Գնա հոսանքին հակառակ

Այսօր ապրում ենք անապատային աշխարհում: Նայում ես շուրջդ՝ շողշողուն լույսեր, վառ գովազդներ, անհոգ երիտասարդներ, ուրախ կյանք, համացանցում և սոցկայքերում անվերջանալի սմայլիկներ ու բարի խոսքեր…
Բայց իրականում էդ ամենը պատրանք է: Փորձիր հոգևոր աչքերով նայել այդ ամենին, ու կտեսնես, որ ապրում ենք անապատում:
Այն ամենը, ինչ այսօր ուրախ է ու զվարճալի, կարող է մեկ ակնթարթում ի չիք դառնալ:
Ի՞նչ կլինի, եթե մի օր համացանցն անհետանա, ի՞նչ կլինի, եթե այդ անհոգ ու ուրախ երիտասարդներին ինչ-որ մեկը թմրանյութ առաջարկի, ծուռ ճանապարհով գումար աշխատելու տարբերակ, կամ էլ ռոմանտիկ սեր ու կյանք խոստանա մեկը դիմացինին՝ նպատակ ունենալով խաբել, պատվազրկել ու ծիծաղել նրա զգացմունքների վրա:
Այսօր մարդիկ ծարավ են, ծարավ են նոր փորձառությունների և նոր զգացողությունների: Աշխարհն այդ ամենն ապահովում է՝ հրամցնելով այդ ծարավ երիտասարդներին խմիչք, թմրանյութ, ծխախոտ, ազատ ապրելակերպ, ընկերներ, որոնց համար հայհոյախառն խոսքեր ասելը, աղջիկների զգացմունքների հետ խաղալը, զվարճանալն ու խաղատներ այցելելը սովորական բաներ են, ընկերուհիներ, որոնք վարժվել են նախանձի ու բամբասանքի մեջ, որոնց խոսքերը, ժեստերն ու հագուստը, ավաղ, շատ հեռու են պարկեշտ ու օրինակելի լինելուց…
Սա է առաջարկում աշխարհը ծարավ երիտասարդներին:
Ի՞նչ ես դո՛ւ առաջարկում: Ի՞նչ ես դո՛ւ տալիս նրանց՝ որպես Քրիստոսի Եկեղեցի:
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա որովայնից կենդանի ջրի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7.37-38 ):
Ես չգիտեմ մինչև հիմա ինչ ես տվել քո շրջապատին, բայց ուզում եմ մտածես այդ մասին: Դու կանչված ես, որ քո միջից, քո սրտից ու քո բերանից կյանք պարգևող գետեր դուրս գան, քաջալերող խոսքեր դուրս գան, Տիրոջ մասին պատմող վկայություններ դուրս գան:
Մի՛ վախեցիր գնալ հոսանքին հակառակ: Մի՛ վախեցիր տարբերվել աշխարհից: Հիշիր, որ քո ամենամոտ ընկերը, ընկերուհին, բարեկամն ու հարազատը գնում է կորստյան, և դու ես, որ կանչված ես նրան կանգնեցնելու, շտկելու և Քրիստոսին առաջնորդելու համար: