Շարունակիր ապրել ու արարել, հա՜յ...
100 տարի…
Թվում է՝ բավականին երկա՜ր ժամանակ է, այնքա՜ն երկար, որ ամեն բան հեշտորեն կթաղվի մոռացության մեջ, այնքա՜ն երկար ժամանակ է, որ անցյալը կծածկի ամեն բան, այնքա՜ն երկար ժամանակ է, որ վերքը սպի կդառնա…
Խե՜ղճ հայեր… որքա՜ն տառապեցինք... բայց չէ՛, դու խեղճ չես, հա՛յ, դու տկար չես, որովհետև գիտես գոյատևել ու պայքարել, գիտես արարել ու առաջ գնալ, գիտես մեռնել արժանապատիվ կերպով՝ առանց ուրանալու ինքդ քեզ… առանց ուրանալու քո անցյալը… առանց ուրանալու քո հավատքը...
Դու իրավունք չունես մեռնելու... Դու պե՛տք է շարունակես ապրել... Ապրի՛ր, հա՛յ, ապրի՛ր հանուն ապագայի, հանուն քո զավակների ապագայի… ոչինչ, որ այսօր ազատության մեջ երբեմն ավելի դժվար է դառնում գոյատևելը, երբ այսօր ընտանիք կերակրելն առավել դժվար է, ոչինչ, որ քեզ միայնակ ու անօգնական ես զգում… Դիմացի՜ր... Դու գիտես ապրել, ապրել հանուն արժեքների, հանուն ապագայի, մնա՜ Հայաստանում, ապրի՛ր ու շենացրու քո՛ հողը…
Շարունակի՛ր ապրել ու արարել, հա՛յ… ու թող սրտիդ միջի ապրիլ24-յան վիշտը չվերածվի մաղձի ու ատելության, թույլ մի՛ տուր այսօր քո մատղաշ երեխան մեծանա ատելությամբ ու վրեժխնդրությամբ, թող նա իմանա պատմությունը, թող նա պահանջատեր լինի, պայքարի արդարության համար, բայց մի՜ դաստիարակիր նրան ատելությամբ, որովհետև այդ նույն ատելությունն ու անհանդուրժողականությունն էր, որ խլեց 1,5 միլիոն հայի կյանք… Շարունակիր ապրել ու արարել, հա՜յ...