Արդարացված անտարբերություն

  Նստելու տեղ այլևս չկար, իսկ դաստիարակությունս թույլ չէր տալիս որ շարունակեի նստած մնալ, երբ  կողքիս որևէ աղջիկ է կանգնած, ուստի առանց երկմտելու վեր կացա ու տեղս զիջեցի նրան:
   - Մերսի,- ժպիտով պատասխանեց ու հայացքը փախցնելով՝ նստեց:
   Ժպտաց, բայց մի ակնթարթն էլ բավական էր, որ տեսնեի, թե որքան արհեստական էր ժպիտը… Ավտոբուսը շարժվեց ու ամեն մեկը շարունակեց զբաղվել իր հեռախոսով կամ էլ լսելով ավտոբուսում հնչող ռադիոյի ձանձրացնող երաժշտությունը:
   Մի քանի րոպե անց հայացքս ուղղեցի դեպի ավտոբուսի վերջին նստարանը, ուր քիչ առաջ ես էի նստած: Նայեցի ու նույն պահին նկատեցի, թե ինչպես արցունքի մի կաթիլ ընկավ նրա աչքերիցՆայում էր պատուհանից դուրս, ու զգացվում էր, որ ներսից ինչ-որ բան կրծում է սիրտը: Որքան էլ փորձում էր զսպել իրեն, որքան էլ փորձում էր թաքցնել, միևնույնն է, դավաճան արցունքները ժամանակ առ ժամանակ ընկնում էին աչքերից, բախվում այտերին ու ջարդուփշուր լինելով անհետանում
   Դեռատի օրիորդ էր, հազիվ 17-18 տարեկան, բայց…  Կանգնածս տեղը անհարմար էր. ոչ կարող էի մոտենալ, ոչ էլ ինչ-որ բան ասել, թեև այդ պահին ամենաշատը կուզենայի մոտենալ, ձեռքս դնել ուսին ու ասել՝ «Ամեն ինչ լավ է լինելու…
   Լսի՜ր, որքան էլ փորձես թաքցնել հայացքդ, միևնույնն է՝ արցունքներդ մատնում են, խոսում են այն մասին, որ սրտումդ հեղեղ է, վշտի, ափսոսանքի, զղջումի ու ցավի… Լացիր, եթե դա կօգնի, եթե դա կհանգստացնի, բայց հիշիր, որ արտասուքիդ ամեն մի կաթիլը շատ թանկ է քեզ սիրող Աստծո համար, քեզ սիրող մարդկանց համար, ու շատ կարևոր է, որ կյանքի ինչ փուլում էլ լինես, ինչ իրավիճակի մեջ էլ հայտնված լինես, չկորցնես քեզ: Ուժեղ եղիր ու հիշիր, որ կանցնի նաև այդ խնդիրը, կանցնի նաև այդ դժվարությունը, որ կգա լուսաբաց ու դեռ կշողա արևը... միայն թե, խնդրում եմ, խնայի՜ր արցունքներդ... Ուժ հավաքիր ու շարունակիր ապրել… »:
 Իջա ու հեռացող ավտոբուսի հետևից տեսա, թե ինչպես էր սրբում արցունքի հերթական կաթիլը:

  Գիտե՞ք ինչն էր սարսափելի... ավտոբուսում տիրող համատարած անտարբերությունը… 
Իսկ ե՞ս, չէ՞ որ ես էլ ոչինչ չարեցի, խոսքերն ընդամենը մնացին իմ ներսում, ձեռքս էլ այդպես էլ ուսին չդրեցի… ուզում էի, բայց չէի կարող, բացի այն, որ տեղս անհարմար էր, միգուցե արարքս էլ սխալ հասկացվեր… 
 Իջել էի ավտոբուսից, մտածում էի ու փորձում արդարացնել սեփական անտարբերությունս…  Չէ՜, չի՛ արդարացնում… անգամ եթե անտարբերությունն արդարացված է… Կներես, որ այդպես էլ ոչինչ չասացի...