Ավելին, քան պարզապես բժշկություն...
«Նրանցից մեկը, երբ տեսավ իր բժշկվելը, ետ դարձավ և բարձր ձայնով փառավորեց Աստծուն, և երեսի վրա ընկավ Նրա ոտքերի առաջ ու շնորհակալություն էր հայտնում Նրան... Հիսուսն էլ պատասխանեց ու ասաց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին, ապա ուր են այն ինը... Վեր կաց և քո ճամփան գնա, քո հավատը քեզ բժշկեց» Ղուկաս 17:15-17:
Յուրաքանչյուր մեկն աղաղակում է Աստծուն դժվարության ու խնդրի մեջ, յուրաքանչյուր մեկն աղաղակում է Աստծուն, երբ փակվում են բոլոր դռներն ու մարում բոլոր լույսերը:
Որքա՜ն հաճախ ենք մենք որևէ հարցով աղոթք բարձրացնում առ Աստված: «Տե՜ր, օգնի՜ր», «Տե՜ր, տո՜ւր», «Տե՜ր, բժշկի՜ր»... Սիրելի՛ քրիստոնյա, մեր Աստված բարի Աստված է, սիրող ու հոգատար Հայր: Մեր ուզած ժամանակին, թե մի փոքր ուշ, մեր մտածած ձևով, թե այլ ճանապարհներով Աստված միշտ պատասխանում է իր զավակների խնդրանքին, բայց ուզում եմ հարց ուղղել ինձ և քեզ...
Արդյոք մենք ժամանակ գտնո՞ւմ ենք հետ գալու և շնորհակալություն հայտնելու: Գիտե՞ս, Աստծո փառքը չի պակասում մեր՝ շնորհակալություն չհայտնելուց ու չփառաբանելուց, և ոչ էլ ավելանում է, որովհետև Նա Փառավոր է՝ բառի ամբողջական և կատարյալ իմաստով: Աստծուն փառաբանելու կարիք մե՜նք ունենք, որովհետև այդ փառաբանությունն է, որ բացում է շատ փակ դռներ, այդ փառաբանությունն է, որ մեզ ավելի է մոտեցնում Աստծուն, այդ փառաբանությունն է, որ տալիս է որդիական իրավունք...
Ուզում եմ քեզ քաջալերել. Մի՛ մոռացիր և մի՛ զլացիր շնորհակալություն հայտնել Աստծուն. սամարացին արդեն բավական հեռացել էր, բայց նա հետ եկավ և երկրպագություն արեց Աստծուն:
Լսի՜ր, մի՛ եղիր միայն պահանջող, քմահաճ երեխայի նման միայն մի՛ աղաղակիր, մի՛ ցանկացիր, այլ ... արի՛ Նրա մոտ, արի՛ Նրա ներկայության մեջ, արի՛ Նրա ոտքերի մոտ... վստահեցնում եմ, երկրի վրա դա ամենաապահով, ամենախաղաղ ու ամենասուրբ վայրն է...
Եվ թող քո շուրթերից կարիքն ու հոգսը բարձրանան առ Աստված գոհության ու երկրպագության հետ մեկտեղ: Աստված սիրում է քեզ և հոգ է տանում քեզ համար:
Ետ վերադարձած սամարացին ստացավ ավելին, քան պարզապես բժշկություն...
«Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով,աղաչանքով ու գոհությունով մեկտեղ՝ ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» Փիլիպպեցիներին 4:6: