Աստծո ներկայությունը շատ ավելին է
«Եթե քո ներկայությունը մեզ հետ չգա, մեզ այս տեղից մի հանիր» (Ելից 33.15):
Իսրայելը տարիներ շարունակ դեգերում էր անապատում, և վերջապես Աստված ասաց Մովսեսին, որ կտա խոստացված երկիրը, սակայն Իր ներկայությունը նրանց հետ չի լինի, քանի որ անհնազանդ և խստապարանոց ժողովուրդ են:
Մովսեսի համար նախընտրելի էր կյանքն անապատի մեջ՝ Աստծո հետ, քան «կաթ ու մեղր բխող» երկիրն՝ առանց Աստծո ներկայության:
Այսօր աշխարհը մեզ այնքա՜ն բաներ կարող է առաջարկել, որոնք կհեռացնեն Աստծո ներկայությունը մեր կյանքից: Ինչպե՞ս ենք վարվում նման դեպքերում:
Ունե՞ս արդյոք այն հավատքն ու վստահությունն առ Աստված, որ Մովսեսի պես դեմ կանգնես գայթակղություններին և Աստծո ներկայությունը կարևորես ամեն ինչից:
Աստծո ներկայությունը շատ ավելին է, քան մեր պապերի սովորություններն ու ավանդույթները, Աստծո ներկայությունը շատ ավելին է, քան մեր դիրքը և իշխանությունը, Աստծո ներկայությունը շատ ավելին է, քան մեր ծառայություններն ու վազքը, մեր պարգևներն ու պաշտոնները:
Գնահատի՛ր Աստծո ներկայությունը քո կյանքում, արժևորի՛ր և կարևորի՛ր այն ամեն բանից առավել, որովհետև Աստծուն ունենալով՝ մենք ամեն բան ունենք, եթե Աստծուն չունենք, ավա՜ղ, մենք ոչինչ էլ չունենք: