Հրաշքը չկատարվեց…

Փոքրիկի համար մի ամբողջ ազգ էր ոտքի կանգնել, մի ամբողջ ազգ էր աղոթքի խոսքեր մրմնջում… մի ամբողջ ազգ էր սպասում… Բայց հրաշքը չկատարվեց…
Ու փոքրիկը հեռացավ… գնաց Երկինք, այնտեղ, ուր շա՜տ ավելի լավ է, շա՜տ ավելի լուսավոր, շա՜տ ավելի ջերմ… այնտեղ, որտեղ ինքն այլևս մենակ չի լինի…
Հրաշքը չկատարվեց գուցե այնպես, ինչպես ակնկալում էինք, բայց ինչ-որ բան փոխվեց բոլորիս մեջ…
Միաբանվեցինք, մի ընտանիքի վիշտը դարձրինք բոլորինս, սկսեցինք բոլորով հատուցում պահանջել… մենք ինքներս վերջապես դարձանք մի ընտանիք կարծես… բոլորիս սկսեց հուզել ու հետաքրքրել մի փոքրիկ հայորդու կյանք, որ օրեր շարունակ կռիվ էր տալիս կյանքի ու մահվան հետ…
Շնորհակալություն քեզ, փոքրի՛կ, որ քո կարճատև կյանքով սովորեցրիր մեզ գնահատել կյանքը… դիմացինի կյանքը…
Ու ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը կպատրաստվի դանակ վերցնել ձեռքը, հրազեն, կամ էլ բռունցքներով հարցեր պարզել, թող հիշեն քեզ... ամեն անգամ, երբ երիտասարդ ծնողները կորոշեն ինչ-ինչ պատճառներով աբորտ անել, թող հիշեն քեզ... ամեն անգամ, երբ դժվարություններից ու խնդիրներից հոգնած մարդիկ քայլերը կուղղեն դեպի ինքնասպանություն, թող դարձյալ քեզ հիշեն... հիշեն, թե քո կյանքը որքա՜ն թանկ էր մեզ համար, Հայաստանի ու հայ ժողովրդի համար… Հիշեն ու այլևս ոչ մեկին կյանքից չզրկեն…
Հրաշքը չկատարվեց, բայց հիմա դու ավելի ապահով ես, փոքրի՛կ, ու քեզ այլևս վտանգ չի սպառնում…