քույրը նոր էլ բոլորել 13-ը: Մայրը երկու տարի առաջ մահացել էր. քաղցկեղ ուներ: Հայրն էլ, թեև կար, բայց... ալկոհոլը ստիպել էր նրան մոռանալ ամեն ինչ. հեռացրել էին աշխատանքից, իսկ ինքն էլ, իր նման մի քանի ընկերներ գտնելով, սկսել էր տան ունեցածը կամաց-կամաց վաճառել: Մոր մահից հետո ամեն օր նրանց տանը հարբեցողության երեկո էր կազմակերպվում, հավաքվում էին ու սկսում խմել...
Սովորաբար երեխաները փակվում էին իրենց սենյակում կամ գնում հարևանի տուն. այլևս անտանելի էր դարձել հոր հետ ապրելը: Ալկոհոլը ստիպել էր, որ նա վաղուց մոռանա իր՝ հայր լինելու մասին:

Այդ օրն էլ հերթական երեկոն էր, հերթական խրախճանքը: Ամեն ինչ գուցե ընթանար ամեն օրվա պես, բայց այդ օրը հոր ընկերներից մեկը չափն անցել էր, ու հանկարծ որոշեց, որ ուզում է իր ընկերոջ աղջիկը պարի իրենց համար: Ոտքերի վրա հազիվ քարշ գալով եկավ երեխաների սենյակն ու բռնելով փոքրիկի ձեռքից՝ քաշելով տարավ:
Աղջիկը սկսեց լաց լինել. գիտեր, որ անիմաստ է հորից օգնություն կանչել, իսկ եղբա՞յրը, նա բազմիցս էր ասել, որ մնում է տանը միայն քրոջ համար, այլապես վաղուց արդեն հեռացած կլիներ տանից:

«Ավելի լավ է մուրացկան լինեմ, քնեմ փողոցում, քան տեսնեմ, թե դու ոնց ես ամեն երեկո զվարճանում ու վատնում տարիների աշխատածդ: Եթե քույրիկս չլիներ, հիմա վաղուց հեռացած կլինեի»,- Արամը հիշեց, թե ինչպես էր մի օր բարկացած խոսում հոր հետ:
Իհարկե, այս խոսքերից հետո Արամը մի լավ ապտակ էր ստացել հորից ու մի ամբողջ օր մնացել էր սենյակում փակված: Իսկ հիմա, երբ տեսավ քրոջ հետ կատարվածը, էլ չկարողացավ համբերել.
- Թո՛ղ նրան:
- Տեսեք է, տղամարդկությունդ բռնե՞ց էլի, խելոք նստի՛ տեղդ, կգա, կպարի, մի քիչ մեզ կուրախացնի ու վերջ, մենք էլ մարդ ենք, չէ՞, ուրախանալ ենք ուզում:  
Արամը հարձակվեց տղամարդու վրա, բայց անզոր էր. ոչ այդքան ուժ ուներ, ոչ էլ հասակն էր բավականացնում, և մի շառաչուն ապտակ ստանալով՝ ընկավ բազմոցին:

Ոչ ոք կարծես ուշադրություն չէր էլ դարձնում այս ամենին: Հայրը մեկ ուրիշի հետ նստած խմում էր: Բազմոցին ընկած՝ Արամը հասկացավ, որ եթե թույլ տա քրոջը տանեն, դա կլինի աններելի հանցանք... Հարբած տղամարդիկ դժվար թե բավարարվեին միայն պարելով ու ուրախանալով... Նա կատաղած վեր կացավ, վերցրեց օղու շիշն ու ամբողջ ուժով հարվածեց նրա գլխին: Տղամարդը երերաց ու ընկավ գետնին: Արամն արագ բռնեց քրոջ ձեռքից ու երկուսով փախան տանից:

Ամեն բան այնքան արագ կատարվեց, որ չհասկացան էլ՝ ինչ եղավ, բայց երբ արդեն մի քանի թաղամաս անցել էին, Արամը տեսավ, որ ձեռքերն արյունոտ են, ու որքան էլ փորձեց թաքցնել քրոջից, միևնույնն է, նա էլ էլ նկատել, բայց վախից ձայն չէր հանում…

