Չասված խոսքերի գինը
Մոռանալով անգամ անձրևանոցը, նա կայծակի նման դուրս նետվեց ու սկսեց վազել հորդառատ անձրևի տակ: Անձրևախառն արցունքները թափվում էին աչքերից, սիրտը արագ բաբախում էր, շունչը կտրվում: Ձգտում էր րոպե առաջ հասնել. չէ որ ամեն վայրկյանը կարևոր էր…
Հեռվում նշմարվեց մեծ ու սպիտակ շինությունը: Հուզմունքից ու վախից չէր էլ նկատում՝ ինչ է կատարվում իր շուրջը: Վազում էր խելագարի պես… Սայթաքեց, ընկավ, ոտքի ցավից ատամները սեղմեց, բայց ուշադրություն չդարձրեց ու դարձյալ սկսեց վազել:
Ամեն ինչ կտար, որ ժամանակը ետ բերեր, ամեն ինչ կտար, որ գոնե մեկ օր կարողանար ետ բերել… Ախր այնքա՜ն բան կարող էր անել այդ մեկ օրվա մեջ, այնքա՜ն բան… Հուզմունքը խեղդում էր կոկորդը… Որքա՜ն չասված խոսքեր կային, որ այդ պահին ցանկանում էին դուրս գալ շուրթերից, որքան խոսքեր, որոնցով լցված էր սիրտը… ուզում էր ասել, բղավել, գոռալ, բայց ո՞վ պիտի լսեր…
Վերջապես տեղ հասավ: Սարսափելի տեսք ուներ. Ամբողջովին թրջված, կարմրած աչքերով, ոտքը արյունոտ… եթե միայն տեսնեին, թե սրտում ինչ է կատարվում, սիրտն ինչպես է արտասվում ու արնաքամ լինում: Հավաքվածներից ոչ ոք ոչինչ չասաց. բոլորը լուռ սպասում էին:
Գլուխն առավ ափերի մեջ ու նստեց, չէ, ինչպես կարող էր նստել, անհանգիստ էր. կանգնեց ու սկսեց քայլել միջանցքում: Աչքի առաջ պատկերներ էին գալիս, դրվագներ, որտեղ նրանք միասին էին, զվարճանում էին, խենթություններ անում, ուրախանում ու տխրում միասին…
Հիշեց, թե ինչպես վերջին անգամ վիճվեցին: Շատ էր եղել, որ տարիների ընթացքում երբեմն վիճվել էին, նեղացրել միմյանց, նեղացել, բայց և արագ հաշտվել… բայց այս մեկը չգիտես ինչու երկարել էր՝ ժամանակի հետ բերելով սառնություն, վիրավորվածություն… Հիշեց, թե քանի՜ անգամ էր վերցրել հեռախոսը, որ զանգեր, նստել էր համակարգչի առաջ, որ գրեր, բայց… բայց վերջին պահին հպարտությունը թույլ չէր տվել… Եթե միայն կարողանար հետ բերել ժամանակը, գոնե մեկ օր…
Բժիշկը դուրս եկավ վիրահատարանից. Բոլորն անմիջապես շրջապատեցին բժշկին: Նայեց հավաքված ամբոխի կողմը. Վախենում էր, վախենում էր որ եթե մոտենա բժշկին, գուցե լսի մի բան, որ կմթագնի իր աշխարհը… չէ, այսպես լավ է, բոլորից հեռու թող ես փայփայեմ այն հույսի վերջին կաթիլները, թող ես հավատամ, որ դեռ տեսնելու եմ նրան, գրկելու եմ ու ասեմ այնքա՜ն չասված խոսքերը… Նայեցի գլխիկոր հեռացող բժշկի հետևից... բոլորը տխուր էին, բոլորն արտասվում էին... Երևի նրանք էլ ինձ պես չէին հասցրել որոշ խոսքեր ասել...
Որքա՜ն արագ կարելի է կորցնել ամեն բան… Հարստությունից աղքատություն, ընկերությունից միայնություն, ուրախությունից տրտմություն… Ընդամենը մի քայլ է, մի ակնթարթ…
Այն, ինչով հպարտանում էիր երեկ, վաղը կարող է էլ չլինել... ուստի... գնահատի՛ր ընկերներիդ, մա՛րդ, գնահատի՛ր ունեցածդ, գնահատ՛իր մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են քեզ... ում դու ես սիրում... գնահատի՛ր ամեն վայրկյանը, քանի դեռ նրանք կողքիդ են... որովհետև վաղը գուցե էլ կողքիդ չլինեն... Ուշացած լինելու զգացումը... այն խնայել չգիտի... կարոտը նույնպես... Իսկ չասված խոսքե՞րը... նրանք էլ գին չունեին, նրանք էլ ոչ ոքի պետք չէին...