Իմ շնորհը քեզ բավական է

«Եվ Նա ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»: Հետևաբար ավելի շուտ ուրախությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի իմ մեջ: Այդ պատճառով տկարությունների, նախատինքների, կարիքի, հալածանքների և նեղությունների հոժար եմ Քրիստոսի համար, որովհետև երբ ես տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ. 12.9-10):
Դժվար է տկարության մեջ ուրախանալ, անտրամաբանական է: Բայց նույնքան ավելի դժվար է հասկանալ Քրիստոսի սիրո մեծությունը, Նրա շնորհի առատությունը, Նրա ողորմությունը:
Սիրելի՛ քրիստոնյա, եթե այսօր ունես որևէ տկարություն, որևէ խնդիր, հիշիր, որ Քրիստոսի շնորհը բավական պատճառ է՝ ուրախ լինելու: Նայիր ոչ թե քո դժվարությանը, այլ ամենակարող Աստծուն, ով անհամեմատ ավելի մեծ է:
Ունես տկարություն, հոգս, հիվանդություն… Ունես նաև Աստված, ով ասում է՝ Իմ շնորհը քեզ բավական է: Թույլ մի՛ տուր, որ տրտմությունը, նեղվածությունը, զանազան անհանգստացնող մտքեր հեռացնեն քեզանից այն վստահությունը, որ Տերը միշտ քո կողքին է:
Ինչպես է մայրը խնամում իր հիվանդ զավակին, ինչպիսին է լինում ծնողի զգացողությունը, երբ տեսնում է իր զավակը տկարության մեջ է…
Մեզ համար շա՜տ ավելի անհանգստանում է ամենակարող Աստված… Քո տկարության մեջ մի՛ մոռացիր բռնել քեզ ուղղված Նրա ձեռքը…