Երբեմն ակամա հայտնվում ես փակուղում, ու թվում է՝ այլևս ելք չկա… Երբ հուսահատ բռնում ես գլուխդ ու փորձում հիշել, հասկանալ՝ որտեղ սխալվեցիր, որտեղ էր բացթողումդ, երբ գլուխդ ես ջարդում՝ հասկանալու համար կյանքի արդարության ու անարդարության սահմանումը, չարի ու բարու բաժանման գիծը, նայում ես կյանքիդ ու ուզում ես հասկանալ, որտեղ է ավարտվում խավարը և որտեղից է սկսվում լույսը…երբ հետդարձի արահետները կորել են մշուշում, իսկ առջևում… առջևում բարեկեցիկ կյանքն է, լավ ապագան, բայց այն քեզանից մի անդունդ է բաժանում… Եվ ցավով հասկանում ես, որ բացակայում է այն կամուրջը, որ քեզ կտաներ դեպի այդ կյանքը… ու քեզ մնում է գոյատևել քո փոքրիկ աշխարհում և հեռվից դիտել ապրողներին… ու սպասել հրաշքի, որ գուցե մի օր հայտնվի մեկը, բռնի ձեռքդ ու տանի դեպի նոր աշխարհ, նոր կյանք…

Ցուրտ էր: Արամն ամուր գրկել էր քրոջը: Գլուխը թեքել էր, որ քույրը չտեսնի իր արցունքները, չէ՞ որ քրոջ համար նա ուժեղ էր, իր պաշտպանը, միակը, ում նա վստահում էր... Բայց չէ, անհուսությունն ու անհայտ ապագան նրան էլ թևաթափ էին արել: Գիտեր, որ բարեկամների կամ հարևանների մոտ գնալը կնշանակեր վերադառնալ նորից նույն դժոխքը. մինչ այդ շատերն էին փորձել խոսել հոր հետ, կշտամբել, նեղացրել, բայց ոչինչ չէր օգնել: Նա լսում էր միշտ, գլխով անում, բայց հաջորդ երեկո, երբ տեսնում էր օղու շիշը, դարձյալ ամեն ինչ մոռանում էր, ու ամեն ինչ սկսվում էր նորից...

Ա՜խ այդ օղին... որքա՜ն տներ է քանդել ու որքա՜ն ընտանիքներ դժբախտացրել, որքա՜ն մանուկների համար է ընտանեկան կյանքը դարձրել լոկ վեճի, հարբեցողության ու ծեծի խղճուկ տեսարան:

Բայց չէ՞ որ ընտանիքը սուրբ է, այն մի կառույց է, որտեղ պետք է յուրաքանչյուր երեխա պաշտպանված զգա իրեն, հասկացված, գնահատված, պե՛տք է: Ցավոք, մեր կյանքում ամեն ինչ չէ, որ լինում է այնպես, ինչպես «պետք է»...

- Արամ, որ մեծանամ, ուզում եմ մի մե՜ծ տուն ունենալ: Էնտեղ ես տաք ճաշեր կպատրաստեմ ու դուրս կգամ փողոց, ինչքան երեխա տեսնեմ, կտանեմ ու կկերակրեմ: Մի մեծ սենյակ էլ լիքը խաղալիքներ կլցնեմ, որ երբ ուզեն, գան խաղան:
- Ես միշտ կողքիդ կլինեմ ու կօգնեմ քեզ, իմ անուշիկ քույրիկ:
- Բայց արդեն մութ է, Արա՛մ, ի՞նչ պիտի անենք գիշերը, ես մրսում եմ…

