Էս մի ապրիլին...


Էս մի ապրիլն էլ կարմիրով ներկվեց,
Օրացույցիս մեջ էս մի էջից էլ արյուն գլորվեց
Ճիշտ եղեռնի պես…
Մի՞թե մեկ դարում ոչինչ չփոխվեց…

Էս մի ապրիլն էլ ամպերով պատվեց,
Էս մի ապրիլն էլ սև ծրարներով նամակներ բերեց,
Էս մի ապրիլն էլ հայերիս վրա թրի պես կախվեց,
Ախ, ո՜նց եմ ցավում, որ վերջին դարում ոչինչ չփոխվեց…

Հայրեր են կանգնած գլուխները կախ, աչքերն արցունքոտ,
Մայրերն ի՞նչ անեն, էնքա՜ն էն լացել զոհված որդու մոտ…
Ումի՞ց պահանջես, ո՞ւմ մոտ բողոքես, ո՞ւմ տեղեկացնես.
Վերջին մեկ դարում ոչինչ չփոխվեց:

Հարյուրամյակի բիրտ պատմությունը մեյդան հանեցին,
Երբ կոտորում էին, սպանում, մորթում ծեր ու ջահելին,
Էսօր էլ կանգնել, զենքեր են ուղղել ու կրակ բացել,
Ու հիմարի պես կարծում են թե պիտի հաջողվեն:

Չէ՜, վերջին մեկ դարում շատ բան է փոխվել…
Էս մի ապրիլին կենաց ու մահու պայքար ենք մղել,
Էս մի ապրիլին թեև արյունով, բայց դաս ենք տվել,
Էս մի ապրիլին, նոր Մոնթեներ, Վարդաններ ենք տեսել:

Ջայլամներն էլի գլուխներն արագ մի տեղ թաղեցին,
Կամ կրիայի պես, չգիտես ինչու, շատ դանդաղեցին
Ու հասկացրեցին՝ մենք ենք մեր հույսը, լոկ մենք ու Աստված,
Աղոթքներ զորեղ ու քաջ զինվորներ, բանակ փառապանծ:

Թշնամին ընկավ իր իսկ ծուղակը, ու այնպես արեց`
Մայիսից առաջ դարձյալ ազգովին հաղթանակ տոնենք
Կարծես թշնամին որոշել էր, որ ապրիլին չապրենք,
Բայց արի ու տես, այս ապրիլը մեզ նոր թափ հաղորդեց:

Ու էական չի՝ վաղն ինչ կլինի, անգամ ոսոխը եթե դավ նյութի,
Անգամ աշխարհը եթե շարունակ սեփական շահից աչքերը փակի,
Մի բան հաստատ է. Աստված է Տերը այս ժողովրդի,
Այս ժողվուրդն էլ՝ Տերն է իր հողի ու հայրենիքի:

Ու վստահ եմ ես, տողերն այն գրված՝
Թե կանք, պիտ լինենք ու դեռ շատանանք,
Իրավ են ասված…

Արմեն Նիազյան