Ո՞ւր ենք հասել և ո՞ւր ենք գնում...
Հայր ու որդու կռիվն ավարտվում է կացնահարությամբ, 24 ամյա աղջիկն ինքնասպան է լինում, մայրը հարվածում է որդուն մուրճով ու բենզին լցնելով՝ հրկիզում, 15 ամյա աղջիկը փորձում է ինքնասպան լինել, անհայտ անձինք առևանգում են ու ծեծում, գնում են հաշիվ պարզելու ու դանակահարում, փողոցում վիճում են ու կրակում… էս ո՞ւր հասանք…
Եթե տարիներ առաջ սրանցից ամեն մեկը կարող էր լավ հիմք լինել հոլիվուդյան ֆիլմ նկարելու համար, ապա այսօր սա դարձել է Հայաստանյան ողբերգական իրողությունը: Բացում ես լրատվական կայքերն ու սկսում կարդալ… իրար հերթ չտվող ողբերգություններ, սպանություններ ու կռիվներ… ու մի պահ այլայլվում ես, սկսում կորցնել ինքնատիրապետումը, ապշում ես ու զարհուրում, որ այդ ամենը կատարվում է քո պետությունում, քո քաղաքում, քո հարևան թաղամասում կամ կողքի տանը, զարհուրում ես, երբ մտածում ես, որ մի օր էլ ակամա ականատեսը կլինես նման մի դաժանության, կդառնաս մի ինքնասպանության կամ ծեծկռտուքի ակամա վկան ու կխառնվի առանց այդ էլ խառնված ներաշխարհդ…
«Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ը մի տեսակ սկսում է դառնալ վտանգավոր ու վախեցնող:
Ու ինքդ քեզ հարց ես տալիս. էս ո՞ւր ենք հասել, և ո՞ւր ենք գնում… Ակամայից ծնկներդ խոնարհվում են, աչքերդ փակվում, ու մի անկեղծ աղոթք է ծնվում շուրթերիդ՝ Տե՜ր, ողորմի՜ր Հայոց աշխարհս…
Ամենուրեք խոսում ենք ազգային արժեքներից ու մեր ինքնությունից, հպարտանում 1700 ամյա քրիստոնեական պատմությամբ, հպարտանում մեր եկեղեցիներով ու տաճարներով, կառուցում նորերը, մինչդեռ իրական եկեղեցին սկսվում է քանդվել ներսից…
Կորցրել ենք մեր ազգային դիմագիծը, կորցրել ենք մեր ազգային թասիբն ու նվիրվածությունը… Գյումրին ոտքի կանգնեց մի ընտանիքի համար, բոլորս ուրախացանք, հպարտացանք, լցվեցինք հայեցիությամբ, հայրենասիրությամբ, իսկ օրեր անց նույն Գյումրիում երիտասարդ աղջիկ ինքնասպան եղավ… ինչո՞ւ, ո՞վ էր մեղավոր, իսկ գուցե կարողանայինք կանխե՞լ դա…
Պարզապես մենք ազգովին մոռացել ենք Աստծուն. հպարտացած ու հղփացած մեր քրիստոնյա լինելով՝ մենք Աստծուն կարծես թե թողեցինք նախորդ դարերում ու մտածեցինք, որ քրիստոնյա կարող ենք լինել նաև առանց Աստվածաշնչի, եկեղեցի կարող ենք ունենալ առանց Աստծո կենդանի ներկայության, փրկություն կարող ենք գտնել ոչ թե սուրբ կյանք ապրելով, այլ մեր պապերի հավատքով ու մեզ ժառանգություն հասած «քրիստոնյա» տիտղոսով…
Փորձիր նստել որևէ այգում կամ երթուղային տաքսում ու Աստվածաշունչ կարդալ. բոլորը տարօրինակ հայացքով քեզ կնայեն ու առաջին բանը, որ կմտածեն, սա է՝ հաստատ աղանդավոր է…
Ո՞ւր կորան քրիստոնեական այն ճշմարտությունները, որոնց համար մեր հայրերն ու պապերը զոհվեցին ու նահատակվեցին, ո՞ւր կորան քրիստոնեական արժեքներն ու բարոյական չափանիշները, ինչո՞ւ այսօր տասը պատվիրաններն անգիր իմանալու և դրանցով առաջնորդվելու փոխարեն մենք կրակ ենք վառում ու վրայով թռչում, աղի բլիթ ենք թխում ու սուրբերին աղոթում, աչքի ուլունք ու փուշ ենք կախում մեր տան դռներից…
Ինչո՞ւ պիտի այսօր առավոտյան պատանին արթնանա ու Աստվածաշունչ կարդալու փոխարեն բացի օրվա աստղագուշակը… Ինչո՞ւ է այսօրվա ՀԱՅԿԱԿԱՆ մամուլն ու համացանցը ողողված 18+ նյութերով ու նկարներով, ինչո՞ւ են այսօր սոցիալական կայքերում շատացել անբարո նկարների տեսքով տարածվող վիրուսները, ինչո՞ւ պիտի քրիստոնյա ավանդապաշտ Հայաստանը լինի աշխարհում անբարոյականություն որոնող առաջին պետությունների թվում… Որովհետև մենք մոռացել ենք Աստծուն…
Մենք Աստծուն դառնալու կարիք ունենք… ոչ թե կեղծ, արտաքնապես ու խաբուսիկ, այլ ազգովին կարիք ունենք վերադառնալու քրիստոնեական ճիշտ սկզբունքներին, կարիք ունենք դառնապես զղջալու և ապաշխարելու, կարիք ունենք մեր պետության ամենափոքր օղակներից՝ ընտանիքներից, մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած՝ երեխաներին սովորեցնել Աստծո մասին, նրա պատվիրանների ու չափանիշների մասին, զգուշացնել, որ երբ երեխաները մեծանան, ձեռք չբարձրացնեն ո՛չ իրենց ծնողի վրա, ո՛չ էլ երեխայի, հարևանին ծեծելով չսպանեն, կաշառքով ընտրության չգնա՛ն ու հասկանա՛ն, որ քրիստոնեությունը Աստվածաշունչ կարդալն ու աղոթելն է, ոչ թե միայն խաչակնքվելը, մատաղ անելը, մոմ վառելն ու «մեռնեմ Աստծո զորության»-ը ասելը…