Հա՜յր, ներիր նրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում...
Հետաքրքիր էր այդ օրը, զարմանալի, տարօրինակ… Բոլորի դեմքերը մի տեսակ քաոսային տրամադրություն էին հաղորդում, բոլորն անհանգիստ էին, միմյանց ականջին շշուկով ինչ-որ բաներ էին խոսում…
Նա նստել էր հեռվում՝ գլուխն առած ափերի մեջ ու գաղտնի արտասվում էր: Մարդիկ չպետք է տեսնեն իր արցունքները, չպետք է տեսնեն, որ նա էլ է ցավում… Կյանքը կարծես կանգ էր առել, հայտնվել էր մի փակուղում, որից դուրս գալու ելքը չէր երևում:
Նայում էր շուրջը եղող մարդկանց. ոմանք չարացած էին, անհանգիստ, նյարդայնացած, ոմանք էլ արտասվում էին, ողբում… իսկ ի՞նքը. իր հոգին էլ ալեկոծ էր, մտքերը՝ անհանգիստ ու ցրված: Ի՞նչ է լինելու հետո…
- Հա՜յր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում:
Այս խոսքերը սրի պես մխրճվեցին նրա սրտի մեջ: Ո՛չ, հնարավոր չէ, չի՛ կարելի լինել այսքան արդար, չի՛ կարելի լինել այսքան սիրող… չի՛ կարելի աղոթել քեզ տանջողների համար… ինչպե՞ս է դա հնարավոր:
Հայացքը բարձրացրեց վերև ու նայեց Նրան: Մարմինն ամբողջովին արյան մեջ կորած էր, հայացքից երևում էր՝ շա՜տ էր տառապել: Համարձակություն ունեցավ նայելու Նրան ու… մի պահ նրանց աչքերը հանդիպեցին:
Պատահականությո՞ւն էր դա, թե՞ խաչի վրայից Նա հենց իրեն էր փնտրում… Որքա՜ն բան էին ասում այդ աչքերը… Մի ամբողջ հավիտենություն էին պարունակում այդ աչքերը, սիրո մի կատարյալ դրսևորում: Այդ հայացքը մեղադրանքներ չէր պարունակում, ափսոսանք ու զղջում չէր պարունակում, այլ միայն սեր…
Հիշեց, թե ինչպես էին իր զինվորները ծեծում ու ծաղրում Նրան, թքում ու անարգում, ծիծաղում ու հեգնում… Իսկ ի՞նքը… Այդպես էլ համարձակություն չունեցավ կանգնեցնելու նրանց, այդպես էլ համարձակություն չունեցավ բղավելու, որ ինքն էլ է հավատում Նրան, որ դեմ է Նրա խաչելությանը:
Ու հիմա արդեն այստեղ է. ինքը՝ ողջ-առողջ, ազատության մեջ, իսկ Նա՝ խաչափայտին, ու այլևս այնտեղից չի իջնելու, իր ձեռքերն ազատ են, նրանը՝ խաչին գամված: Բայց ո՞վ էր իրենցից ազատ, ավելի ուժեղ, ավելի հաղթական. ի՞նքը, որ այդպես էլ չկարողացավ խոստովանել, որ Նրա համակիրն է, որ չկարողացա՞վ դեմ գնալ ամբոխի կարծիքին, թե՞ Նա, որ խաչի վրայից նայում է «ազատության» մեջ գտնվողներին ու աղոթում. «Հա՜յր, ների՜ր նրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում…»:
Ու ի՜նչ վստահությամբ է նա ասում՝ «Հա՜յր», ի՜նչ սիրով է խնդրում՝ «Ների՜ր նրանց»:
Մոտեցավ խաչին ու գլուխը խոնարհեց. այլևս չէր համարձակվում նայել Նրան, վախենում էր Նրա աչքերի անսահման սիրուց… Նայում էր գետնին, երբ արյան մի կաթիլ ընկավ հենց իր աչքի առաջ, բախվեց գետնին ու փշուր-փշուր եղավ… չէ՜, դա արյուն չէր, դա Նրա սիրո դրսևորումն էր, Նրա կատարյալ նվիրումը՝ ամփոփված արյան յուրաքանչյուր կաթիլի մեջ: Անգամ այդ արյունն էր կարծես ներում խնդրում Հորից, անգամ այդ արյունն էր ձեռքերը պարզած սեր խոստովանում:
Աչքերից արտասուք էր հոսում. այլևս ի զորու չէր պահելու իր ցավը, իր զղջումն ու ափսոսանքը, այլևս ի զորու չէր լուռ համակերպվելու այս իրողության հետ, սակայն հասկանում էր, որ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէր…
Ականջներում շարունակում էին հնչել նրա խոսքերը. «Հա՜յր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»…
- Ների՛ր ինձ, Տե՜ր…,- շշնջաց ու գլուխն ափերի մեջ առած՝ նստեց:
Դիմացն արյունոտ խաչափայտն էր, Նա՝ աշխարհի Փրկիչը, ու Նրա արյունը, որ հոսում էր իր իսկ մեղքերի համար…
Մեկ անգամ էլ նայեց Նրան. Հիսուսը ժպտում էր, ու այդ ժպիտն այնքա՜ն բան էր ասում…
Երկինքը մթագնեց, շուրջը պատվեց խավարով, բայց այդ համատարած խավարի մեջ զգաց, թե ինչպես է իր սրտում ծնվում կենարար Լույսը…
- Ես կհետևեմ քեզ, Տե՛ր, խոստանում եմ, Դու կապրես իմ սրտում…