Մենք պաշտում էինք «ուրիշ Աստծո»

Որքան էլ ցավալի է, հայ ժողովրդի պատմությունը լի է պայքարով: Պայքար, որ արյունով է ողողել մեր պատմության էջերը: Չգիտեմ՝ այդ պայքարի ու արյան շնորհիվ է, թե՞ դիմանալու, տոկալու և համբերելու արդյունքն է, որ չնայած ամեն փորձություններին՝ հայ ազգը մինչ օրս շարունակում է գոյություն ունենալ:
Շարունակում է ապրել ու ապացուցել աշխարհին, որ հայ մարդն ունի կամք, ունի պայքարելու ու չհանձնվելու եռանդ:
Շուրջ մեկ դար առաջ ևս հայ մարդու գլխին մի վտանգ էր ծառացել… նրան ուզում էին ոչնչացնել… նրան ուզում էին ջնջել պատմությունից… Ազգ, որ ժամանակին ձգվել էր ծովից ծով, որ վճռականություն էր ունեցել առաջինն աշխարհում ընդունելու քրիստոնեությունը, ազգ, որ տեսել էր «Ավարայր», որ դարերի ընթացքում մասնատվել էր ու բաժանվել այս ու այն պետության միջև, այս ազգին ուզում էին ջնջել…
Հղացել էր ծրագիր… ոչնչացնել հայ քրիստոնյային, բոլորին՝ անխտիր… ինչո՞ւ… Որովհետև նրանք հայ էին, խոսում էին հայերեն, որովհետև նրանք քրիստոնյա էին, պաշտում էին ՈՒՐԻՇ Աստծո:
Թեև 1915 թվականը մնացել է անցյալում, սակայն այն վերքերը, սպիները չեն շտապում լավանալ, ու կարծում եմ, դժվար էլ երբևէ անհետ կորչեն, քանի որ այն, ինչ զգացել են մեր պապերը, մնացել է մեր արյան մեջ… Դաժան կոտորած, որի արդյունքում զոհ գնաց մեկ ու կես միլիոն մարդ, կոտորած, որ հիմք դրեց հայկական սփյուռքին, որ ստիպեց հային դառնալ գաղթական ու փախստական, որ ստիպեց հային կա՛մ մեռնել, կա՛մ հրաժարվել հայ լինելուց:
Իհա՛րկե, ցեղասպանության ցավը շատ մեծ էր և պետք է խորին հարգանք մատուցել ու հիշել այն բոլորին՝ կին ու տղամարդ, մանուկ ու ծեր, որ այդ օրերին զոհ գնացին երիտթուրքյան դաշույնին:
Ինչո՞ւ նրանք որոշեցին հայաթափել իրենց տարածքները: Կարծում եմ՝ պատասխանը մեկն է. որովհետև մենք քրիստոնյա էինք: Ոչ թե հայ էինք, այլ որովհետև քրիստոնյա էինք…
Պատմությունից տեղեկանում ենք, որ այդ շրջանում գտնվեցին նաև մարդիկ, ովքեր ուրացան իրենց կրոնը և փրկվեցին կոտորածից: Եվ քանի որ երիտթուրքերի մտադրությունն էր տեսնել միայն մահմեդականներով բնակեցված հողեր, ուստի այդ տարբերակը ինչ-որ տեղ նրանց ձեռնտու էր… հայերը սպանվեցին, քանի որ չցանկացան ուրանալ իրենց կրոնը, հետևաբար նաև իրենց ազգությունը, լեզուն ու մշակույթը:
Ինչո՞ւ եղավ Ավարայրի ճակատամարտը: Պատասխանը նույնն է. հայերը չցանկացան ուրանալ իրենց կրոնն ու ընդունել կրակապաշտությունը:
Ստացվում է՝ մեր պատմության պատերազմների գերակշիռ մասը եղել է միայն այն պատճառով, որ մենք քրիստոնյա ենք, որ մենք պաշտում ենք ՈՒՐԻՇ Աստծո:
Սիրելի՛ քրիստոնյա, մեր պապերն իրենց արյունն են տվել՝ պահելու քրիստոնեությունն ու քրիստոնեական արժեքները: Ի՞նչ ենք անում մենք այսօր: Արդյոք ապրո՞ւմ ենք այնպես, որպեսզի պահենք այդ նույն արժեքները, որոնց համար մեր պապերն իրենց կյանքն են տվել: Մեզնից քչերը երևի թե իմանան Տերունական աղոթքն անգիր կամ 10 պատվիրանները, էլ չեմ խոսում Աստվածաշունչ կարդալու մասին:
Սիրելի՛ քրիստոնյա, այսօր, երբ բոլորս սգում ենք անմեղ զոհերի հիշատակը, ուզում եմ կոչ անել քեզ. պահի՛ր քո հայրերի ուսմունքը. այն ավելին էր, քան կրոնը, այն ավելին էր, քան ծեսերն ու լոկ սովորությունները…
Վերցրո՛ւ Աստվածաշունչն ու սկսիր կարդալ. քեզ հետաքրքիր չէ՞, թե հանուն ինչի են նրանք պատրաստ եղել մեռնելու: