Հաստատուն եղիր այս փոփոխական աշխարհում
Երկու օր առաջ՝ կիզիչ արև, երեկ՝ կարկուտ, այսօր՝ ձյուն: Ով գիտի, վաղն ի՞նչ կլինի...
Տրամադրությունդ բարձր է, բայց կարող ես հանդիպել սիրելի մարդու, չնկատվել նրա կողմից, ու միանգամից՝ տրամադրության անկում: Կամ հակառակը. տրամադրություն չունես, բայց հաջորդ ակնթարթին դիմացինի անկեղծ ժպիտը կբարձրացնի տրամադրությունդ:
Փոխվում է մեր շուրջը ամեն բան՝ սկսած հագ ու կապից մինչև արժեքներ ու սովորություններ: Ժամանակի հետ անգամ բարոյական օրենքներն են փոխվում, չգրված օրենքները... Փոփոխական է եղանակը, մեր տրամադրությունը, մարդկային փոխհարաբերությունները, ամեն բան...
Ու այսպես էլ ապրում ենք՝ փոփոխությունների փոփոխական աշխարհում...
Բայց ուզում եմ հորդորել, որ դու ինքդ հաստատուն լինես, հաստատուն լինես քո սկզբունքների մեջ, հաստատուն լինես Աստվածային ճշմարտությունների մեջ, հաստատուն լինես՝ պահելու քո սրբությունն ու մաքրությունը, կյանքիդ ճիշտ ընթացքը, հաստատուն լինես՝ պահելու Աստվածային կանոններն ու պատվիրանները: Մի՛ վախեցիր տարբերվել...