Կրակոցներ, որ սպանում են...
Կրակոցներից հետո նա ընկավ գետնին. մեռավ… աչքերը բաց էին. նայում էր ինչ-որ անհայտ ուղղությամբ, շնչում էր, բայց... մահացել էր…
Մոտեցավ հայելուն, նայեց. նայեց ու տեսավ իրեն՝ գետնին ընկած. սրտից արյուն էր կաթում. ինքն իր աչքի առաջ մահանում էր… Նայում էր ու տեսնում, թե ինչպես են աչքերը կամաց-կամաց փակվում, ինչպես է քիչ-քիչ մարում հետաքրքրությունն ամեն ինչի նկատմամբ…
Հետո հիշեց կրակոցները. դրանք հասարակ կրակոցներ չէին: Հասարակ կրակոցները ուղղված են լինում մարմնին և սովորաբար կամ հասնում են իրենց նպատակին, կամ ոչ… այս կրակոցները հատուկ էին. դրանք արձակվել էին լեզու կոչված զենքից՝ խփելով ճիշտ նշանակետին՝ սրտին… Ու հիմա նա մեռնում էր… Արտաքինից չէր երևում, բայց ներքուստ… ներքուստ էլ չկար… Սովորաբար հակառակն է լինում… մարմինը մեռնում է, իսկ հոգին՝ ապրում… այս դեպքում մարմինը կենդանի էր, բայց հոգին… հոգին ուզում էր գտնել ինչ-որ բան, որից կառչելով՝ հետ կվերադարձներ ապրելու ցանկությունը…
Զգույշ եղիր, մա՜րդ, դու ամեն օր դուրս ես գալիս հասարակության մեջ «զինված», և երբեմն այնքա՜ն հեշտ է կրակել… խայթել… սպանել… Միշտ հիշի՛ր, որ ասածդ յուրաքանչյուր բառը գուցե մահացու կրակոց լինի, կրակոց, որ կսպանի դիմացինի երազանքները, նպատակները, ապրելու ձգտումը, կյանքը… ու դու ակամա կդառնաս մարդասպան…