Քանի դեռ ժամանակ ունենք...

Երբեմն ասում են՝ տխուր բաներ ես գրում, ավելի լավ կլինի ուրախ գրես… համաձայն եմ, բայց հիմա ի՞նչ կարելի է գրել, երբ արդեն 18 մարդու մահվան լուր եմ լսել, ու բոլորն էլ՝ դժբախտ պատահար…
Վերջերս զգո՞ւմ եք՝ որքա՜ն շատ կյանքեր են կորչում ու հեռանում… երիտասարդ կյանքեր, անժամանակ մահեր, անտեղի կորուստներ…
Ո՞րն է իմ ու քո կյանքի երաշխիքը, ո՞վ կապահովագրի իմ ու քո կյանքը վաղը ինչ-որ դժբախտ պատահարից… Մի խելացի մարդ ասում էր՝ ապրիր ամեն օրդ այնպես, կարծես դա քո վերջին օրն է…
Ակամայից սկսեցի մտածել՝ ի՞նչ կանի մարդը, եթե իմանա, որ դա իր վերջին օրն է… Մի լավ կզվարճանա՞, խենթություննե՞ր կանի, ամբողջ օրը կանցկացնի որևէ շքեղ հյուրանոցում կամ ռեստորանո՞ւմ… ո՜չ, վստահ եմ, որ՝ ո՜չ…
Նա կսկսի շփվել մարդկանց հետ, կվերցնի հեռախոսն ու կսկսի զանգել մարդկանց, հարազատներին, ընկերներին, կկազմակերպի հանդիպումներ, տեսակցություններ, կձգտի հաշտվել, ներողություն խնդրել, բարիք անել…
Երբեմն թվում է՝ մեր կարիքները նյութական են, բայց իրականում յուրաքանչյուրիս հոգևոր կարիքները շա՜տ ավելին են ու անհամեմատ ավելի մեծ, քան նյութականը, որովհետև այն, ինչ նյութական է, ունակ է վայրկենապես արժեզրկվելու…
Եկեք գնահատենք միմյանց, մեր մտերիմներին ու սիրելիներին, քանի դեռ ժամանակ ունենք…