Արամը փակեց աչքերը, շուրթերը շարժվում էին, բայց ձայն չէր լսվում. «Մա՛մ, դու խոստացել էիր, որ միշտ մեզ հետ կլինես, կօգնես մեզ, կհսկես… Դու ասում էիր, որ պապան էլ չի խմի, ասում էիր մենք լավ ընտանիք կդառնանք… Մա՛մ, ո՞ւր ես, ես վախենում եմ… Այս աշխարհն այնքա՜ն մեծ է մեզ համար, մարդիկ՝ այնքա՜ն օտար… Գիտե՞ս, մամ, երբ դու մեզ հետ էիր, պապան էլ լավ աշխատանքի էր, բոլորը հարգում էին մեզ, փողոցով անցնելիս բարևում… Քո գնալուց հետո ամեն ինչ փոխվեց: Պապային հեռացրին գործից, իսկ մեզ էլ հաշվի էլ չեն առնում: Եթե դու կենդանի լինեիր, մենք հիմա այստեղ չէինք լինի… Ո՞ւր ես, մամ, արի, բռնի՜ր ձեռքս, ես վախենում եմ…մա՜մ…»:

- Արա՛մ, լա՞ց ես լինում:
- Չէ, դմբո, աչքս փոշի ընկավ… գլուխը թեքելով պատասխանեց Արամը, հետո գրկեց քրոջը, - փակիր աչքերդ ու փորձիր քնել, վաղը մի բան կանենք…
Փորձում էր տաքացնել քրոջ սառած մատները, ու ինքն էլ երազում մի բաժակ տաք թեյի մասին…

Քաղաքն ընկղմվեց խավարի ու լռության մեջ: Մեքենաները սլանում էին փողոցում, լուսամփոփները նույն հաջորդականությամբ ու առանց մոռանալու թարթում լույսերը, այգով երբեմն մարդիկ էին անցնում, ովքեր բոլորն էլ, անկախ եղանակից ու ժամանակից, միշտ շտապում էին… ոմանք նայում էին երեխաների կողմը, գլուխները տարուբերում, մյուսները չէին էլ նկատում… Քաղաքում ոչինչ չէր փոխվել, արտառոց որևէ բան տեղի չէր ունեցել, ամեն բան նույնն էր… Պարզապես երկու փոքրիկ բախվել էին պատնեշի, երկու փոքրիկ, միմյանց գրկած, մնացել էին միայնակ…  Ո՞ւմ մեղավորությունն էր. հարբեցող հո՞ր, կյանքից շուտ հեռացած մո՞ր, թե՞ անտարբեր հասարակության … պարզապես կյանքում ամեն ինչ չի, որ ընթանում է այնպես, ինչպես «պետք է»…

Հաճելի էր առավոտյան արևը, տաքացնող, դուրեկան, խոստումնալից… Աղջիկը բացեց աչքերը: Մի պահ չհասկացավ, թե ինչ է կատարվում, որտեղ է ինքը, հետո հիշեց ամեն բան ու տխրեց…Կողքին բուլկի էր դրված ու հյութ: «Ապրե՜ս, Արա՜մ, առավոտ շուտ որտեղից է տեսնես ուտելիք ճարել, ախր նա փող էլ չուներ»: Բայց Արամը քնած էր… զարմանալի է, նկատեց, որ իրենց վրա ինչ-որ վերարկու է գցված: Նայեց շուրջը. կողքի նստարանին մի ծեր կին էր նստած: Երբ տեսավ, որ աղջիկն արթնացել է, մոտեցավ նրան.

- Բարի լույս, անուշիկ: Անունս Մարիամ է: Առավոտյան դուրս էի եկել քայլելու, ու ձեզ տեսա այստեղ: Ի՞նչ է պատահել, որտե՞ղ են ձեր ծնողները:
- Դե… մենք… մեր ծնողները… պապան…, - աչքերը լցվեցին. ինչպե՞ս բացատրի, թե ինչու են հայտնվել փողոցում, ինչու հիմա տանը չեն՝ իրենց փափուկ անկողնում:
- Լավ, կներես, միանգամից սկսեցի հարցաքննել քեզ, վերցրու այս բուլկին կեր, հյութը խմիր:

Իսկ Արամը քնած էր: Դե ինչպես հանգիստ չքներ, երբ ամբողջ գիշեր աչք չէր փակել. վախենում էր թե իր, թե քրոջ համար, ուստի ողջ գիշեր քնի, ցրտի ու հոգնածության դեմ պայքարելով՝ ոչ մի վայրկյան աչք չէր փակել… Բայց առավոտյան կողմ էլ չդիմացավ… ինքն էլ չէր հասկացել, թե ինչպես էին աչքերը փակվել ու քնել էր:

Աղջիկը պատմեց ծեր կնոջն այն ամենը, ինչ կատարվել էր երեկ երեկոյան: Կինը լսում էր ու արտասվում… այս փոքրիկ երեխաներն ինչերի՜ միջով էին ստիպված եղել անցնել… ու ի՞նչ պիտի հիշեն նրանք իրենց մանկությունից, ինչ պիտի պատմեն իրենց երեխաներին ու թոռներին: Երբ աղջիկը վերջացրեց, նա ամուր գրկեց աղջկան: Որքա՜ն հաճելի էր… վաղուց նա ծնողական սեր ու քնքշանք չէր զգացել, որքա՜ն էր կարոտել… 

Ծեր կինը նրանց իր տուն տարավ, կերակուր պատրաստեց նրանց համար:
Ես միայնակ եմ ապրում, պատկերացնո՞ւմ եք՝ այս մեծ տան մեջ՝ միայնակ:
Դեռ խոսքը չէր ավարտել, երբ դուռը թակեցին: Ոստիկաններ էին: Թե ինչպես էին պարզել նրանց գտնվելու վայրը, ոչ ոք չհասկացավ: Նրանք տուն մտան ու հայտարարեցին, որ երեխաներին պետք է տանեն իրենց հետ:
Ո՞ւր եք տանում, նրանք խեղճ երեխաներ են, թողեք մնան մի փոքր ինձ մոտ, հետո ես ինքս կտանեմ նրանց տուն:
Տատի՛կ, այս խեղճ երեխան սպանել է սեփական հորը, այնպես որ խորհուրդ եմ տալիս՝ դուք էլ զգույշ լինեք:

Քույր ու եղբայր քարացան մի պահ. սպանե՞լ, հո՞րը, չէ՜, նրանք լավ հիշում էին, որ երբ փախչում էին տանից, իրենց հայրը բազմոցին նստած հերթական բաժակն էր դատարկում:

- Արա՜մ, բռնիր ձեռքս, ես վախենում եմ:
Կմնաս տատիկի մոտ ու տեղ չգնաս, ես կգամ քո ետևից,- շշնջաց Արամը քրոջ ականջին ու անսպասելիորեն դուրս վազեց:
Բռնիր դրան, չթողնես փախչի,կանգնի՛ր, - լսեց ոստիկանների բղավոցները, բայց առանց ուշադրություն դաձնելու վազեց դեպի տուն:
Շնչակտուր հասավ տուն ու սառած կանգ առավ. տան բակում մարդիկ էն հավաքված, ոստիկաններ, զրուցում էին, ինչ-որ բաներ գրում, նկարում…

Որքան էլ հայրը դաժան գտնված լիներ, որքան էլ ցավեցրած լիներ իրենց, միևնույն է, նրանց հայրն էր, ու Արամն այդ պահին ուժգին կարոտ զգաց… մորն արդեն կորցրել էր, մնացել էին քույրը և հայրը… իսկ եթե հորն էլ կորցներ…

Տեսավ գետնին ինչ-որ սպիտակ կտոր է գցած: Հասկացավ. ինչ-որ մեկի մարմինն են ծածկել: Արցունքները խեղդում էին: Ոստիկանները հասան ու ձեռնաշղթաներ հագցրին:
- Թույլ տվեք մոտենամ նրան:
Ոստիկանները նրան ուղեկցեցին գետնին ընկած տղամարդու մոտ, բացեցին դեմքը.
- Պա՜պ, չէ՜, պա՜պ…
Ամեն բան մի ակնթարթում սևացավ, գունազրկվեց, կորցրեց իր իմաստը… աշխարհը փոքրացավ ու դարձավ սպիտակ մի ծածկոց …

