Մեր «քթի տակ» կյանքեր են կործանվում, օջախներ ու շեն ընտանիքներ վերածվում փլատակների...
Այսօր դարձյալ մամուլը հայտնեց ինքնասպանության մասին… 40-ամյա տղամարդը նետվել է 8-րդ հարկից… Մի քանի օր առաջ 23 ամյա երիտասարդ աղջիկ էր նետվել 13-րդ հարկից… Ի՞նչ է կատարվում Հայաստանում…
Նոր մոլեր ու սուպերմարկետներ ենք բացում, շենքերն ու փողոցները գեղեցկացնում ենք, բակերը նորոգում, կանաչապատում… իսկ մարդիկ պարզապես ցած են նետվում…
Ո՞ւմ մեղադրել, որտե՞ղ փնտրել մեղավորներ…
Ազգային վիճակագրական տվյալները սարսափեցնող են. 2014 թվականին ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է իրականացրել 699 մարդ: Սա վրիպակ չէ, այո, 699 հոգի, 699 կյանք, 699 կյանքի պատմություն հայտնվել են փակուղում ու մի պահ դադարել մտածել մյուսների մասին, իրենց մասին, իրենց հետագա սերունդների մասին ու փորձել են կործանել ամեն ինչ:
Ստացվում է, որ Հայաստանում ամեն օր գրեթե 2 հոգի որոշում է ինքնասպան լինել… ո՞ւմ մեղադրել, որտե՞ղ փնտրել մեղավորներ… որքա՜ն դժվար է պատասխանել…
699 փորձից մահով է ավարտվել 168-ը, որից 120-ը՝ տղամարդիկ, 48-ը` կանայք և աղջիկներ:
Ազգովին արտասվում ու ողբում ենք ամեն մի զինվորի կորստյան համար, մինչդեռ մեր «քթի տակ» կյանքեր են կործանվում, օջախներ ու շեն ընտանիքներ վերածվում փլատակների… Աշխատող մարդիկ, երեխա դաստիարակող հայրեր, երկրի ապագա երիտասարդներ ու պատանիներ ուղղակի մեռնում են… մայրեր են մեռնում, ովքեր պիտի զինվորներ ծնեին, ազգի հերոսներ, երկրի ղեկավարներ… Ախր մենք այդքան շատ չենք, որ նման «ճոխություններ» թույլ տանք մեզ…
Բղավում ենք, դռներ թակում, սիմվոլներ մշակում, որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը, բայց ինքներս շարունակում ենք նույն ցեղասպանությունը՝ մեր իսկ ձեռքերն արյունոտելով… ո՞ւմ մեղադրել, որտե՞ղ փնտրել մեղավորներ… որքա՜ն դժվար է պատասխանել…
Հայերս լացելու սովորություն ունենք, այո՜, սիրում ենք բողոքել ու տրտնջալ… սակայն ի՞նչ անել այս պարագայում, ինչպե՞ս չհիշել քերթողահոր խոսքերը՝ «Ողբա՜մ զքեզ, Հայոց աշխարհ», ինչպե՞ս չարտասվել ու չլացել….
Ու դարձյալ՝ ամենակարևոր հարցը՝ որտե՞ղ փնտրել մեղավորներ… Ո՞վ է մեղավոր… Նա, ով գնում է այդ անմիտ քայլին, թե՞ անտարբեր հասարակությունը… թե՞ մենք, որ մոռացել ենք կարեկից լինել ու հասնել մեր կողքինին, սիրել ու օգնել, բարձրացնել ու հույս տալ… Գուցե այնքա՜ն անտարբեր ենք դարձել, որ այլևս չենք կարողանում մարդու ժպիտի տակ թաքնված վիշտը տեսնել, կամ էլ չտեսնելու ենք տալիս…
Գուցե էս ամենը գալիս է նրանից, որ եկեղեցու սպասավորները մոռանում են քարոզել ու հոգ տանել ժողովրդի համար ու բավարարվում են սոսկ պարտականությունների կատարմամբ ու ուրիշների վրա քարեր նետելով, կամ գուցե նրանից, որ եթերով սկսել ենք արդեն հոգի կանչել, կախարդություն անել, սատանային երկրպագել… Մենք իրավունք չունենք հանգիստ նստելու, իրավունք չունենք սպասելու հերթական ինքնասպանության լուրը լսելուն, իրավունք չունենք ինքներս մեզ կոտորելու…
Աչքիս առաջ Հիսուսն Քրիստոսն է՝ խաչին գամված, ու նրա արցունքոտ աչքերը, որ նայում է ու կրկնում տասնաբանյայի պատվիրաններից մեկը՝ Սպանություն մի՜ արա…
Նոր մոլեր ու սուպերմարկետներ ենք բացում, շենքերն ու փողոցները գեղեցկացնում ենք, բակերը նորոգում, կանաչապատում… իսկ մարդիկ պարզապես ցած են նետվում…
Տե՜ր, ողորմեա Հայոց աշխարհը…