Մի՛ շտապիր համացանցային զգացմունքների վրա ապագա կյանքդ պլանավորել…

Ինտերնետային ծանոթություն… որքան էլ լսած լինենք դրա լավ կողմերի, արդյունավետ ամուսնությունների մասին, այնուամենայնիվ, համաձայնիր ինձ հետ, սիրելի՛ ընթերցող, որ վատն ու բացասականը, խաբուսիկն ու կեղծավորն ավելի շատ է: Չեմ ասում, թե չօգտագործես համացանցը շփման ու ծանոթություններ հաստատելու համար, սակայն միշտ հիշիր, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Մի' տրվիր ինտերնետային գայթակղիչ խոսքերին, թույլ մի' տուր, որ վիրտուալ կյանքը քեզ համար ավելի կարևոր ու ավելի իրական դառնա: Մի' ապրիր վիրտուալ կյանքով: 

Գիտե՞ս, կարող ես ինչ-որ մեկի հետ շփվել ամիսներով ու երբեք էլ նրան չճանաչել, չէ որ համացանցով շա՜տ հեշտ է ստել, շա՜տ հեշտ է գեղեցիկ խոսքեր շռայլել: Մտածիր մի պահ, ինչու են մարդիկ հենց համացանցում օգտագործում ամենաշատ փաղաքշական ու գեղեցիկ խոսքերը, ինչու են համացանցում հնչում ամենաշատ սիրո խոստովանությունները, որովհետև դա շա՜տ ավելի հեշտ է...

Ինչ-որ մեկը քեզ գրում է գեղեցիկ խոսքեր, ասում, որ դու շատ լավն ես, շատ գեղեցիկ, շատ հաճելի…. Ու քանի դեռ դու ուրախանում ես ու վայելում նրա խոսքերը, ով գիտե, գուցե քո զրուցակիցը շտապում է <copy-paste> տարբերակով մեկ ուրիշին էլ նույն կերպ ուրախացնել...

Չեմ ուզում բացասական լիցքեր հաղորդել, սակայն զգույշ եղիր, և մի՛ շտապիր համացանցային զգացմունքների վրա ապագա կյանքդ պլանավորել…