Դուռ՝ առանց բռնակի, տուն՝ առանց տանիքի…
Տուն՝ առանց տանիքի, պատուհան՝ առանց ապակու, դուռ՝ առանց բռնակի, կողպեք՝ առանց բանալու…
Այսպիսին ենք մենք առանց Աստծո՝ ոչ պիտանի, թերի, անարժեք…
Եթե չես ճանաչում Աստծուն, մի՛ սպասիր, թե ինչ-որ բան կլրացնի կյանքդ ու քեզ օրերից մի օր բավարարված կզգաս… Դու Հիսուսի կարիքն ունես…
Հիշի՛ր քո ընկերներից ամենահարազատին, վստահեցնում եմ, որ Նա ավելի լավն է, կհարցնես՝ ինչո՞ւ…
Նա երբեք չի մոռանում քեզ, Նա երբեք չի հեռանում քեզանից, Նա երբեք չի դավաճանում քեզ ու կարող ես հանգիստ լինել, Նա երբեք ուրիշին չի պատմի քո գաղտնիքները…
Շատերն այսօր կարող են պատճառ լինել քո արցունքների, Նա քնքշորեն սրբում է դրանք…
Շատերն այսօր կարող են տրտմեցնել քեզ, Նա փորձում է ուրախացնել ամեն ակնթարթ…
Շատերը կհիասթափեցնեն, Նա քեզ ամեն օրվա համար նոր հույս է տալիս…
Շատերի մոտ դու արժեք չես ունենա, Նրա համար դու անգին ես…
Նրա սերը պարզ ու անկեղծ է, անսահման ու անշահախնդիր… Նա տալիս է՝ առանց շահի ակնկալիքի, Նա սիրում է՝ անգամ եթե դա փոխադարձ չէ, Նա մահացավ քեզ համար, անգամ եթե այսօր դու դժվարանում ես ապրել Նրա համար…
Ուզո՞ւմ ես ճանաչել Նրան, Նա արդեն վաղու՜ց սպասում է քեզ…