Նման բան դեռ չէր եղել (պատմվածք)


Զանգը ղողանջեց… մեկ, երկու... Գյուղի քահանան սովորություն ուներ ամեն անգամ 3 անգամ եկեղեցու զանգերը հնչեցնելու՝ ի նշան այն բանի, որ պատարագը շուտով կսկսվի… Գյուղացի մարդիկ էին, ամեն մեկն իր բան ու գործին, ու երբ լսում էին զանգերը, եթե չէին էլ կարողանում եկեղեցի գնալ, ամեն մեկն իր աղոթքն էր անում, փառք տալիս Աստծուն ու շարունակում իր գործը…

Երկու անգամ հնչեց զանգը, բայց երրորդն ուշանում էր… Նման բան դեռ չէր եղել… Մի քանի վայրկյանանոց լռությունն անհանգստացրեց փոքրիկ գյուղի բնակիչներին: Բոլորն իրենց գլուխը բարձրացրին ու նայեցին եկեղեցու կողմը… Ի՞նչ պատահեց...

Եվս մեկ վայրկյան ու հանկարծ սկսեցին բարձր ու խառնիխուռն աղաղակել զանգերը… Կարծես մի չարաճճի երեխա էր մտել սրբարան ու խաղ էր անում դարեր շարունակ իրենց պարտքը հնազանդորեն կատարած զանգերի հետ… Մարդիկ անհանգստացան. նման բան դեռ չէր եղել…

Եվս մեկ ուժգին զանգ հնչեց ու եկեղեցու դռների մոտ հայտնվեց Տեր Հայրը. մի ձեռքը տարել էր սրտին, մյուսով Ավետարանն էր պարզել, մազերը գզգզված էին, աչքերում՝ տագնապ…  Մարդիկ անհանգստացած սկսեցին քայլել դեպի եկեղեցին: Ինչի՞ համար էին այս զանգերը, ինչո՞ւ է Ավետարանն օդ պարզել, ինչո՞ւ չի խոսում քահանան…

Քահանան նայեց մարդկանց, նայեց իր շուրջը, հետո աչքերը հառեց երկնքին… Կռի՞վ էր տալիս մտքի մեջ Աստծո հետ, թե՞ ցանկանում էր հնարավորինս վայելել արարչագործությունը, կյանքը…  Հետո մեկ անգամ էլ նայեց մարդկանց… տարիներ շարունակ հովվություն էր արել, հոգ էր տարել, ներկա էր եղել տխուր և ուրախ պահերին, բոլորին քաջալերել ու բարձրացրել էր, անգամ տեղի թուրք զինվորականների հետ էր շատ անգամներ խոսել արդարությունից, սիրուց, Քրիստոսից …  Բայց այժմ կարծես այլևս ի վիճակի չէր… Զգաց, որ ժողովուրդը վտանգի մեջ է, իսկ ինքը հեռանում էր…

Աչքերն արդեն մշուշոտվում էին… Ուզում էր բղավել, բայց չկարողացավ... ընկավ... Ամբոխը քարացավ… մեջքին դաշույններ էին:

Եկեղեցու դռան մոտ հայտնվեցին մի քանի թուրք զինվորականներ… Նման բան դեռ չէր եղել. Ի՞նչ գործ ունեն էս անհավատ թուրքերը Հայոց Սրբարանում... Ձեռքերն արյունոտ էին… Ոտքով մի կողմ հրեցին քահանային. խեղճն աստիճաններով գլորվելով ընկավ. զգում էր, թե ոնց է արյունը լճանում, զգում էր, ու միևնույն ժամանակ քիչ-քիչ կորցնում զգալու ընդունակությունը… Մի կին մոտեցավ քահանային ու բռնեց գլուխը, բայց հաջորդ վայրկյանին մի ապտակ ստացավ ու ընկավ գետնին, հետո ինչ-որ բան քչփչալով իրար ականջին թուրք զինվորներից երկուսը բարձրացրին այդ կնոջն ու մտցրին եկեղեցի…

