Աստված երբեք չի ուշանում

Հովհ. 11-րդ գլխում կարդում ենք Ղազարոսի մասին, ով մահացել էր արդեն 4 օր և գտնվում էր գերեզմանում: Եվ այդտեղ է գալիս Հիսուսը:
Գիտե՞ս, Սուրբ Գրքում տեսնում ենք, որ բոլոր այն վայրերը, որտեղ լինում էր Հիսուսը, անպայման ինչ-որ արտառոց բան էր կատարվում՝ հրաշք, բժշկություն, ազատագրություն, հարություն… Այդ օրն էլ պատահական օր չէր. Հիսուսի ներկայությունը բավարար էր, որ մահացած Ղազարոսը հարություն առներ: Չեմ ուզում կարդաս այս ամենը և անցնես լոկ որպես պատմություն: Սա մի օրինակ էր, հավատքի դաս ու վստահության փորձառություն:
Հիսուսն այսօր էլ կենդանի է, նա բնակվում է իմ ու քո սրտում, նրա ներկայությունը ամենուր է, նրա ներկայությունը քո կյանքի մեջ է. Ինչպե՞ս է դրսևորվում այդ ներկայությունը: Արդյո՞ք այն հրաշքներ է գործում, արդյո՞ք այն բժշկություն է պարգևում, արդյո՞ք այն գործի է դնում Սուրբ Հոգու գերբնական զորությունը:
Հովհ. 11:40 - …Եթե հավատասԱստծո փառքը կտեսնես:
Այս խոսքերը Հիսուսն ասաց Մարիամին, ով հուսալքված արտասվում էր. Չկար հույսի ոչ մի նշույլ. Հիսուսն ուշացել էր. Ղազարոսն արդեն մահացել էր… Սիրելի՛ քրիստոնյա, ինչ իրավիճակի մեջ էլ որ լինես, միշտ հիշիր, որ Աստված երբեք իր զավակին մենակ չի թողնում, նա երբեք չի ուշանում:
Կարևոր չէ՝ ինչ են ասում բժշիկները, կարևոր չէ, երբ որ դու նայում ես ու տեսնում, որ այս ամիս աշխատավարձդ չի բավականացնելու, կարևոր չէ, որ երբ պատմեցիր Հիսուսի մասին, մարդը չապաշխարեց ու ծաղրեց քեզ… Ինչ է ասում Աստված – այ սա՛ է կարևոր: Աստված ասում է բժշկելու եմ քեզ, Աստված ասում է հոգ եմ տանելու քեզ համար, Աստված ասում է՝ դու մուրացկանություն չես անելու, Աստված ասում է՝ քո միջոցով մեծամեծ գործեր եմ անելու… հավատքով վերցրու այս ամենը… սա՛ է ճշմարտությունը, սա՛ է պատրաստել Աստված քեզ համար: