Վերադարձ ապագա կամ՝ 20 տարի անց
1993
թվական… Պատերազմ: Սով: Մութ փողոցներ: Հացի հերթեր: Ցուրտ բնակարան: Խոնավ
ննջասենյակ… Բոլորը կարիքի մեջ են, բոլորը՝ օրվա հացի խնդիր ունեն, ձմռան հագուստի
ու վառելափայտի խնդիր ունեն:
1993
թվական… Հարևանը դուռը թակում է ու մի գդալ աղ ուզում, հետո մի ուրիշ հարևան է
թակում ու ասում, որ տուն հյուր է եկել, «կարողա՞ կարենաս կես մատնաքաշ տաս», հետո
մի ուրիշ հարևանից լսում ես, որ շենքում մարդ է մահացել… տխրում ես, նեղվում,
հիշում… փաստորեն էսօրվա երեկոն այլ կլինի, էսօր հարևաններով չեն հավաքվի ձեր տանն
ու նայեն սերիալը… երեխուն ասում ես, որ կարտոֆիլ քիչ լվանա. դե որ հարևանները չեն գալու, մենակ ձեր ընտանիքի
համար մի քանի հատը բավական կլինի, որ դնի վառարանի վրա, «պլեճ» անեք, ուտեք:
2015
թվական: Համեմատաբար խաղաղ պայմաններ: Զարգացում: Լուսավոր ու հարթ փողոցներ: Շքեղ
սուպերմարկետներ: Եվրոպական բրենդային խանութներ: Ռեստորաններ, հյուրանոցային
համարներ, շքեղ մեքենաներ…
2015
թվական: Բազմության մեջ հանդիպում ես միայնակ մարդկանց, ովքեր շտապում են: Հա՜,
բոլորը ինչ-որ անհասկանալի արագությամբ ինչ-որ տեղ են շտապում: Բոլորը տխուր են:
2015
թվական: Բոլորը խոսում են, բայց կատարյալ լռություն է, հաղորդակցվում են, բայց
բոլորի գլուխը խոնարհված է, ժպտում են, բայց ոչ ոք ոչ մեկի չի նայում. Ու միայն
այդ պահին ես նկատում, որ ամեն մեկի ձեռքին մի հեռախոս կա…
2015
թվական: Նույն շենքում ապրող բնակիչները միմյանց չեն ճանաչում: Յուրաքանչյուրին
հետաքրքրում է իր աշխատանքը, իր գործը, իր հոգսը, իր պարտքերը…
Անցել
է արդեն 20 տարի, բայց հիշողությանս մեջ դեռ վառ են 90-ական թվականները:
Փոքր
երեխա էի, բայց հիշում եմ հացի հերթերը, երբ մարդիկ ժամերով կանգնում էին տասնյակ
մետրեր ձգվող հերթերում ու կտրոնները պահած` համբերությամբ սպասում իրենց հերթին:
Շենքի
կողքին հացի փուռ կար, և արդեն սովորական երևույթ էր դարձել, երբ մարդիկ վատանում
էին հերթի մեջ, ուշաթափվում… երբ իրենց լավ էին զգում, նորից վերադառնում էին
իրենց տեղը ու շարունակում սպասել:
Տխուր
տարիներ էին… Դպրոցում ամեն առավոտ մի բաժակ կաթ էին տալիս ու մի թխվածքաբլիթ: Տան
համար էլ էին ինչ-որ տեղից թխվածքաբլիթ տալիս ու հստակ զգուշացնում՝ ամեն օր ուտել
միայն մեկ հատ… ու մենք հավատարմորեն հետևում էինք ցուցումներին…
Չգիտեմ`
իրոք չէ՞ր կարելի մեկ հատից ավելի ուտել, թե՞ դա միակ տարբերակն էր՝ քաղաքացուն
ամեն օր ուտելու ինչ-որ բանով ապահովելու համար:
Իսկ
լո՞ւյսը… Երեկոյան արդեն որոշված ժամին շրջակա բոլոր շենքերից ու տներից լսվում էր
ծափերի ձայն, որ մեծ ավետիս էր ազդարարում՝ լույսերը տվեցին: Ունեինք երկու ժամ՝
վայելելու այդ մեծագույն բարիքը…
Այս
շարքը կարելի է երկա՜ր շարունակել… սրանք տարիներ էին, որ դեռ երկար կմնան այն
վերապրածների հիշողություների մեջ:
Այսօրվա
պատանին երևի ամենաֆանտաստիկ ֆիլմում էլ չի տեսել ու դժվար պատկերացնի, թե ինչպես
կարելի է ապրել ամբողջ օրը՝ լույս ունենալով միայն երկու ժամ, ինչպես կարելի է
հացի համար ժամեր շարունակ հերթ կանգնել, ինչպես կարելի է երկար կիլոմետրեր քայլել
ոտքով, որովհետև չկային երթևեկելու այլ միջոցներ, ինչպես կարելի է դասերին
պատրաստվել ոչ թե ինտերնետով, այլ մոմի լույսի տակ…
Այսօր
շա՜տ բան է փոխվել… ամեն ինչ հեշտացել է, դարձել ժամանակակից, հեշտ թե դժվար,
