Ընկեր. առանձնահատուկ և միակ

Մարդու լավագույն Ընկերը, ըստ իս, պետք է լինի նախ և առաջ Հիսուսը, մեկը, ով ամեն ժամանակ կողքիդ է, հետո՝ ընտանիքը, որ քեզ ընդունում է ամեն ժամանակ, պատրաստ է ներել սխալներդ և սիրով ծածկել դրանք… Բայց ուզենք թե չուզենք ապրում ենք հասարակության մեջ, շփվում ենք տարբեր մարդկանց հետ, և այդ շփման արդյունքում էլ բացահայտում ենք, որ որոշ մարդիկ շատ ավելի հարիր են մեզ, մեր խառնվածքին, բացահայտում ենք, որ ուզում ենք որոշների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել… ու ձևավորվում է ընկերությունը…

Ասում են՝ ընկերությունը հարստություն է, արժեք, ընկերները՝ անգնահատելի ու անփոխարինելի գանձեր:

Ընկերություն, գիտե՞ս ինչ է դա: Երբ որևէ մեկին շատ ավելի մոտ ես թողնում քեզ, երբ ինչ-որ մեկի հետ շատ ավելի բաց ես, անկեղծ, պարզ, երբ ինչ-որ մեկին նվիրվում ես ու քեզանից անկախ նա դառնում է քո կյանքի մի մասնիկը՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով քո ներաշխարհում , քո մտածմունքներում, երբ սկսում ես ուրախանալ նրա հաջողություններով ու տխրել անհաջողության ժամանակ… 
Ընկերդ դառնում է կյանքիդ անբաժան մի մասնիկը, մի ուղեկից, ում հետ ուզում ես անցկացնել  ուրախ ու տխուր պահերդ, ով ուզում ես կողքիդ հայտնվի այն ժամանակ, երբ նրա կարիքն ես զգում, մեկը, ում հետ կարող ես խոսես ինչից ցանկանաս ու չմտածես, թե գուցե քեզ չի հասկանա…

Ինչու Ընկեր, և ոչ թե ընկերներ, որովհետև Ընկերն անհատականություն է, այն երբեք չի կարող դառնալ խմբի մի մաս: Այո՛, նրանք գուցե լինեն 2, 5 կամ 10, բայց նրանցից յուրաքանչյուրը Ընկեր է՝ առանձնահատուկ և միակ:

Մեր օրերում այնքա՜ն քիչ է Ընկերը… Եթե ունես Ընկեր, ամուր բռնիր նրան, թույլ մի տուր, որ տարածությունն ու ժամանակը հեռացնեն ձեզ միմյանցից, թույլ մի տուր որ չարախոսությունն ու բամբասանքը ներխուժեն ձեր փոխհարաբերությունների մեջ, թույլ մի տուր որ անիմաստ ու չնչին բաներից նեղվեք ու հեռանաք միմյանցից, թույլ մի տուր, որ Ընկերդ մի օր դառնա ընկերներիցդ մեկը…


Ու դու էլ փորձիր Ընկեր լինես, ու երբ կտեսնես, որ ինչ-որ մեկը քեզ թույլ է տվել շատ մոտենաս, ինչ-որ մեկն անկեղծացել ու բացվել է քո առաջ ավելի շատ, զգույշ եղիր, որ չցավեցնես, որովհետև նա վստահում է քեզ, որովհետև նա անպաշտպան է քո առաջ, որովհետև մոտիկից հարվածը շատ ավելի ցավոտ է լինում…