Որ հեքիաթը հանկարծ կիսատ չմնա…
Նա մեկ անգամ էլ նայեց
պատուհանից՝ համոզվելու համար, որ բակում ոչ ոք չկա: Տանն էլ ոչ ոք չկար. բոլորը գնացել
էին իրենց գործերով ու դասերով:
Խորը շունչ քաշեց
ու մի պահ փակեց աչքերը:
Որքա՜ն երկար է թվում կյանքը, երբ անհամբեր սպասում ես ինչ-որ
բանի, և որքա՜ն կարճ, երբ հետադարձ հայացք ես գցում նրա վրա: Մանուկ ժամանակ երազում
ես շուտ մեծանալ ու դա այնքա՜ն երկար ժամանակ է թվում, իսկ երիտասարդ տարիքում արդեն
հետ ես նայում ու հասկանում, թե որքա՜ն շուտ անցավ մանկությունը: Հիմա էլ ծերությունն
է թվում հեռու՜ մի իրականություն: Բայց երևի այս անգամ ծերություն կոչվածը այդպես էլ
կմնա՝ հեռվում ու անհասանելի...
Վե՛րջ, ամեն բան պատրաստ է... Նա փակեց դուռն ու քայլերն ուղղեց դեպի սենյակի կենտրոն: Բարձրացավ հին ու ճռճռացող աթոռի վրա ու ձեռքը մեկնեց կախված պարանին...
Արցունքը խեղդում էր, ձեռքերը՝ դողում: Նայում էր պարանին ու փորձում դրա մեջ գտնել իր բավարարվածությունը, փորձում էր ինքն իրեն համոզել, որ լավագույն որոշումը սա է, որ խնդիրներից ազատվելու այլ ճանապարհ պարզապես չկա...
Աչքի առաջ պարտքատերերն էին, ովքեր սպառնում էին վնասել ընտանիքին, ովքեր խոստացել էին այրել տունը, եթե ժամանակին պարտքերը չվճարի: Հիշեց իրենց վերջին հանդիպումը, երբ սպառնացել էին հաշվեհարդար տեսնել քրոջ հետ, եթե մեկ շաբաթից չվճարի գումարը... Իսկ այսօր լրանում էր այդ մեկ շաբաթը:
Ինչպե՞ս եղավ, որ խրվեց այդքա՜ն պարտքերի մեջ... Ինքն էլ չէր հասկանում. Ուզում էր գործ սկսել, մի քիչ գումար էր վերցրել, հետո չստացվեց, ծնողներից էր խնդրել օգնել... Խեղճ, գյուղացի մարդիկ էին, պահած մի քիչ գումար ունեին, տվեցին որդուն՝ հորդորելով զգույշ լինել ու պարտքերը վճարելուն պես թողնել էդ գործը: Իսկ ի՞նքը.... իսկ ինքը ընկերոջ խորհրդով այդ գումարը որոշել էր կրկնապատկել խաղատանը...
Ձեռքը երկարացրեց ու օղակը գցեց վիզը...
Չէ՛, սա է ճիշտ որոշումը, եթե ես չլինեմ, ընտանիքիս էլ չեն վնասի, ամեն բան կմոռանան... իսկ եթե այսօր գան ու ես չկարողանամ վճարել գումարը, կվնասեն նրանց... հա՜, նրանք արնախում են, չեն հանգստանա, մինչև իրենց տված գումարից մի քանի անգամ ավելի վնաս չտան:
Բարկությունից ու ատելությունից սեղմել էր ատամները...
Մեր կյանքում գալիս են պարագաներ, երբ հայտնվում ենք փակուղում, երբ քայլում ենք, գնում, վազում, սավառնում ու մեկ էլ հանկարծ... հայտնաբերում ես, որ հայտնվեցիր փակված դռան առջև, ինչ-որ խցի մեջ, որտեղ ամեն ինչ սկսում է ճնշել... Ու սկսում է ամեն բան աշխատել ի հակառակ քեզ... Երբ սեփական հոգում շաբաթներ, ամիսներ ու տարիներ շարունակ կուտակված դառնությունն ամբողջությամբ պաշարում է քեզ ու այլևս չես տեսնում արևի լույսը, չես լսում թռչունների ձայնը, ականջիդ չի հասնում փոքրիկ երեխայի քրքիջը...
Ու սկսում ես բողոքել կյանքից... ու պատրաստվում ես հենց այն պահին, երբ հայտնվել ես ամենախորը փոսի մեջ, վերջ տալ ամեն ինչին՝ մտածելով, որ այլևս ելք չկա, վստահ լինելով, որ միայն այդ քայլը կլուծի ամեն հարցերը:
Արցունքները գլորվում էին աչքերից... Աթոռին կանգնած նայեց պատուհանին, մեկ անգամ էլ նայեց արևին ու ... ընդառաջ գնաց մահվան՝ ընդառաջ գնաց՝ որոշելով սեփական կյանքով փոխհատուցել կուտակված պարտքերի դիմաց...
Մի պահ ամեն բան սևացավ... զգաց, որ մթագնում է գիտակցությունը, շնչել չի կարողանում, զգաց, որ խեղդվում է... մի ակնթարթում այնքա՜ն բան անցավ մտքով... հիշեց ծնողներին, իրենից փոքր քրոջն ու եղբորը, մի ակնթարթում աչքի առաջ հայտնվեցին նրանց ժպիտները, չարաճճի նայվածքները... հիշեց մոր ծերացած դեմքն ու կնճիռները... հիշեց ու հասկացավ, որ կորցնում է այդ ամենը... հասկացավ, որ սիրում էր կյանքը...
Երջանիկ պատահականությո՞ւն էր, թե՞ աստվածային մեծագույն կամքի դրսևորում, բայց պարանը կտրվեց... երևի չդիմացավ արցունքների ու հիշողությունների ծանրությանը, երևի ավելի թույլ էր, քան կյանքը, որ տալիս է Աստված, և ուրիշ ոչ ոք իրավունք չունի այն գողանալու...
Գետնին ընկած՝ նայում էր առաստաղից կախված պարանի կտորին ու դողացող շրթունքներով շնորհակալություն հայտնում Աստծուն իր կյանքը փրկելու համար...
Երեկոյան, երբ ընտանիքը հավաքվել էր և միասին թեյ էին խմում, մայրը արցունքն աչքերին պատմում էր, որ հարևան գյուղում մի երիտասարդ է ինքնասպան եղել, պատմեց, հետո ավելացրեց.
- Երևի էտ տղայի մայրն էլ կսկիծից կմեռնի: Ո՞նց կարելիա էդքանից հետո ապրել...
Նա կարոտով նայում էր ընտանիքի յուրաքանչյուր անդամին, ուզում էր գրկել ամեն մեկին ու համբուրել ու ասել, որ երջանիկ է, երջանիկ է, որովհետև չկորցրեց նրանց, հարուստ է, որովհետև նրանց ունի...
Իսկ պարտքատերե՞րը... խոսեց, բացատրեց, ներողություն խնդրեց ու խոստացավ վճարել պարտքերը հնարավորինս արագ ու լծվեց աշխատանքի...
Մեր կյանքը հեքիաթ է, մենք՝ մեր իսկ հեքիաթի հերոսները: Հեքիաթները միշտ լավ ավարտ են ունենում, ուստի մի՛ ընկճվիր ճանապարհի կեսին, մի՛ հուսահատվիր, երբ ինչ-որ պահի ամեն ինչ քո ուզածով չի գնում. դա դեռ վերջը չի... շարունակի՜ր ապրել, շարունակի՜ր պայքարել, շարունակի՜ր արարել... գնա՜ մինչև վերջ, որ հեքիաթդ հանկարծ կիսատ չմնա...