Նկարի՛չ, մի կտոր երջանկություն նկարիր (պատմվածք)

Ցուրտ էր: Ձյունախառն անձրևը, քամին, սաստիկ ցուրտն օրն անտանելի էին դարձնում: Քայլում էի արագ՝ առանց շուրջս նայելու: Ձգտում էի ժամ առաջ հասնել պայմանավորված վայրը:
Դիմացովս մի կին էր անցնում՝ երեխայի ձեռքից բռնած: Երբ գրեթե հավասարվել էի նրանց,  երեխան ձեռքից ինչ-որ բան գցեց ու ինքս էլ չհասկացա, թե ինչպես արագ ընթացքիս մեջ տրորեցի այն... փոքրիկ արջուկ էր... Երեխան վերցրեց կեղտոտված արջուկը, նայեց ինձ ու սկսեց լաց լինել: Ամաչում էի, բայց ի՞նչ կարող էի անել: Ներողություն խնդրեցի,  բայց դա բավական չէր փոքրիկի համար: Նա զայրացած նայեց ինձ ու ամբողջ ուժով տրորեց ոտքս՝ կարծես վրեժխնդիր լինելով արջուկի համար: Քանի որ շատ էի շտապում, ափսոսանքով նայեցի փոքրիկին ու հեռացա, բայց ականջիս նրա ձայնն էր, աչքիս առաջ՝ նրա զայրացած ու արցունքոտ դեմքը:

Մի լավ տրամադրություն չունեի, եղածն էլ փչացավ: Խեղճ փոքրիկին էլ նեղացրի: Չէ, ես հաստատ պիտի գտնեմ նրան: Ասում են՝ նրա կտավներն ինչ-որ զորություն ունեն իրենց մեջ, ուրախացնում են մարդկանց, հաշտեցնում... Գուցե առասպելներ են, բայց մի տեսակ հավատում էի: Ընկերս էր պատմել, որ կնոջ հետ բաժանման եզրին էր, ու նրա տված կտավը փրկել էր իրենց ամուսնությունը: Նկարը տեսել էի. առանձնապես մի մեծ բան չէր: Երեք հոգի նստած թեյ էին խմում. դեմքերից երևում էր, որ ուրախ են ու լավ ժամանակ են անցկացնում: Ու ինքս ինձ հարց էի տալիս, տեսնես այս նկարն ի՞նչ նշանակություն ունի, ի՞նչ զորություն ունի, որ ես այդպես էլ չնկատեցի:

Հիմա ընկերոջս կյանքում ամեն ինչ լավ է… իսկ ե՞ս: Իմ կարգավիճակը կարելի է բնութագրել մի բառով. Միայնություն:
Միայնություն... երբ շրջապատված ես ամբոխով, բայց ոչ ոք չկա կողքիդ, երբ բոլորը հարցնում են՝ինչպես ես, բայց գիտես. Նրանցից ոչ մեկին էլ իրականում չի հետաքրքրում քո որպիսությունը, երբ ծափահարում են՝ակնկալելով, որ իջնես բեմահարթակից, երբ ժպտում են՝փորձելով քողարկել ներքին անտարբերությունը... Երբ խոսում են հետդ, որովհետև ուրիշ հարմար մարդ չկա այդ պահին... Եվ սկսում են քեզ վերաբերվել որպես ընդամենը բոլորի մի մասնիկ ... Միայնություն... երբ ամբոխի մեջ, այնուամենայնիվ, մնում ես ինքդ քո հետ...
Այսպիսին էր իմ՝ միայնության սահմանումը, որը շատ լավ սերտել էի, հասկացել ու հիասթափվել շատ բաներից, տեսնելով շրջակա կեղծիքն ու անարդարությունը՝ փակվել, մեկուսացել, կղզիացել… Այդ մեկուսացումից էլ ծնվել էր մի ներքին թշնամանք դեպի մարդկությունը: Բոլորը թշնամի էին թվում , բոլորը՝ հակառակորդ ու չկամեցող… բայց հիմա ինձ ուրիշ բան էր պետք…

Վերջապես հասա: Նայում եմ հասցեին՝ ճիշտ տեղում եմ, բայց…  Պատկերացրածս մեծ ու գեղեցիկ առանձնատուն էր՝ շքեղ շատրվաններով, այգիով… Բայց հանդիպածս մի փոքրիկ, հին տուն էր:
Դուռը կամաց բացեցի ու ներս մտա: Նկարչի արհեստանոցը թափթփված էր: Ամենուր թափված էին ներկեր, դատարկ պնակներ, կտավներ... Առաջին հայացքից խառնաշփոթ հիշեցնող այս սենյակից էին ծնունդ առել շատ ու շատ արվեստի գործեր, զարմացրել մարդկանց, զարդարել տները... Մի պահ մտածեցի, թե որքան անշուք կլինեին մեր տները, եթե չլիներ այս խառնշտված ու անշուք արհեստանոցը:

- Նկարիչ, ուզում եմ ինձ համար երջանկություն նկարես:
Մի փոքր խորհելուց հետո նկարիչն ասաց.
- Բարեկա՛մս, չե՞ս շփոթել հասցեն: Գիտե՞ս, այս վրձիններն ամենակարող չեն, և բացի դա, նրանք նաև հրաշագործ չեն, ու ավա՜ղ, ամեն ինչ չի, որ լինում է ճիշտ այնպես, ինչպես նկարներում է:
- Ոչի՜նչ, դու նկարիր ինձ համար...  Ուզում եմ վերջապես հասկանալ, թե ինչ տեսք ունի այն և որտեղ շարունակեմ փնտրելը:
- Լա՛վ, բայց մինչ դա դու իմ հյուրն ես, ուստի հարմար հարմար տեղավորվիր, մինչ այս կտավս ավարտեմ ու թեյենք միասին: Այս անտանելի եղանակին թեյն իրոք փրկություն է:
Մի քանի րոպե հետո արդեն միասին նստած թեյում էինք, զրուցում: Երբեք չէի պատկերացնի, որ նա այսքան ուրախ ու կենսախինդ մարդ կլիներ: Խոսում էինք ամեն ինչից՝ կարծես վաղեմի ընկերներ լինեինք: Չէի էլ նկատել, թե ինչպես է ժամանակը թռչում: Վաղուց այսպես չէի թեթևացել, լիաթոք ծիծաղել: Նայում էի նրա սենյակին՝ ուրախ, գունավոր, իսկ ի՞մը, մուգ վարագույրներով, երկաթե դռնով մի գորշ սենյակ էր... Որքա՜ն էինք տարբերվում: Ես վաստակում էի անհամեմատ ավելի շատ,  հաճախ ճաշում էի ռեստորաններում, ներկա էի լինում ամենաբարձրաճաշակ համերգներին, իսկ այս նկարի՞չը, սենյակի կահույքին նայելով՝ կարելի էր ենթադրել, որ նա հազիվ է հասցնում վաստակել օրվա ապրուստը:
Արդեն ուշ էր, ոտքի կանգնեցի, որ դուրս գամ:
- Ներեցեք, այսօր ձեզ չթողեցի աշխատեք:
- Ոչի՜նչ, երբեմն կարելի է նաև հանգստանալ: Շնորհակալ եմ այցելության համար: Վաղը կփորձեմ նկարել ձեր պատվիրած նկարը և ուղարկել:

Շնորհակալություն հայտնելով դուրս եկա: Երբ դուրս էի գալիս, կողքի սենյակի դուռը մի փոքր բաց էր, ու հանկարծ տեսա այն երեխային՝ կեղտոտված ու վնասված արջուկը ձեռքին... Մի տեսակ ամոթ զգացի, բայց ոչինչ չասացի... արագ դուրս եկա ու հեռացա:

Չգիտեմ ինչ, բայց մի բան փոխվել էր մեջս: Նկարչի հետ ունեցած մեր զրույցը, նրա ուրախ ու անհոգ ծիծաղը, բարի վերաբերմունքը ինչ-որ սառույց էին քանդել մեջս... Գնացի մոտակա խաղալիքների խանութը, գնեցի մի գեղեցիկ արջուկ ու խնդրեցի վաճառողին առաքել նկարչի տուն՝ առանց նշելու որևէ անուն և պատվիրատու:

Առավոտյան արթնացա դռան թակոցից:  Մի երիտասարդ սպիտակ թղթով փաթաթած ինձ մեկնեց կտավը:
- Որքա՞ն պետք է վճարեմ:
- Նկարիչն ասաց, որ առաջին անգամն անվճար է,- ժպտալով պատասխանեց երիտասարդն ու հեռացավ:
Սրտի տրոփյունով բացեցի նկարը: Մտածում էի՝ երևի նկարել է խաղաղ ծով ու մայրամուտ, կամ գուցե ինչ-որ հարսանեկան արարողություն, կամ նորածին երեխա... 
Բացեցի կտավն ու մի պահ քարացա. Նկարված էր փոքրիկ մի սենյակ, դիվանին նստած երկու հոգի թեյ էին խմում՝ երկուսն էլ ուրախ ու ժպտացող դեմքերով: Սենյակի անկյունում մի մեծ արև էր, իսկ կտավի ներքևի հատվածում՝ իմ ուղարկած արջուկի նկարը:
Արևի տակ մակագրված էր` Թող քո միջի արևը երբեք մայր չմտնի, այն պետք է թե՛ քեզ, թե՛ քո շրջապատի մարդկանց...

Ակամայից սկսեցի ժպտալ... նայեցի նկարում պատկերված երկու հոգիներին՝ մեկն անծանոթ էր, իսկ մյո՞ւսը… այո՜, նա այն նույն մարդն էր, որ տեսել էի նաև ընկերոջս կտավում:Ամեն ինչ պարզ էր. նկարներում հանդիպող նույն դեմքով մարդը հենց ինքը՝ նկարիչն էր, մյուսներն այն մարդիկ էին, ովքեր երջանկության կարիք ունեին…
Սեփական օրինակով նա ցույց էր տալիս, որ երջանիկ լինելու համար պարզապես պետք է բացել կողպած դռները և պարզապես շփվել մարդկանց հետ: Իսկ երբ այցի են գալիս հիշողություններ՝ մարդիկ, ովքեր տպավորվել են մեր մեջ դավաճանությամբ, նախանձով, հպարտությամբ ու չարությամբ, պարզապես, ինչպես ասում էր հայտնի մի քարոզիչ, պետք է մոռանալ նրանց և հիշել այն մարդկանց, ովքեր մեր կյանքը լցնում են ուրախությամբ, ժպիտներով ու սիրով:
Նկարը փակցրեցի սենյակումս, պատուհանի մուգ վարագույրները հանեցի, վերցրի հեռախոսն ու զանգեցի վաղեմի ընկերներիցս մեկին.

- Ի՞նչ ես ասում, այսօր չհանդիպե՞նք: Արի մեր տուն, միասին թեյ կխմենք, կզրուցենք, վաղուց չենք հանդիպել...

Իսկ ես կարծում էի՝ երջանկության զգացումն անհասանելի մի բան է, որ անմիջական կապ ունի բնակարանի, վաստակած գումարի, աշխատանքի ու շրջապատի մարդկանց հարգանքի հետ, մինչդեռ երջանկությունը կարող է լինել մի բաժակ թեյի շուրջ ստեղծված մթնոլորտը, որ ջերմանում ու ամրանում է մեր ներսի արևից: