Մի՜ ապրիր համակարգչով

Տեխնիկայի դարաշրջանը ստիպում է յուրաքանչյուրիս քայլել ժամանակին համընթաց, անել այն, ինչ թելադրում է ժամանակը, միջավայրը, մթնոլորտը: Ու անկախ մեր հավատամքից, անկախ մեր դավանանքից ու կրոնական պատկանելիությունից ամեն մեկս էլ, լինելով հասարակության մաս ու բաժին, ակամա հայտնվում ենք ժամանակի հորձանուտում ու սկսում ենք անել բաներ, որ թելադրում է ժամանակը…

Ու որքան էլ այն տարօրինակ ու անհասկանալի լինի մեր տարեց սերունդի համար, միևնույնն է, բոլորս կփաստենք, որ այսօր ժամանակները փոխվել են, սովորություններն ու բարքերը ևս:

Հետաքրքիր է, բայց 21-րդ դարում համակարգիչը կարողանում է փոխարինել գրեթե ամեն ինչին, այո՛, այո՛, մի զարմացեք ու ոչ էլ փորձեք հակառակը համոզել:  Կարողանում է փոխարինել, բայց «վա՜յ» էդ փոխարինելուն:

Ուզու՞մ ես Աստվածաշունչ կարդալ, միացրու համակարգիչը և կարդա: Որևէ համա՞ր ես ուզում փնտրել, որպեսզի ժամեր չվատնես Սուրբ Գրքում փնտրելու համար, կարող ես դիմել «ամենագետ» Google-ին ու հաշված վայրկյանների ընթացքում կգտնես ուզածդ թարգմանության ուզածդ համարը:

Առավոտյան չկարողացար արթնանալ ու գնալ եկեղեցի, ոչինչ, հետո կմիացնես ու կդիտես ձայնագրությունը, չէ՞ որ տեխնիկայի դարաշրջանում ենք ապրում, դարաշրջան, երբ պատգամից բացի կարծես թե կարևորվում է քարոզչի հագուստը, բեմի լուսավորությունը, բարձրախոսների որակը

Ուզում ես երաժշտություն լսել, խնդրեմ, միացրու համակարգիչն ու ուզածդ երաժշտությունն ու տեսահոլովակը աչքիդ առաջ է: Ֆի՞լմ ես ուզում նայել: Եթե 15 տարի առաջ պետք է ամիսներով սպասեին որևէ ֆիլմի եթեր դուրս գալուն, այսօր արդեն դա ևս խնդիր չէ:

Ուզում ես խա՞ղ խաղալ: 21-րդ դարի <ամենակարող> համակարգիչը քո առջև կբացի խաղերի մի ամբողջ արքայություն, ի՞նչ կարիք կա գնալ բակ, փոշոտվել, էն մի ժամանակ էր, որ խաղում էին «պահմտոցի»«գետնից բարձր»«класс»... հիմա ժամանակներն այլ են. հիմա ամեն բան կարելի է անել «աչքերի հաշվին»:

Կարոտե՞լ ես ինչ-որ մեկին, ուզում ես զրուցել հետը, ի՞նչ կարիք կա ժամանակ ծախսելու ու գնալու նրա տուն, չէ՞ որ կա «ամենահաս» ֆեյսբուքն ու skype-ը, գրի, խոսիր որքա՜ն ուզում ես, չէ՞ որ եթե հյուր գնայիր, չէիր կարող այդ խոսակցության ընթացքում այլ 10 հոգու հետ ևս խոսել, միաժամանակ հորանջել ու ուտել հերթական բրդուճդ:

Երբ ամեն ինչ շատ հեշտ է դառնում, սկսում է կորցնել իր արժեքը, սկսում է դառնալ հասարակ ու անգույն, շուտ ձանձրացնող ու հոգնեցնող… ուստի եթե չես ուզում շատ արժեքներ ուղղակի կորցնեն իրենց իմաստը, մի սահմանափակիր դրանք համակարգչի հնարավորություններով:

Սխալ չհասկանաք ինձ, ծայրահեղական չեմ ու քաջ գիտակցում եմ, որ այս նյութը, որ կարդում ես, դարձյալ համակարգչի «շնորհքն» է, այսօր շատ շատերին Ավետարանի բարի լուրը հասնում է դարձյալ համակարգչի շնորհիվ, մեր շատ խնդիրներ ու հոգսեր ուղղակի թեթևացել են՝ շնորհիվ այդ առարկայի… ուղղակի ուզում եմ ասել՝ մի ապրիր վիրտուալ կյանքով, համակարգիչը երբեք չի կարող փոխարինել բնականին ու իրականին:

Որքան էլ այսօր համակարգչի առաջ լինես, հիշիր, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, ու պատրաստ եղիր, որ եթե հանկարծ մի օր համակարգիչները չաշխատեն, կամ ինտերնետդ մի ամսով անջատվի, կարողանաս շարունակել ապրել…

Այլապես, Աստված մի արասցե, ինչ-որ մի օր գուցե լսես, թե ստեղծվել է Աստծո հետ հաղորդակցության ծրագիր… ու ակամայից կնստես համակարգչի առաջ, կներբեռնես ծրագիրն ու կսկսես հավաքել՝ «Տեր, դու ինձ լսու՞մ ես…»:

Համակարգչի արևը չի ջերմացնում, ջուրը չի սառեցնում, համակարգչով ծաղկի բույրը չես վայելի, չես զգա զրուցակցիդ ձեռքի ջերմությունը, հուզմունքից դողացող ձայնը, , ներողություն ասելիս չես կարող դիմացինի ձեռքը սեղմել, չես կարող գրկել ու ասել, որ կարոտել ես, չես կարող բռնել ընկերոջդ ձեռքից ու խենթի պես վազելԹվում էր, թե շատ բան կարող ենք անել համակարգչով, մինչդեռորքա՜ն սահմանափակ է այնՄի՜ ապրիր համակարգչով…