Տե՜ր, պահի՜ր երկիրս փորձություններից

Երեկո էր… ընտանիքում բոլորն ուրախ էին, զրուցում էին օրվա աշխատանքից, հոգսերից, խնդիրներից, ապագայի ծրագրեր կազմում:
Երիտասարդ ամուսինները պատկերացնում էին իրենց երեխաներին արդեն մեծացած, պատկերացնում էին, թե ինչ մասնագիտություն կընտրեին՝ գուցե բժիշկ դառնային ու փրկեին շատերի կյանքը, կամ հաջողակ գործարար, կամ իրավաբան:
Տատիկ-պապիկն էլ ուրախ նայում էին իրենց թոռնիկներին ու շնորհակալություն հայտնում Աստծուն նրանց համար, նայում էին իրենց դեռատի օրիորդին և երազում այն օրվա մասին, երբ նա էլ կկանգներ խորանի առջև և հարսի գեղեցիկ զգեստով կշողար երջանկությունից…
Երեկո էր… իսկ առավոտը նրանց համար չբացվեց… ու որքա՜ն ծրագրեր ու մտահղացումներ, որքա՜ն երազանքներ ու նպատակներ հօդս ցնդեցին, վերացան պարզապես մի կրակոցով: Ամեն մի երազանքի ճանապարհը փակեց մի դավադիր փամփուշտ… ու բացվեց առավոտը՝ Գյումրվա արյունոտ առավոտը, Գյումրվա արյունոտ երկուշաբթին:
Այս գույժի ստվերում մնաց կարծես մեկ այլ սարսափելի դեպք ևս. Ֆրանսիայում, որտեղ չկա կամ գոնե չպետք է լինի ազգային որևէ խտրականություն, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են լավագույնս, սպանվել է հայ երիտասարդ, սպանվել է տղայական ինչ-որ անիմաստ վիճաբանության հետևանքով… ու արդյունքում՝ դարձյալ չիրագործված ու կյանքի չկոչված երազանքներ ու նպատակներ…
Ցավոք, մեր մամուլն այսօր հեղեղված է սպանություններով ու ծեծկռտուքներով, ինքնասպանություններով ու ինքնասպանության փորձերով, և այն ամենը, ինչ տարիներ առաջ լսում էինք ու ապշում, այսօր լինում ենք ականատեսը՝ դաժանության, մարդասպանության, անհուսության ու հիասթափության ականատեսը… Ինչո՞ւ, որտե՞ղ փնտրել մեղավորներ, ո՞ւմ մոտ գնալ մեր բողոքներով ու անհանգստություններով…
Մեր երկիրը որքա՜ն ցնցումներ է տեսել, որքա՜ն  դժբախտություններ վերապրել: Ասում են՝ ցավն ու տառապանքը ուժեղացնում են մարդուն… եթե այդպես է, ուրեմն դժվար թե երկրի վրա հայից ավելի ուժեղ մարդ լինի:
Ու ամեն անգամ, լսելով այս կամ այն դեպքի մասին, ակամայից հարցնում ես՝ ինչո՞ւ, Աստվա՛ծ… Ու ոմանց մոտ բողոք է բարձրանում առ Աստված, ոմանց մոտ՝ հիասթափություն, ոմանք էլ լուռ աղոթքի խոսքեր են մրմնջում՝ Տե՜ր, պահիր երկիրս փորձություններից:
Այս դեպքերը դեռ երկա՜ր, շա՜տ երկար կմնան ժողովրդի հիշողության մեջ, այն մի նոր վերք ավելացրեց դեռ ամբողջովին չսպիացած բազում վերքերի կողքին:
Մխիթարանքի խոսքերը շատ քիչ են ու գուցե անարժեք, բայց, ցավակցում ենք անմեղ զոհերի բարեկամներին ու հարազատներին ու խնդրում Աստծուց ուժ և համբերություն նրանց համար: Նաև առողջություն ենք խնդրում այն փոքրիկի համար, ով հրաշքով կենդանի մնաց, ում թույլ ու անպաշտպան մարմինն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդասպանի դանակը, ում դեռևս չգիտակցված կամքն ու ապրելու ցանկությունն ավելի ուժգին էր…
Աղոթում ենք փոքրիկի համար ու կոչ անում յուրաքանչյուր հայորդու՝ կանգնել աղոթքի: Այո՛, գուցե շատերը կմեղադրեն Աստծուն, գուցե շատերիս մոտ բազում հարցեր կմնան անպատասխան, սակայն լավագույն բանը, որ կարող ենք անել, ոչ թե Աստծուց նեղանալն է, այլ նրա հետ հաշտվելը:
Մեր երկրի պատմության մեջ բազում են արյունոտ էջերը, և ցավոք, սա էլ դարձյալ այդպիսի մի էջ է, բայց լսի՜ր, սիրելի՜ հայորդի, մոտեցիր Աստծուն, աղոթիր Աստծուն, խոնարհվիր Աստծո առաջ… Աստված է, որ պիտի պահի մեր երկիրը, Աստված է, որ պիտի օրհնի մեր ժողովուրդը, Աստված է, որ պիտի արթնություն բերի մեր երկրին:
Աղոթի՛ր քո ազգի ու հայրենիքի համար, աղոթի՛ր քո զինվորի համար, աղոթի՛ր քո ընտանիքի ու քո զավակի համար…
Գուցե մեր շատ դժբախտությունների պատճառն այն է, որ մենք հեռացե՞լ ենք Աստծուց. այո՛, պահել ենք ձևը, ավանդույթը, անունն ու արտաքինը, բայց սրտով հեռացել ենք Աստծուց… գիտենք ինչպես մտնել եկեղեցի ու ինչպես դուրս գալ, ինչպես խաչակնքվել ու ինչպես մոմ վառել… մենք այնքա՜ն բան գիտենք… բայց ժամանակն է, որ մեր իմացածը կյանքի կոչենք, որովհետև քրիստոնեությունը գլխաշորն ու մոմավառությունը չի, քրիստոնեությունը քարոզն ու պատարագը չի, այլ նախ և առաջ կյանքն է, որ իր մեջ պարունակում է սեր ու ներում, հանդուրժողականություն ու բարոյականություն, բարություն ու հավատք, աղոթք ու Սուրբ Գրքի ընթերցանություն, իրական աստվածճանաչողություն ու աստվածպաշտություն:
Տե՜ր, պահի՜ր երկիրս փորձություններից…