Էս մի տարին էլ պատմություն դարձավ

Էս մի տարին էլ եկավ ու անցավ,
Էս մի տարին էլ լուռ անհետացավ,
Լավ ու վատ դեպքեր, նեղ ու լայն օրեր,
Բոլորն էլ այսօր դառնում են հուշեր:

Ու ժամանակն է, երբ պիտի կանգնես,
Ինքդ քեզանից հաշիվ պահանջես.
Ինչե՜ր արեցինք, որ պիտի չանեինք,
Ու ի՞նչ չարեցինք, երբ անել էր պետք,

Որտե՞ղ ծուլացանք, որտե՞ղ թուլացանք,
Վճռական պահին գուցե վախեցա՞նք,
Ո՞ւմ նեղացրեցինք, իսկ ո՞ւմ օգնեցինք,
Այս ամբողջ տարում ի՞նչ հետք թողեցինք:

Ո՞ւր հասանք կյանքի մեր արահետում,
Անդո՞ւնդն ենք իջնում, թե՞ սարն ենք ելնում,
Ձախողումներ կային, գուցե ձեռքբերում,
Կյանքի անիվը առաջ է շարժվում ու չի սպասում:

Էս մի տարին էլ եկավ ու անցավ,
Էս մի տարին էլ պատմություն դարձավ...