Երբ դադարում ենք աղոթել

Երբեմն մեր կյանքում գալիս են պարագաներ, երբ աղոթում ենք ինչ-որ բանի համար, սակայն պատասխան չենք ստանում…  Նորից ենք աղոթում, նորից, նորից, սակայն դարձյալ «անարդյունավետ»:
Նման պարագայում առաջին բանը, որ մտածում ենք, այն է, թե Աստված մեզ չի լսում…
Ու գալիս է հուսահատություն, ընկճում, երբեմն անգամ դադարում ենք աղոթել…
«Բայց ես Տիրոջը պիտի սպասեմ, իմ փրկության Աստծուն պիտի հուսամ, Իմ Աստված ինձ պիտի լսի» (Միքիա 7.7):
Մենք չենք սիրում սպասել…
Այո, մենք ուզում ենք անմիջապես ստանալ մեր աղոթքի պատասխանը, սակայն Աստված երբեմն այլ կերպ է գործում: Երբևէ մի մտածիր, թե Աստված կանտեսի իր զավակին, նրա կարիքը, հոգսը, հիվանդությունը:
Սիրելի՛ քրիստոնյա, Աստված քեզ համար պահած բազում խոստումներ ու օրհնություններ ունի,  և դրանց արժանանալու համար մեզ անհրաժեշտ է երբեմն հավատարմորեն սպասել…
Ունես խնդիր ու դժվարությո՞ւն, հայտնվել ես փակուղո՞ւմ, մի՛ դադարիր, շարունակի՛ր աղոթել, աղոթել, աղոթել… ու սպասել:
Սպասման մեջ է միայն երևալու քո հավատարմությունը, և երբեմն գուցե Աստված ուզում է տեսնել իմ ու քո մեջ այդ հավատարմությունը…
Աբրահամը 25 տարի սպասեց խոստացված զավակին, Հոբն իր նեղության ու հիվանդության մեջ կարողացավ համբերությամբ սպասել, Հովսեփը ևս շատ փորձությունների միջով անցավ, բայց կարողացավ սպասել Տիրոջը:
Աստված երբեք չի ուշացնում Իր խոստումները:
«Տիրոջը սպասիր, զորացիր ու սիրտդ թող զորանա, դարձյալ Տիրոջը սպասիր» (Սաղմ. 27.14)