Խուճապի մի՛ մատնվիր
Մեր կյանքում երբեմն գալիս են պարագաներ, երբ նայելով այս կամ այն երևույթին, խուճապի ենք մատնվում: Խուճապի մատնված մարդը դառնում է շատ զգայուն, շատ վախեցած ու անհանգստացած, և հետաքրքիր է այն, որ խուճապն իր հետ բերում է միայն վատ մտքեր ու բացասական լիցքեր:
Սիրելի՛ քրիստոնյա, մեր կյանքում եղել են ու կլինեն դժվարություններ ու խնդիրներ: Որպես մարդ՝ մենք զերծ չենք հիվանդություններից, խնդիրներից ու հոգսերից, և հնարավոր է՝ մեր կյանքում ևս հանդիպեն քամիներ ու փոթորիկներ, հնարավոր է՝ անգամ այդ փոթորիկները ցավեցնեն մեզ, վնասեն մեր նավերը… Ինչպիսի՞ն կլինի իմ ու քո արձագանքը:
Սատանան ուզում է, որպեսզի նման պարագայում մենք անմիջապես խուճապի մատնվենք, որովհետև խուճապի մատնվելով՝ մարդը առաջին հերթին իր հայացքը հեռացնում է հույսից ու հավատից՝ այն կենտրոնացնելով խնդրի և նրա մեծության վրա:
Պողոս առաքյալը նավաբեկության ժամանակ հանգիստ էր, որովհետև գիտեր, որ Աստված պահելու է, նա հանգիստ էր նաև այն ժամանակ, երբ Մելիտե կղզում օձը խայթեց նրան (Գործք 27-28 գլ.): Սրան ի հակառակ, մի օր աշակերտները խուճապի մատնվեցին, երբ փոթորիկ էր, իսկ Հիսուսը քնած էր նավի մեջ: Հիսուսն արթնանալով՝ հանդիմանեց նրանց անհավատության համար. «Ինչո՞ւ եք այդպես վախկոտ. դեռևս հավատ չունե՞ք» (Մարկ. 4:40):
Ինչպե՞ս ես դու դիմագրավում քո կյանքի փոթորիկներին ու դժվարություններին: Լսի՜ր, երբեք մի կասկածիր Աստծո հավատարմության վրա, որովհետև Նա, իր խոստումի համաձայն, քեզ հետ է ամեն ժամանակ: «… Ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը» (Մատթ. 28:20):
Երեխան տաքություն ունի. խուճապն ասում է՝ գիշերը շատ վատ է լինելու, ջերմությունը շատ է բարձրանալու, հավատքն ասում է՝ Դու Աստված ունես, հանգիստ եղիր:
Աշխատանք չունես. խուճապն ասում է՝ վերջ, էլ չես կարողանա ապրել, հավատքն ասում է՝ Աստված քեզ համար մի նոր բան է պատրաստել:
Բժիշկները հիվանդություն են ախտորոշել. խուճապն ասում է՝ էլ ոտքի չես կանգնի, հավատքն ասում է՝ Աստված ամենակարող է:
Մեղք ես գործել. խուճապն ասում է վերջ, Աստված այլևս քեզ չի ների, հավատքն ասում է՝ ծնկիր հենց հիմա ու աղոթիր:
Խուճապը չարի ծրագիրն է, թույլ մի՛ տուր, որ նա հարձակվի քեզ վրա: Նա գործում է հավատքին հակառակ, իսկ ես և դու կանչված ենք՝ հավատքի մարդ լինելու…