յուրաքանչյուրն էլ ձգտում է հետ չմնալ ժամանակի թելադրանքից, քայլել ժամանակին
համահունչ, թեկուզ պարտքով, բայց ունենալ ներկայանալի հեռախոս: Բայց պայմանների
փոփոխման հետ մի ուրիշ բան էլ է փոխվել, որ էլի հիշողությանս մեջ է…
Հիշում
եմ՝ երեկոյան, երբ լույսերը տալիս էին, հարևաններով հավաքվում էին ինչ-որ մեկի
տանը՝ դիտելու բրազիլական հերթական սերիալը, հիշում եմ, թե ինչպես էր մեր հարևանի
երեխան երբեմն գիշերում մեր տանը, հիշում եմ, թե ինչպես էր հարևանն ամեն անգամ
թակում դուռը և խնդրում ինչ-որ հարցով օգնել…
Երբ
շենքերում հարսանիք էր լինում, դա տոն էր բոլորի համար, երբ մեկը մահանում էր՝
սուգ էր դարձյալ բոլորի համար…
Երեկոները
շենքի բակում երաժշտություն էին միացնում ու սկսում պարել, ուրախանալ…
Դժվարությունը,
նեղությունն ու խնդիրները մի տեսակ համախմբել էին բոլորին, «իմ ու քո» շատ չկար,
չկար նախանձություն, մրցավազք… Մարդկանց տները սառն էին, բայց սրտերը ջերմացած
էին…
Այսօր
արդեն բոլորի տները տաք է, բայց… քիչ են անկեղծ հարևանները, ովքեր կուրախանան քո
ուրախությամբ ու կտխրեն քո տխրությամբ, քիչ են մարդիկ, ում դժվարության ժամանակ
կարող ես դիմել, քիչ են մարդիկ, ում կարող ես անվերապահորեն ընկեր համարել:
Այսօր
հարսանիքն ուրախացնում է միայն հարազատներին (եթե բոլորին է անկեղծ ուրախացնում),
իսկ դժբախտությունն ու ողբերգությունը հավաքում է ընդամենը հետաքրքրասերների մի
մեծ լսարան, այսօր կազմակերպվում են հաղորդաշարեր, որտեղ մարդիկ բարձրաձայնում են
իրենց խնդիրը, բայց հավաքվածներից շատերին իրականում հետաքրքրում է սպասվող
ինտրիգը, վիճաբանությունը կամ ծեծկռտուքը, որը պատմելու և խոսելու թեմա կլինի:
Համաձայնես,
թե ոչ, այսօր հասարակությունը անտարբեր է դարձել ինքն իր նկատմամբ, փակվել ու
մեկուսացել… Անգամ արտասահմանում ապրող մեր բարեկամներն են գնալով ավելի սառչում,
հեռանում, օտարանում…
Ամեն
մեկին հետաքրքրում է միայն իր խնդիրները, բայց մենք մոռանում ենք, որ այն ժամանակ
մեր խնդիրներն ավելի շատ էին, ավելի մեծ, ավելի սարսափեցնող, պարզապես այն ժամանակ
ձեռք ձեռքի էինք բռնած, միասին էինք, ու ամեն մեկը երազում էր ոչ թե միայն իր, այլ
նաև բոլորի, երկրի բարգավաճման մասին:
Չկային
գազ ու հոսանք, ջուր ու սնունդ, բայց մարդիկ սեր ունեին, քաղցրություն,
հոգատարություն, նվիրվածություն, չկային գեղեցիկ եկեղեցական շենքեր ու մեծ
դահլիճներ, բայց մարդիկ ավելի ջանասիրությամբ էին գնում եկեղեցի, ավելի հավատքով, ավելի աստվածավախությամբ...
Այն
ժամանակ մարդկանց տները սառն էին, դռները՝ բաց… այսօր տները ջերմացել են, դռները՝
կողպվել… գուցե համատարած չի սա առայժմ, բայց վտանգ ունի դառնալու համատարած:
Այնպես
չի, որ կյանքին նայում եմ գորշ ակնոցներով ու չեմ տեսնում լավն ու բարին, գեղեցիկն
ու գովելին, այնպես չի որ կուզենայի ևս մեկ անգամ վերապրել 90-ական տարիները, բայց
գուցե փորձե՞նք համատեղել, գուցե փորձե՞նք տները ջերմացնելու հետ մեկտեղ
ջերմացնենք նաև մեր սրտերն ու հաղորդ լինենք միմյանց կարիքի, գուցե փորձե՞նք մեր
ամենօրյա վազքի ու շտապողականության մեջ մի պահ կանգ առնել ու նայել մեր կողքի
մարդկանց…
Անցել
է արդեն ավելի քան քսան տարի, ու քսան տարվա վաղեմություն ունեցող
սառնությունը սկսում է նորից ի հայտ գալ, բայց այս անգամ արդեն ներսից…
Տե՜ր,
թույլ մի՛ տուր սառչենք…
Արմեն Նիազյան