Ափսոս, որ նրանք բաց թողեցին արևը

Կանգառի նստարանին նստած դողում էր: Երկինքը մռայլ էր, եղանակը՝ ցուրտ, թափվող մանր անձրևն էլ ավելի անտանելի էր դարձնում եղանակը: Մեկ փչում էր ձեռքերը, մեկ դնում ոտքերի տակ, որպեսզի փոքր-ինչ տաքանան, բայց չէր ստացվում: Լավ է, գոնե կանգառի տաղավարը կար, կարողանում էր քիչ թե շատ պահել անձրևի կաթիլներից: Գոնե հագին մի կարգին վերարկու լիներ...

Նայում էր մարդկանց, ովքեր կանգառում կանգնած սպասում էին. բոլորն էին մրսում... Հանկարծ նկատեց անցնող ավտոբուսի միջից մի փոքրիկի: Փոքրիկն ուշադիր իրեն էր նայում: Նայեց ու ժպտաց: Իրեն վաղու՜ց ոչ ոք չէր ժպտացել...

Այդ ժպիտը... այնքա՜ն մաքրություն, պարզություն ու ջերմություն կար այդ փոքրիկ ժպիտում, այնքա՜ն արև կար... Ու զգաց, որ ջերմանում է... Անձրևի կաթիլները շարունակում էին թափվել, մաշված վերարկուի վրայից հասնել մարմնին, սակայն այն փոքրիկի ժպիտը մոռացնել տվեց ցուրտը: Ժպիտն արևի պես սկսեց փայլել աչքի առաջ, տարածել իր շողերը, հնամաշ վերարկուի միջից հասնել սրտին ու ջերմացնել այն...

Նայում էր կողքի մարդկանց. Բոլորը տխուր էին ու մռայլ... շարունակում էին մրսել... Ափսո՜ս, որ նրանք չտեսան այդ փոքրիկին, ափսոս, որ նրանք բաց թողեցին արևը...

Նայեց իր դիմաց կանգնած մի զույգի. տխուր էին... մրսում էին... ժպտաց ու աչքով արեց նրանց: Չհասկացան... երևի մտածեցին՝ գժվել է, հերիք չի տուն չունի, մի հատ էլ ուրախանում է... տեսնես ինչի՞ վրա էր ուրախանում... Ափսո՜ս, որ նրանք բաց թողեցին արևը...