Սուրբ Ծննդյան Հոբելյարը

Ամեն տարվա պես այս տարի էլ նորից նշում ենք Ամանորը, նորից ծրագրեր ենք կազմում, մտորում անցած-գնացածի մասին, նորից հաշվարկներ անում, գուցե աղոթում, Աստծո կամքը հարցնում այս կամ այն հարցում…
Ու որքան էլ բողոքենք ա­մա­նորյա լարվա­ծութ­յու­նից, ծախսերից ու դժվա­րութ­յուններից, միևնույնն է, ուրախությամբ սկսում ենք պատրաստվել ու պատրաստվել…
Դժվար է գտնել մեկին, ով չի սիրում Ամանորն ու Սուրբ Ծնունդը, գտնել մեկին, ով չի սպասում, ում սիրտը չի թրթռում ժամացույցի զարկերի հետ ու ամեն մի զարկի հետ հաշվում՝ հինգ, չորս, երեք, եր­կու, մեկ… շնորհավո՜ր… ու հնչում են ուրա­խութ­յան աղաղակներ, շնորհավորանքներ, գրկա­­խառ­նու­թ­­­յուններ: Կարծում եմ՝ այս վայրկ­յան­նե­րին աշ­խար­հը բարիանում է, խաղաղվում, լցվում ինչ-որ եթերային երազներով ու գույներով:
Այո՛, բոլորն են սպասում Ամանորին, բոլորն են պատ­­րաստվում, բոլորն են նշում… բայց կա ևս մեկ տոն, որ շա՜տ ավելի կարևոր է…
Հետաքրքիր է՝ այս օրերին մենք միմյանց շնոր­հա­­­վորելիս ասում ենք՝ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Ինչ խոսք, ամանորի մասին մենք գրե­թե ամեն բան գիտենք՝ սկսած սեղանի ձևա­վո­րումից մինչև համեղ կերակուրներ պատրաստելը, գիտենք ձմեռ պապիկի ու ձյունանուշի մասին, Լապլանդիայի մասին, իմանալու հետ մեկտեղ շատ ակտիվ սովորեցնում ենք նաև մեր երեխաներին, վախեցնում, որ եթե խելոք չմնան, ձմեռ պապիկն իրենց նվեր չի բերի… Իսկ ի՞նչ գիտենք հաջորդ տոնի՝ Սուրբ Ծնունդի մասին, որտեղ, ի տարբերություն նախորդի, ավելի իրական է, չկան սին ու մտացածին հերոսներ, վայրեր ու պատմություններ…
Այս օրերին մենք շնորհավորում ենք միմյանց ու բարեմաղթանքներ հղում, միմյանց նվերներ ենք առնում, ուրախանում և ուրախացնում, իսկ ի՞նչ ենք անում իրական Հոբելյարի համար:
Երբեմն Սուրբ Ծննդյան մեր տոնա­կա­տա­րութ­յունը նմանվում է նրան, որ ծնողները որոշեն իրենց փոքրիկի ծնունդը նշել որևէ ռեստորանում առանց այդ փոքրիկի: Այո, գուցե նրանք մի լավ պարեն, ուրախանան ու զվարճանան, իսկ փոքրի՞կը… Չէ՞ որ այդ օրը նրա ծննդյան տոնն է և հենց նաշ պետք է ուրախանա:
Սիրելինե՛ր, Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի ծնունդն է, և միմյանց շնորհավորելուց առաջ նախ Նրան պետք է շնորհավորենք, միմյանց նվերներ տալուց առաջ նախ Նրան պետք է նվեր տանք, միմյանց ներկայությունը վայելելուց առաջ նախ Նրա ներկայությունը պիտի փնտրենք:
Ցավալի է, բայց մենք թույլ ենք տվել, որ անիրական ձմեռ պապիկը դառնա ավելի կարևոր, ավելի ճանաչված ու ավելի սպասված, քան Ինքը՝ Հիսուս Քրիստոսը, մենք թույլ ենք տվել, որ մեր երեխաներն ավելի շատ իմանան Լապլանդիայի մասին, քան Երկնքի Արքայության, թույլ ենք տվել, որ թռչող եղնիկների պատմությունների լույսի ներքո հրեշտակների Սուրբ Ծննդյան երգը անիրական հեքիաթի պես հնչի:
Վերջում տեղին է հիշել նաև, որ մեր Տեր Հիսուսը «բնակվում էր» երկնքում և ամենևին էլ կարիք չուներ թողնելու երկնքի փառքն ու գալու երկիր, ծնվելու գոմում, չարչարվելու ու մահանալու, սակայն Նա դա արեց, քանի որ սիրում է ինձ և քեզ և չի ցանկանում, որ մենք պատասխան տանք մեր գործած մեղքերի համար:
Նրա ծնունդը լավագույն ու ամենամեծ ապացույցն է Նրա աստվածային սիրո…
Սիրելի՛ ընթերցող, եթե կզգաս, որ այս օրերին սխալ ես թույլ տվել, մոռացել ես իրական հոբել­յարի մասին, իմացիր՝ լավագույն նվերը, որ կարող ես անել նրան, քո սիրտն է. հանձնիր կյանքդ նրան ու դա կլինի ամանորյա քո լավագույն նվերը Սուրբ Ծննդյան Հոբելյարին: