Պատրաստիր սիրտդ

…Աստված մարդու նման չի նայում, քանի որ մարդն աչքի երևացածին է նայում, իսկ Տերը՝ սրտին: Ա Թագ. 16:7
Երբ որ Աստված պատրաստվում էր Դավիթին թագավոր օծել, Սամուելը սխալ ընտրություն էր անում ամեն անգամ: Աստծով առաջնորդված՝ նա եկել էր Դավթի հոր տուն, սակայն մարդկային պատկերացումներն ու երևույթը խանգարում էին ճիշտ ընտրություն կատարել: Եվ Աստված խոսեց՝ ասելով, որ նա արտաքինին չի նայում, այլ սրտին:
Սիրելի քրիստոնյա, այսօր մենք բավականին շատ ժամանակ ենք հատկացնում՝ մեր արտաքին տեսքը գեղեցիկ պահելու համար, շատ ջանք ենք խնայում՝ մարդկանց մոտ լավ տպավորություն, գեղեցիկ ազդեցություն թողնելու համար: Այդ ամենը լավ է, բայց հիշիր, որ Տերը նայում է սրտին: Ի՞նչ տպավորություն ես թողնում Աստծո մոտ: Ի՞նչ կարծիք ունի Աստված քո մասին:
Շատ լավ է լավ տպավորություն թողնելը մարդկանց մոտ, բայց Աստված իր համար գործիչներ ընտրում է՝ նախ և առաջ սրտին նայելով: Արդյոք քո սիրտն ուղի՞ղ է Աստծո առաջ: Ուզո՞ւմ ես լինել Աստծո զորավոր գործիչը: Հետևիր սրտիդ խորհուրդներին, սրտիդ ցանկություններին, սրտիդ մաքրությանը… Պատրաստվիր, գուցե Աստված կանչում է քեզ մի մեծ ծառայության և սպասում է, թե երբ քո սիրտը պատրաստ կլինի դրան:
Ով Աստված, մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ և իմ ներսում շիտակ հոգի նորոգիր: Սաղմ. 51:10