Հռչակիր Տիրոջն ընդունելու տարին
Տիրոջ Հոգին Իմ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին` տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու: Ղուկ. 4:18-19
Այս խոսքերը գրել է Եսայի մարգարեն (Ես. 61:1-2). գրել է Հիսուս Քրիստոսի մասին, և նա, կարդալով այս խոսքերը, հաստատեց, որ ամեն բան կատարվեց: Ինչ ես դու զգում, սիրելի քրիստոնյա, երբ կարդում ես այս խոսքերը: Արդյո՞ք չեն մղում դրանք քեզ որևէ գործողության: Նայիր քո շուրջը…
Մարդիկ, ովքեր չունեն Քրիստոսին իրենց սրտում, այնքա՜ն աղքատ են: Մարդիկ, ովքեր իրենց սիրտը Քրիստոսին տալու փոխարեն տալիս են ամենատարբեր զբաղմունքներին, մարդկանց, զվարճանքներին ու ժամանակավոր հաճույքներին, ինչ-որ մի օր բացահայտում են, որ իրենց սիրտը կոտրված է, տրորված, անարգված ու արհամարհված և բժշկվելու կարիք ունի: Մարդիկ, ովքեր չեն ճանաչում Քրիստոսին ապրում են մեղքի գերության մեջ. երևի տեսած կլինես մարդկանց, ովքեր ամբողջ սրտով ցանկանում են թողնել մեղքը, ազատագրվել ծխախոտից ու ալկոհոլից, թմրանյութից ու խաղատներից, վատ սովորություններից ու մարմնի գործերից, սակայն չեն կարողանում…Մարդիկ, ովքեր ամուսնացել են, ընտանիք կազմել, սակայն չգիտեն թե ինչ է ընտանեկան երջանկությունը… Գնա, քարոզիր Ավետարանը, տար այդ մարդկանց ավետիսը, ասա, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ… Աստված այսօր քեզ կանչել է, որ դու բարի լուրը տարածես մարդկանց, որ հասնես նրանց, և որ Աստծո Խոսքի միջոցով բացվեն նրանց աչքերն ու վերջ տրվեն ամեն տանջանքներին:
Սիրելի ընթերցող, եթե այսօր քո սիրտն էլ կոտրել են, եթե քեզ էլ հոգնեցրել է մեղքի ծանրությունը, եթե քեզ էլ ձանձրացրել է աշխարհի ունայնությունը, եթե հոգնել ես շրջապատող կեղծիքից ու անարդարությունից, կա մեկ ճանապարհ. մոտեցիր Քրիստոսին. քո և քո ընտանիքի համար հռչակիր Տիրոջ ընդունելու տարին և թույլ տուր, որ Հիսուս Քրիստոսն իր բժշկարար զորությամբ գա և սկսի իր հրաշալի գործերը քո կյանքի, քո տան, քո ընտանիքի մեջ…