Տարօրինակ է զգացումը այդ դավաճանության


Տարօրինակ է զգացումը այդ դավաճանության,
Երբ մի վայրկյանում ի չիք է դառնում կարծես ամեն բան,
Երբ որ աշխարհն է գունատվում հանկարծ,
Ամպը մթագնում, արևը դառնում լոկ շրջան անկայծ:

Երբ մի վայրկյանում կորցնում ես դու թե հույս, թե հավատ,
Երբ ակնթարթը տարի է դառնում, ու քեզ դարձնում մեկը հուսահատ,
Երբ օգնություն ես փորձում աղերսել, բայց ում, որտեղից
Չէ որ այն մեկը ով պիտի լիներ կողքիդ այդ պահին, հեռացավ անհայտ:

Մեկ ակնթարթում տարիներ տևած ընկերությունը հանկարծ վերացավ
Մեկ ակնթարթում քեզ շրջապատող այն մեծ աշխարհը լուռ անէացավ
Ու հանկարծ դու, որ մեկն էիր կարևոր, հարազատ,  ընկեր,
Դարձար անպիտան, անարժեք, անտեր…

Չէ, մարդիկ, պետք չի, մի դավաճանեք, ընկերությունը սրբությամբ պահեք,
Աստվածաշունչն է անգամ պատվիրում, որ ընկերներիդ անձիդ պես սիրեք,
Եղեք միշտ վստահ, լեցուն հավատով, սիրով, հարգանքով,
Չէ որ այս կյանքում առանց ընկերոջ տկար ենք, անզոր:

Տարօրինակ է զգացումը այդ դավաճանության,
Երբ մի վայրկյանում ի չիք է դառնում կարծես ամեն բան,
Երբ նա համբույրով գրկախառնվում ու թիկունքից է թաքուն հարվածում,
Ու վերքը խորն է, ցավը՝ ահարկու, կյանքը՝ վտանգված…
Տարօրինակ է ու շատ ցավալի, երբ որ տեսնում ես քեզ դավաճանված…

04.2012