Երբ այլևս հույս չկա

Այսօր թվում է, թե մարդկությունը հասել է զարգացման այնպիսի մակարդակի, որ կարող է բավարարել իր ցանկացած կարիք: Սակայն զարգացմանը, կյանքի բարելավմանը, առաջընթացի հետ մեկտեղ շատ հաճախ մարդը կորցնում է իր խաղաղությունն ու ուրախությունը, այն ուրախությունը, որ հետևանքն է ոչ թե ունեցած-չունեցածի, այլ սրտի վիճակի, այն խաղաղությունը, որ պայմանավորված չէ հաջողությամբ կամ անհաջողությամբ, այլ ամեն պարագայում կվստահի Աստծուն:
Արդ հուսո Աստված ձեզ լցնի կատարյալ ուրախությունով ու խաղաղությունով՝ ձեր հավատքի համաձայն, որպեսզի ձեր հույսը առատանա Սուրբ Հոգու զորությունով: Հռ. 15:13
Պողոս առաքյալը Աստծուն կոչում է հույսի Աստված: Եվ այսօր ուզում եմ քաջալերել ինձ և քեզ, սիրելի քրիստոնյա, որ կյանքի ինչ իրավիճակում էլ լինես, միշտ հիշիր, որ մեր Աստված ՀՈՒՅՍԻ Աստված է, և դա ոչ միայն ուղղակի հույս է, այլև հաստատուն մեկ բան է, որ կարող է այսօր, անկախ ամեն ինչից, տալ քեզ խաղաղություն և ուրախություն:
Նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և Տերը պատասխան տվեց ինձ՝ լայնարձակ տեղ հանելով: Սաղմ. 118:5
Ունես խնդիրներ ու դժվարություններ, հանդիպել ես հիվանդության ու նեղության, կորցրել ես ներքին խաղաղությունդ, չես գտնում պատճառներ ուրախանալու, այլևս հույս չկա? Կանչիր Տիրոջը, փնտրիր Նրան, և միշտ հիշիր, որ Հույսի Աստված քո կողքին է. փորձիր նայել ոչ թե երևույթին, այլ հավատքով նայիր քո Ստեղծիչին, ում համար դու այնքա՜ն թանկ ես: