Մանկատան վերջին այցելուն (պատմվածք)


Դուռը բացվեց ու ներս մտավ մի զույգ՝ բավականին լավ հագնված, ժպիտը դեմքին:
 Երեխաներ, մենք հյուրեր ունենք,- լսվեց դաստիարակի ձայնը:
Ամուսինները սկսեցին հայացքով զննել երեխաներին, ժպտալ նրանց, զրուցել... մոտենում էին, հարցնում երեխաների անունը, տարիքը: Երեխաները լա՜վ գիտեին՝ ինչ է դա նշանակում. հյուրերը երեխա էին ընտրում, որոշում էին, թե ում են տանելու:
Ու այդ պահին տասնյակ կարոտով լցված աչքեր նայում էին նրանց, ժպտում... կարծես ուզում էին ապացուցել, որ իրենք լավագույնն են... Իսկ երբ նրանց ձեռքը սկսում էր շոյել իրենց գլուխը... որքա՜ն էին սպասել այդ օրվան, որքա՜ն էին սպասել, որ վերջապես ինչ-որ մեկը կմեկնի ձեռքը... Ու հենց այդ վայրկյանին որքա՜ն հույսեր ու երազանքներ էին ծնվում ու արագ ջարդուփշուր լինում, երբ ձեռքը վերցնում էր գլխի վրայից ու մոտենում մյուսին:

Հետաքրքիր է՝ մանկատունը գեղեցիկ էր, պատերը՝ նկարազարդ, սնունդը՝ համեղ, դաստիարակները՝ բարի ու ժպտերես, խաղալի՞ք՝ որքա՜ն ուզես... Բայց բոլորն ուզում էին դուրս պրծնել, հատկապես նրանք, ովքեր արդեն գիտակցում էին, թե ինչու են այդտեղ, ովքեր երբեմն փոքր-ինչ սկսում էին մտածել իրենց կյանքի մասին, իրենց ապագայի, հասկանում էին, որ եթե իրենք «չընտրվեն», շուտով այդ գեղեցիկ պատերը կփոխարինվեն սառը ու անշուք փողոցներով...

Նա էլ մյուսների պես ուզում էր տուն գտնել, ընտանիք, բայց այնքա՜ն հիասթափություն էր ապրել այս տարիներին, որ անգամ տեղից վեր չկացավ:  Հեռվում նստած նկարում էր ու աչքի պոչով հետևում սենյակի իրադարձություններին, երբ հանկարծ իր գլխավերևում լսեց կնոջ ձայնը:
Տղա՛ս, ի՞նչ է անունդ, քանի՞ տարեկան ես:
Գլուխը բարձրացրեց ու նայեց կնոջը: Գեղեցիկ կին էր՝ բարի ու ժպտացող աչքերով: Նայեց ու դարձյալ գլուխը խոնարհեցրեց՝ առանց պատասխանելու:
Չե՞ս ուզում հետս խոսել: Այդ ի՞նչ ես նկարում:
Այդ պահին մոտեցավ դաստիարակն ու շշնջաց կնոջ ականջին. «Նա համր է, ձեզ լսում է, սակայն խոսել չի կարող: Եկած օրվանից այդպես է, ասում են՝ գողություն անելիս բռնել են, իսկ նա վախից կորցրել է խոսելու ունակությունը»:
Կինը կարեկցանքով նայեց տղային, շոյեց գլուխն ու հեռացավ...

Մենք միշտ լավագույնն ենք ուզում, չէ՞: Ամուսինները, որ գնում է մանկատուն՝ երեխա ընտրելու, ուզում են ընտրել լավագույնին, գեղեցիկին, խելացիին... Իսկ նրանք, ովքեր կատարյալ չեն, ովքեր խնդիրներ ունեն, բախվում են մարդկային կարեկցանքի սառը պատին ու ուրիշ ոչինչ... Նա չէր մեղադրում կնոջը. Հասկանում էր, բայց... բայց նաև գիտակցում էր, որ հասարակության համար ինքն ընդամենը կարեկցանք ու գութ առաջացնելու համար է...
Արցունքի կաթիլներ հայտնվեցին աչքերին, ու այս անգամ չկարողացավ զսպել արցունքները: Դեմքը թեքեց պատի կողմ ու կսեց արտասվել...

Ի՜նչ ծանր զգացում է, երբ շուրջդ գտնվում են մարդիկ, բայց դու քեզ միայնակ ես զգում... Երբ քեզ համար հոգ են տանում, քեզ ժպտում են, անգամ`խնամում, բայց չէ՜, քեզ ուրիշ բան է պետք... Ու այդ պահին մի միտք է գալիս`Երանի՜ մորս հետ լինեի ու թեկուզ քաղցած, թեկուզ մերկ, թեկուզ բոլորի կողմից արհամարհված...
Գլուխը պատին հենած՝ նա հիշեց անցյալը, հիշեց, թե ինչպես էր հայտնվել այս պատերից ներս, հիշեց ու աչքի առաջ ուրվագծվեց հիվանդ մոր կերպարը...
 Մի քանի տարի առաջ էր, երբ մայրը ծանր հիվանդացավ: Հայրը մահացել էր, իսկ մոր դեղերի համար գումար չկար:

