Կրակոց՝ զանգերի փոխարեն. պաշտպանի՛ր Քեսապը քո աղոթքներով
Մինչ վերջերս Քեսապի մասին քչերը գիտեին, քչերը գիտեին, որ այնտեղ հայաբնակ վայրեր կան, գյուղեր, որ այնտեղ շարունակվում էր պահպանվել հայկական մշակույթն ու հայի հոգին:
Այսօր տեղյակ ենք բոլորս… տեղյակ ենք, որովհետև վատ լուրն ավելի շուտ է հասնում…
Ամեն ինչ կրկնվում է ճիշտ այնպես, ինչպես եղավ 1915 թվականին: Քեսապահայերը կործանման առաջ կանգնած են եղել 1909 և 1915 թվականներին, երբ հակառակորդը փորձել է ոչնչացնել, սպանել, վերացնել… թվում է դա անցյալ էր, սակայն 2014 թվականի մարտի 21-ին պատմությունը դարձյալ կրկնվեց…
Հայն ապրում էր, արարում, աղոթում Աստծուն, ուրախանում իր զավակներով, իր աշխատանքով, իր հայ լինելով, հպարտանում, որ աշխարհում առաջին քրիստոնյա ազգն է, մինչդեռ հակառակորդն այլ ծրագրեր ուներ…
Մի առավոտ եկեղեցու ղողանջների փոխարեն հանկարծ կրակոցներ լսվեցին, ու հայերի պատմության մեջ մի նոր՝ արյունոտ էջ ավելացվեց՝ Քեսապ անունով…
Ապրել օտար երկրում ու շարունակել մնալ քրիստոնյա՝ սրա համար դարձյալ պահանջվեց գին վճարել, սրա համար դարձյալ պահանջվեց զրկվել ունեցվածքից, ապրուստից, գաղթական դառնալ…
Ու այսօր 1000-ավոր հայեր վտանգի մեջ են: Բացի սոցկայքերում նկարներ տարածելուց, հայե՜ր, քրիստոնյանե՜ր, եկե՛ք միաբանվենք մեր աղոթքով, եկե՛ք աղոթենք մեր քույր-եղբայրների համար, աղաղակե՛նք Աստծուն, մեր աղոթքներով եկե՛ք պահպանենք մեր հայրենակիցներին, որ էլ երբևէ Սումգայիթներ ու Քեսապներ չլինեն, որ հայը որտեղ էլ լինի, շարունակի արարել ու շարունակի հպարտանալ իր՝ քրիստոնյա լինելով:
Աղոթքը հաղթանակ կբերի, աղոթքը պաշտպանություն կդառնա, աղոթքը հույսի դռներ կբացի…
Աղոթե՞լ ես այսօր նրանց համար: Եթե ոչ, հենց հիմա, ծնկի՛ր ու բարձրացրո՛ւ սրտիդ աղոթքը, եղիր քո եղբայրների կողքին, չէ որ «արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի»:
Հ.Գ. Սիրելի՛ քրիստոնյա, աղոթքներիդ մեջ հիշիր նաև այն բոլոր քրիստոնյաներին, ովքեր այսօր Միջին Արևելքում ենթարկվում են կտտանքների, որոնց այսօր դաժանաբար սպանում են, որովհետև նրանք քրիստոնյա են…