Էլի կրակոց...
Էլի կրակոց, էլի լարվածություն,
էլի վատ լուրի սպասող անհանգստություն… Պատերազմ տեսած ժողովուրդ ենք, գիտենք ինչ է
նշանակում կորուստներ ունենալ, գիտենք ինչ է նշանակում կենաց ու մահու պայքար տալ,
գիտենք ինչ է նշանակում մեր հող ու ջրին տեր կանգնել, գիտենք մեռնել, բայց չնահանջել…
Դա ապացուցել ենք հազարամյակներ առաջ, հարյուրամյակներ ու տասնամյակներ առաջ:
Բայց այսօր, երբ դեռ չի սպիացել պատերազմ տեսած ժողովրդի վերքերը,
նորից պատերազմի վտանգ… Ու թվում է, թե կառավարությունից ու տնտեսությունից հոգնած
ժողովուրդը այս անգամ կպարտվի, կգնա, կմոռանա… բայց չէ, այս անգամ ևս պատերազմի վտանգը
միաբանեց հային, ցույց տվեց, որ պահել ենք մեր արժեքները, ցույց տվեց, որ պատրաստ ենք
մեր հողի համար նորից ոտքի կանգնել՝ հույսներս դնելով միայն ու միայն մեր բազկի վրա:
Դա վկայում են մեր հերոսները, մեր քաջ զինվորները, մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն վայրկյան
գնալ ու պաշտպանել սեփական երկիրը:
Բայց չէ, պատերազմ թող չլինի, որովհետև յուրաքանչյուր զինվորի
արյուն, որ թափվում է սահմանին, ողողում է ամեն մի հայորդու սիրտը, այդ վիշտը թակում
է ամեն մի հայի օջախն ու ստիպում մի պահ լռել, սգալ դառը կորուստը ու մխիթարանքի խոսքեր
ուղղել զոհվածի հարազատներին:
Թող չաշխատի պատերազմ
կոչված մեքենան, թող խելքի գան այդ մեքենան աշխատացնողները և հասկանան, կյանքը թանկ
է, ամեն մի զինվոր՝ մի պարգև, մի օջախ ու մի պատմություն:
Սիրելի զինվոր, զգոն
եղիր, ուշադիր, հիշիր ամեն վայրկյան, որ քեզ տանը սպասում են, սպասում են քո ընտանիքը, քո
հարազատները, քո ընկերները, քո
հայրենիքը… Այսօր դու ես պահում քո հարազատներին, բայց Աստված մի արասցե, պատերազմ
լինի, վստահ եղիր, ընկերներդ կողքիդ կլինեն, հայ ժողովուրդը ոտքի կկանգնի ու կգա, կգա
պաշտպանելու իր զինվորներին, իր երկիրը, իր հայրենիքն ու իր ինքնությունը:
Սիրելի քրիստոնյա,
խուճապի մի մատնվիր ու միշտ հիշիր՝ մենք Աստված ունենք: Աղոթիր, շա՜տ աղոթիր մեր զինվորների
ու մեր երկրի համար, մեր սահմանների ու խաղաղության համար… Աղոթիր, որ կորչեն պատերազմներն
ու կյանք խլող գնդակները, աղոթիր, որ երկիրը
շենանա ու բարգավաճի, աղոթիր, որ խաղաղություն լինի...
Տե՜ր, պահի՜ր Հայաստան աշխարհը...