Ցանցային մարկետինգ. միլոնատեր դառնալու կարճ ուղի՞...

Ուզում եմ կիսել անհանգստությունս մերօրյա հիվանդություններից մեկի մասին, թեև գիտեմ, որ շատերին գրածս դուր չի գա ու կհակառակվեն... ձեր իրավունքն է: 

Այսօր գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր զբաղվում են ցանցային մարկետինգով (Օծանելիքների առևտրով զբաղվողներին այդպիսին չեմ համարում): Ինքս շատերին եմ հանդիպել: Ու հանդիպում եմ քրիստոնյաների, ովքեր զբաղվում են դրանով, հորդորում են մյուսներին էլ զբաղվեն... Մի շտապիր մեղադրել ու ասել, թե բան չեմ հասկանում, դրա համար եմ այսպես գրում, որովհետև ինքս տարիներ շարունակ եղել եմ դրա մեջ ընդգրկված ու անգամ ուսուցանել եմ, թե ինչպես ճիշտ կազմակերպեն այդ ընթացքը, ինչպես ճիշտ աշխատեն:
Համաձայն եմ, աշխատանքի տեսակ է, որ անգամ երբեմն հաջողվում է, բայց ուզում եմ զգուշացնել. սիրելի քրիստոնյա, որ ուշադիր եղի՛ր... Դա մի բան է, որ տանում է արծաթասիրության, մի բան է, որ քեզանից խլում է ամբողջ ժամանակդ, զբաղվածությունդ, մտքերդ... Եվ ամենակարևորը, երբ որ հանդիպում ես մարդու, փոխարենը նրան վկայես Քրիստոսի մասին, դու կսկսես խոսել ու հրավիրել քո թիմ...
Եթե դեռևս ոչ մի կապ չունես որևէ ընկերության հետ (խոսքս հիմնականում վերաբերվում է այնպիսի ընկերություններին, ովքեր աճում են ուղղակի մարդ գրանցելով...), խորհուրդ եմ տալիս երբևէ չհավատաս այն գովազդներին, որ խոստանում են քեզ մի քանի ամսում միլիոնատեր դարձնել, տանը նստած առանց աշխատանքի վաստակես հսկայական գումարներ... Որպես խորհուրդ՝ հեռու մնա, վաստակիր քիչ, բայց վաստակիր քո քրտինքով, ոչ թե ուրիշ մարդիկ ներգրավվելով, որոնցից ով գիտի՝ քանիսը կհաջողվեն այդ գործում...
Եթե արդեն աշխատում ես այդ բնագավառում, ուղղակի զգույշ եղիր. քո գործի, քո գումարի համար քո թիմ մի հրավիրիր այնպիսի մարդիկ, ովքեր չեն կարող աշխատել... մի խոստացիր ոսկե սարեր, որոնք ի զորու չես լինի ապահովել... Զգույշ եղիր, հատկապես երբ գործ ես սկսում ունենալ քո եղբայր-քույրերի հետ... 
Երբ ես էի աշխատում շատ նվիրված կերպով, ունեի ցուցակ, որտեղ նշում էի, թե ում հետ քանի անգամ եմ զրուցել, երբ է եղել մեր վերջին հանդիպումը, ինչպես է տվյալ մարդու արձագանքը իմ առաջարկին (թող ինձ ներեն այն ընկերներս, ովքեր զբաղվում են այս գործով): Հետո մի օր գիտե՞ք ինչ մտածեցի: Եթե ես նույն կերպ ջանասիրաբար ցուցակ կազմեի ու սկսեի նույն կերպով աշխատանք տանել իմ անհավատ ընկերների համար... նույն ջանասիրությամբ քարոզեի նրանց Քրիստոսի մասին... Ու հասկացա, որ լինելով ցանցային մարկետինգի մեջ, առաջնայինը դառնում է թիմը, մարդիկ, գրանցումները, գումարը... 
Չեմ մեղադրում ոչ մեկին, գումար աշխատելու միջոցները շատ են, բայց զգույշ եղեք, խոստումները շատ են, բայց հնարավոր է գրանցվելով այս կամ այն կազմակերպությունում, հայտնվեք թակարդի մեջ...
Չեմ ուզում նշել որևէ ընկերության անուն, որ PR չստացվի, բայց անգամ այն պրոյեկտները, որ ուղղակի ասում են գովազդներ դիտեք ու գումար կաշխատեք, շա՜տ հաճախ փլուզվում են, ինվեստացիոն ընկերություններ, որ հորդորում են բարձր տոկոսադրույքներով գումար ներդնել, այնպիսի ընկերություններ, որ հորդորում են բավականին թանկ գնով որևէ ապրանք գնել ու մասը կազմել տվյալ ցանցի... տարբերակները շատ են...
P.S. Այս ամենը գրելով՝ ոչ թե փորձեցի ինչ-որ բաներ ապացուցել կամ փաստերով գրել, այլ ուղղակի զգուշացնել, որ չշտապես ու յուրաքանչյուր քայլ անելիս մտածես, խորհրդակցես ուրիշների հետ... Գիտեմ մարդկանց, որ հաջողվել են ու աշխատում են լուրջ գումարներ, բայց նրանք այնքա՜ն չնչին տոկոս են կազմում... Ու նրանց հաջողության հիմքում ընկած են տասնյակ ու հարյուրավոր մարդկանց անհաջողությունները...