Փոխվում ենք, մարդի՜կ, փոխվում ենք…
Ժամանակները փոխվում են անասելի արագությամբ՝ իրենց հետ փոխելով ամեն
բան: Փոխվում են սովորությունները, բարքերը, փոխվում են արժեքներն ու
չափանիշները: Ու ժամանակների հետ սկսում ենք փոխվել նաև մենք…
Սկսում ենք ավելի կենտրոնանալ մեր անձի, մեր անելիքի, մեր հոգսի ու մեր
խնդրի շուրջ, մարդկանց հետ սկսում ենք շփվել վերապահումներով, վախենում ենք
նրանց ավելի մոտ թողնել, ավելի վստահել… պատուհաններ բացելու փոխարեն
սկսում ենք փակել դռները ու կողպվում մեր աշխարհում, այնտեղ, որտեղ ամեն
բան պտտվում է մեր առանցքի շուրջ…
Փոխվում ենք, մարդի՜կ, փոխվում ենք…
Փորձիր լինել այն մեկը, ով տկարին մենակ չի թողնի, ով կթողնի իր անելիքն ու կկանգնի ընկածի կողքին, ով կբացի իր պատուհաններն ու կսկսի նայել շուրջը՝ ոչ թե փնովելու, դատելու ու քննադատելու համար, այլ տեսնելու, գտնելու մարդկանց, ովքեր իր կարիքը ունեն, ովքեր տկարացել են, թուլացել ու պարզապես կարիք ունեն մեկի, ով ուղղակի ձեռք կմեկնի... ճիշտ այնպես, ինչպես վարվեց <մեղավոր> սամարացին...