Թողեք գոնե վերքը սպիանա

99 տարի…
Թվում է՝ բավականին երկա՜ր ժամանակ է, այնքա՜ն երկար, որ ամեն բան հեշտորեն կթաղվի մոռացության մեջ, այնքա՜ն երկար ժամանակ է, որ անցյալը կծածկի ամեն բան, այնքա՜ն երկար ժամանակ է, որ վերքը սպի կդառնա…
Այո’, 99 տարի առաջվա վերքը սպի կդառնար, եթե մինչ այսօր ժամանակ առ ժամանակ չխոցեին այն, եթե մինչ այսօր ժամանակ առ ժամանակ չանարգեին այդ սպին: Բայց 99 տարի առաջվա վերքը ամեն անգամ կաթ-կաթ արյունահոսում է, երբ լինում է Սումգայիթ, Բաքու, Քեսաբ… Երբ ազգայնականը կացնահարում է մեկին՝ նրա հայ լինելու պատճառով… 
Թողեք գոնե վերքը սպիանա, ցավը անցնի, մրմուռը կորչի… բայց չէ, սիրում են խաղալ այդ վերքի հետ…
Խե՜ղճ հայեր… բայց չէ՛, դու խեղճ չես, հա՛յ, դու տկար չես, որովհետև գիտես գոյատևել ու պայքարել, գիտես արարել ու առաջ գնալ, գիտես մեռնել արժանապատիվ կերպով՝ առանց ուրանալու ինքդ քեզ… առանց ուրանալու քո անցյալը…
Ապրի՛ր, հա՛յ, ապրի՛ր հանուն ապագայի, հանուն քո զավակների ապագայի… ոչինչ, որ այսօր ազատության մեջ երբեմն ավելի դժվար է դառնում գոյատևելը, երբ այսօր ընտանիք կերակրելն առավել դժվար է, ոչինչ, որ քեզ միայնակ ու անօգնական ես զգում… Դու գիտես ապրել, ապրել հանուն արժեքների, հանուն ապագայի, մնա՛ Հայաստանում, ապրի՛ր ու շենացրո՛ւ քո հողը…
Շարունակի՛ր ապրել ու արարել, հա՛յ… ու թող սրտիդ միջի ապրիլ24-յան վիշտը չվերածվի մաղձի ու ատելության, թույլ մի՛ տուր այսօր քո մատղաշ երեխան մեծանա ատելությամբ ու վրեժխնդրությամբ, թող նա իմանա պատմությունը, թող նա պահանջատեր լինի, պայքարի արդարության համար, բայց մի դաստիարակիր նրան ատելությամբ, որովհետև այդ նույն ատելությունն ու անհանդուրժողականությունն էր, որ խլեց 1,5 միլիոն հայի կյանք…
Աղոթի՛ր, շա՛տ աղոթիր, անդադա՛ր աղոթիր քո սերունդների համար, Հայաստանի համար, աղոթիր Թուրքիայի համար, աղոթիր, որ հասկանան, խոնարհվեն, զղջան…
Այսօր մեր երկիրը բժշկության կարիք ունի, մեր վերքերը՝ սպիացման, մեր ժողովուրդը՝ օրհնության… Իսկ գուցե այս ամենի համար մենք  ենք մեղավոր, գուցե մենք անարգել ենք Աստծուն, հեռացրել ենք մեր տներից, գուցե մենք վաղու՜ց դադարել ենք նրան պաշտել որպես Հայր…
Գիտես, այսօր երբեմն մենք ավելի շատ ապավինում ենք նալերի ու փշերի, աչք-ուլունքների ու կրակների, քան… ամենակարող Աստծուն…
Այսօր գուցե ավելի շատ ապավինում ենք մեր պապական սովորություններին ու ադաթներին, անում ենք ոչինչ չասող ծեսեր, քան փնտրում ենք Կենդանի Աստծուն… ինչպես կասեր Թումանյանը՝ «ձև կա, ձևը գիտենք, բայց հոգին բացակայում է… »։ Թողեք գոնե վերքը սպիանա…
«Եթե իմ անունով կոչված ժողովուրդը խոնարհվի, աղոթք անի ու իմ երեսը փնտրի ու իրենց չար ճամփաներից դառնան, ես էլ երկնքից կլսեմ, նրանց մեղքը կներեմ ու նրանց երկիրը պիտի բժշկեմ» (Բ Մնացորդաց 7․14):