Այդ գիշեր նա անընդհատ լսում էր մոր տառապալից ձայնը. տանջվում էր ցավից, և միայն առավոտյան կողմ կարծես քնեց: Տղան գիտեր, թե որտեղ է դրել մայրը դեղատոմսը: Նա ոտնաթաթերի վրա դուրս եկավ սենյակից, գտավ դեղատոմսն ու զզգույշ դուրս եկավ տանից: Գնաց մի քանի թաղամաս այն կողմ գտնվող դեղատուն, տվեց դեղատոմսը վաճառողին ու արագ վերցնելով դեղերը՝ քանի դեռ վաճառողը սպասում էր գումարին, դուրս փախավ դեղատնից:
- Բռնե՛ք էտ լակոտին, նա գողացավ դեղերս, - գոռում էր վաճառողն ու վազում փողոցով...
Տղան վազում էր ամբողջ ուժով. հասկանում էր, որ սխալ է անում, բայց ուրիշ ելք չուներ, դիմել էին հարևաններին, բարեկամներին, սակայն ոչ ոք այլևս գումար չէր տալիս նրանց, որովհետև վստահ չէին, որ երբևէ կկարողանան վերադարձնել:
Վազում էր, երբ հանկարծ մեկն ուժով բռնեց նրան: Վախենում էր աչքերը վերև բարձրացնել, սակայն համազգեստից հասկացավ, որ ոստիկան է: Դեղատան վաճառողը հևիհև հասավ նրան ու մի շառաչուն ապտակով փորձեց հագուրդ տալ կատաղությանը: Կուզեր ավելին, բայց ոստիկանը թույլ չտվեց:
- Հիմա՛ր երեխա, երևի ուզում էիր վաճառես ու հարբես չէ՞, կամ էլ զվարճանաս ընկերներիդ հետ, թե՞ ծխախոտիդ գումարն էր վերջացել, գոնե ծնողներիդ խղճա:
Մի քանի հոգի էին հավաքվել դեպքի վայրում, և բոլորն էլ գլուխները տարուբերում էին ու կշտամբական հայացքով նայում էին երեխայի կողմը: Նրանց հայացքները մեղադրում էին, դատապարտում, մի քանիսի հայացքում զզվանք կար, զզվանք, որով հասարակությունը դատապարտում էր մեղավորին…

Գիտե՞ս, այնքա՜ն հեշտ է մեղադրել դիմացինին, մեղադրել՝ առանց իմանալու նրա իրավիճակը, առանց իմանալու նրա ապրած կյանքը, նրա անցած ճանապարհը:
Ի՞նչ ենք անում մենք՝ մարդիկս, մեղադրում ենք, դատապարտում, քարկոծում, ու արդյունքում՝ մեզ հանդիպած իրավիճակներում միշտ մեղավոր է դիմացինը: Ու հատկապես այն ժամանակ, երբ դիմացինը ինչ-որ սխալ արարք է գործել, անմիջապես հագնում ենք դատավորի հագուստը, ձեռքներս վերցնում մուրճն ու խփելով սեղանին՝ հայտարարում դատավճիռը՝ ՄԵՂԱՎՈՐ Է…
Ու մյուսները շտապում են հավաքվել դեպքի վայրում՝ քարերը ձեռքին՝ պատրաստ քարկոծելու ու վերացնելու մեղքը՝մոռանալով հայտնի խոսքերը՝ «Ով մեղավոր է, թող նա առաջինը քար նետի»:
Չէ՜, այդ պահին մենք փորձում ենք չլսել սեփական խղճի ձայնը և հնարավորինս բարձր բացականչում ենք՝ ՄԵՂԱՎՈՐ Է, և այդ ձայնի ներքո էլ խլացնում սեփական մեղքերի աղմուկ-աղաղակը:
Եվ գուցե դա է պատճառը, որ այսօր շատացել են գողերն ու հանցագործները, մարմնավաճառներն ու թմրամոլները… Չէ՞ որ նրանք բոլորն էլ անմեղ մանուկներ էին, ե՞րբ և ինչպե՞ս փոխվեցին… Պարզապես ինչ-որ մի օր օգնելու, ձեռք մեկնելու փոխարեն մենք մատնացույց արեցինք ու հայտարարեցինք՝ ՄԵՂԱՎՈՐ Է, հայտարարեցինք ու փակեցինք մեր դռները՝ թողնելով նրան մենակ… Հայտարարեցինք ու քարերի մի մասը նետեցինք նրա կողմը, մյուսով էլ սկսեցինք պատեր կառուցել… Կարծես թե մենք սուրբ էինք…

Տղային մանկատուն տարան, քանի որ հիվանդ մայրը ի վիճակի չէր խնամելու նրան, և արդեն մի քանի տարի է՝ ոչ մի լուր չուներ մորից, արդեն մի քանի տարի է՝ արցունքն աչքերին նայում էր դռան կողմը, բայց սրտի խորքում արդեն քիչ-քիչ համակերպվում էր,  որ մայրը գուցե այլևս չկա…

Այդ օրն առանձնակի տխուր էր: Արդեն երկու զույգ եկել էին ու ընտրել իրենց համար երեխա: Իհարկե, ուրախ էր ընկերների համար, բայց տխուր էր, որովհետև հասկանում էր, որ ինքն արդեն մեծացել է, հասկանում էր, որ ինքն այլևս ոչ ոքի պետք չէ… Նայում էր մանկատան դռանը կարոտով ու մի փոքրիկ երազանք էր ծնվում սրտում, բայց և արագ փոշիացնում էր այն, որ սին պատրանքներով չապրի:
«Չէ՜, մանկատան վերջին այցելուն էլ գնաց, ու ես էլի մնացի մենակ… Մա՜մ, կարոտել եմ քեզ, չգիտեմ, երբ կտեսնեմ քեզ, կտեսնեմ քեզ ընդհանրապես, թե չէ, բայց կարոտել եմ, կարոտել եմ մեր տան չորացած հացին, կարոտել եմ անգամ էն սոված օրերին, երբ գլուխս դնում էի ծնկիդ ու քնում, իսկ դու լալիս էիր… թաքցնում էիր դեմքդ, որ չտեսնեմ, բայց դե հո երեխա չէի, ամեն ինչ տեսնում էի, ամեն ինչ հասկանում… Մա՜մ, եթե մեր հարևաններն ու բարեկամներն օգնեին մեզ, պապան չէր մահանա, եթե գտնվեին մի քանի բարի մարդիկ, դու չէիր հիվանդանա, ես էստեղ չէի հայտնվի… ախր ինչո՞ւ են բոլորն այդքա՜ն անտարբեր, ինչո՞ւ նրանց չի հետաքրքրում իրենց կողքի հիվանդը, տկարը, միայնակը… Ինչո՞ւ են բոլորը միայն սեփական հարմարավետության մասին մտածում: Իսկ դո՞ւք, դուք ինձ ուրիշ բան էիք սովորեցնում. հասնել, օգնել կարիքավորին, կիսվել վերջին կտոր հացով, մուրացկանին ոչ թե վիրավորել ու արհամարհել, այլ օգնել, մի քնքուշ խոսք ասել… Ախր դա այնքա՜ն հեշտ է… Բայց չէ՜, մարդկանց համար մուրացկանը խաբեբա է, ում չեն ուզում մի քանի կոպեկ տալ, մինչդեռ սեփական հիմար նախասիրությունների վրա ծախսում են հազարներ: Ո՞ւր է Աստված, մա՛մ, Որի մասին ինձ այդքա՜ն պատմում էիք, ինչո՞ւ նա մոռացավ մեզ…»:

Ինքն էլ չնկատեց, թե ինչպես քնեց հենց այդտեղ՝ գետնին, գլուխը պատին հենած, արցունքներն այտերին չորացած:
Երազում մորը տեսավ: Այդքան տարիների ընթացքում դեռ նման դեպք չէր եղել, որ մորը տեսներ երազում: Շա՜տ էր ցանկացել, բայց երբեք նման երազ չէր տեսել: Իսկ այսօր ամեն բան կարծես մի փոքր այլ էր: Երազում նա գրկել էր մորն ու չէր ուզում բաց թողնել: Այնքա՜ն էր կարոտել, այնքա՜ն էր սպասել… երազում մայրը չէր փոխվել, աչքերը, ձեռքերը… Գրկել էր մորն ու համբուրում էր ձեռքերը, երբ մանկատան աշխատակիցներն արթնացրին նրան:
Շա՜տ բարկացավ, նեղվեց… ախր այնքա՜ն հաճելի էր… կատաղած նայեց դաստիարակին ու ցանկանում էր գնալ սենյակը, երբ մուտքի մոտ տեսավ մի ծեր կնոջ:
Գրպանում հիսուն դրամանոց ուներ. մեկնեց աշխատողին և գլխով հասկացրեց, որ տան այդ կնոջը: Աշխատակիցը գնաց ծեր կնոջ մոտ, մեկնեց գումարը, ինչ-որ բան ասաց ու ձեռքով ցույց տվեց տղային:

Նրանց հայացքները հանդիպեցին, մի պահ քար լռություն տիրեց սենյակում… Կնոջ աչքերում արցունքի կաթիլներ երևացին,  ու վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ լսվեց տղայի ձայնը.
- Մա՜մ… մա՜մ, դու եկա՜ր…
Հուզիչ տեսարան էր. նրան գրկել էին միմյանց ու կարծես չէին հավատում սեփական աչքերին, չէին հավատում սեփական զգացողություններին, չէին հավատում, որ վերջապես գտել են միմյանց: Տղային այլևս ոչինչ պետք չէր, նա աշխարհի ամենահարուստ ու ամենաերջանիկ մարդն էր…
- Արդեն ամեն ինչ այլ կլինի, մա՜մ, այ կտեսնես…

Արմեն Նիազյան