- Չփորձե՜ք պղծել հայ կնոջը, չփորձե՜ք պղծել հայ եկեղեցին…

Ուզում էր բղավել, բայց չէր կարողանում… արնահոսում էր գետնին ընկած, նայում էր արդեն հավաքված թուրք զինվորականներին, ահաբեկված մարդկանց, լսում էր երեխաների ճիչը, բայց ոչինչ անել չէր կարողանում… Հետո լսեց այն կնոջ աղաղակները, ճիչը եկեղեցուց… ամեն բան կտար, որ չլսեր այդ ձայնը…

Նման բան դեռ չէր եղել… նրանք տարիներ շարունակ ապրել էին կողք կողքի, հարևանություն արել, ընկերություն… Ի՞նչ պատահեց այսօր… ցավից ու անկարողության զգացումից կորցրեց գիտակցությունը… ու ամեն բան թաղվեց խավարի մեջ...  

Մի պահ բացեց աչքերը… դատարկություն էր… մեռելային լռություն էր տիրում ամենուր… լռել էր մանկան ճիչն ու ուրախ քրքիջը, դրսի արևի տակ թիկն տված տատիների զրույցն ու դաշտում աշխատող տրակտորի ձայնը… Մոտակա քարին էլ, որ միշտ հավաքվում, նարդի էին խաղում, դարձյալ մարդ չկար… նայեց երկինք. մռայլ էր, անձրևոտ, արև էլ չկար... կողքին տեսավ երեխաների խաղալիքներ թափված. մի կերպ ձգվեց ու վերցրեց. իր փոքրիկ աղջկա տիկնիկն էր… աչքի առաջ ուրվագծվեց աղջկա դեմքը, ժպիտը, հայացքը... հետո հիշեց թուրք զինվորին, թե ոնց էր ներխուժել եկեղեցի ու պահանջել ծնկել իր առաջ ու հրաժարվել Քրիստոսից...

Ձեռքը տարավ գրպանը. նախօրեին ծիրան էին հյուրասիրել... Մի կերպ բացեց ծիրանն ու հանեց կուտը... Մատներով մի փոքր անցք բացեց գետնին, կուտը դրեց մեջն ու ծածկեց հողով – « Դու պիտի աճես ու պտուղ տաս… ու թող քո շուրջը հավաքվեն հայ օջախները, քո շվաքի տակ նստեն իմ սերունդները, քո պտուղն ուտեն ու գոհանան Աստծուց իմ զավակները ու երբեք, երբեք արյուն չթափվի գետնին…»:

Ցանված ծիրանի կողքին դրեց Ավետարանը, աղջկա տիկնիկն ու հետո փակեց աչքերը. «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, Եկեսցէ արքայութիւն Քո...»:

Երեկոյան գյուղը լցվեց բնակիչներով... թուրք զինվորները գյուղի բնակիչներին իջեցրել էին մոտակա ձորը և սկսել կրակել՝ տպավորություն ստեղծելով, թե սպանում են նրանց՝ այդպիսով խաբելով իրենց ղեկավարությանը, ովքեր չէին էլ ցանկացել իրենց ոտքերը ցեխոտել՝ ձորն իջնելով: Զինվորները հայերին պատվիրել էին մինչև մութն ընկնելը մնալ այդտեղ ու հետո լուռ հեռանալ...

Ոչ մի լույս գյուղում այդ գիշեր չվառվեց... բոլորը հերթով գալիս էին ու վերջին հրաժեշտը տալիս քահանային... Նման բան դեռ չէր եղել... երբ թաղման արարողություն է, բայց ինքը՝ քահանան ոչինչ չի ասում, և բոլոր խոսքերը նրան էին ուղղված... մոմեր էլ չկային... գիշեր էր, խավար, բայց այնքա՜ն լույս ու ջերմություն կար...

Գյուղի բնակչությունը հենց այդ գիշեր հեռացավ գյուղից, գնաց ավելի ապահով մի վայր, իսկ ցանված ծիրանի կորիզը սկսեց աճել... արդեն մեծ ծառ է դարձել ու սպասում է քահանայի խոսքերի իրականացմանը...