Ընկել էր հոր դեմքին ու արտասվում էր… տարիներ շարունակ նա կարոտ էր եղել հորը գրկելուն, նրանից մի լավ խոսք լսելու, իսկ հիմա… փաթաթվել էր նրան և ուզում էր սառած մարմնից զգալ այն ջերմությունը, որի կարիքն ուներ այնքա՜ն երկար ժամանակ:
Հորը շուտով տարան, իսկ տղային տարան ոստիկանական բաժին: Ոչ ոք ոչինչ չէր հարցնում, ոչինչ չէին խոսում… Արամն անընդհատ լացում էր ու ձեռքը բռունցք արած կրկնում. «Պա՜պ, ինչի՜…»:

Ոստիկանությունում երկար չմնաց: Հոր ընկերներից մեկը, որ ներկաների մեջ էր, տեսել էր Արամի ապրումները, տեսել էր, թե ինչպես ձեռնաշղթաներ հագցրին նրան, տեսել էր, թե ինչպես է լացում… ու եկել էր ոստիկանություն՝ խոստովանելու, որ ինքն է սպանության հեղինակը: Երբ Արամն ու քույրը փախել էին տանից, նա հայհոյել էր, որն էլ դուր չէր եկել երեխաների հորը, հայրը երեխաներին պաշտպանելու համար սկսվել էր վիճել, կռվել, որն էլ ավարտվել էր դանակահարությամբ: Ուշացա՜ծ պաշտպանություն…

Միջանցքում Արամը հանդիպեց հարևանին: Զայրույթից ու բարկությունից հազիվ էր իրեն զսպում, ա՜խ, երանի թե հնարավորություն լիներ՝ հենց էդտեղ հարցերը լուծեր…
Կներես, Արամ, ինչ էլ ասեմ, գիտեմ, էլ ոչինչ հետ չեմ բերի, բայց կներես… ես չէի ուզում, խմած էի, ոչինչ չէի հասկանում… Բայց պիտի տեսնեիր, թե ո՜նց էր ձեզ պաշտպանում… կներես…

Արամին ու քրոջը տարան մանկատուն: Նրանց հաճախ այցելում էր այն ծեր կինը, երբեմն տանում էր նրանց իր տուն, զբոսնում էին միասին, զրուցում…

Շուտով նրանք հարմարվեցին նոր կյանքին, նոր միջավայրին, միջավայր, որտեղ այլևս խմող ու հարբեցող մարդիկ չէին, այլ երեխաներ, որոնցից շատերը, ցավոք,  հենց այդ խմող ու հարբեցող ընտանիքների արդյունքում էին հայտնվել այնտեղ…

Քաղաքն ընկղմվեց խավարի ու լռության մեջ: Մեքենաները սլանում էին փողոցում, լուսամփոփները նույն հաջորդականությամբ ու առանց մոռանալու թարթում լույսերը… Ոմանք լսեցին երեխաների պատմությունը, ոմանք կարդացին թերթերում ու համացանցում, տարուբերեցին գլուխները, ասացին՝ Էս ո՞ւր ենք հասել,  ու անցան մյուս լուրերն ընթերցելուն…  Քաղաքում ոչինչ չէր փոխվել, արտառոց որևէ բան տեղի չէր ունեցել, ամեն բան նույնն էր… Պարզապես երկու փոքրիկ բախվել էին պատնեշի, երկու փոքրիկ, միմյանց գրկած, մնացել էին միայնակ…  Ո՞ւմ մեղավորությունն էր. հարբեցող հո՞ր, կյանքից շուտ հեռացած մո՞ր, թե՞ անտարբեր հասարակության … պարզապես կյանքում ամեն ինչ չի, որ ընթանում է այնպես, ինչպես «պետք է»…