Ինչո՞վ ես դու սնվում
Երբ որ երիտասարդ Դանիելն իր ընկերների հետ Նաբուգոդոնոսոր թագավորի պալատում էր, նրանց առաջարկվեց թագավորական ազնիվ կերակուր, սակայն դա պիղծ էր Դանիելի համար, ուստի նա որոշեց հրաժարվել դրանից:
«Դանիելը որոշեց, որ թագավորի ազնիվ կերակուրով ու նրա խմած գինիով չպղծվի, ուստի ներքինապետից թույլտվություն խնդրեց, որ դրանցով չպղծի ինքն իրեն» (Դանիել 1.8):
Այն ժամանակ Աստված պատվեր էր տվել, և Դանիելը պատրաստ էր ամեն գնով պահել դա, և դրա համար նա հրաժարվեց թագավորի առաջարկած կերակուրներից:
Սիրելի քրիստոնյա, այսօր աշխարհը ինձ և քեզ ամեն օր զանազան կերակուրներ է առաջարկում, որոնք գուցե մեզ խոստանում են բարեկեցիկ ապագա, լավ տեսք, հարգանք, դիրք, իշխանություն… (նույնն առաջարկվում էր Դանիելին):
Այդ կերակուրների անուններից մի քանիսը նշեմ՝ «ստություն», «կեղծավորություն», «կաշառք»,«գողություն»… Գուցե այսօր դու կանգնած ես երկընտրանքի առաջ: Գուցե նմանատիպ կերակուրներ են քո առջև դրված:
«Ստիր, ու մի քիչ ավելի գումար կաշխատես», «մի քիչ կեղծավորություն արա, ոչինչ»,«կաշառք տուր, պաշտոնդ բարձրացնեն», «եկեղեցի մի գնա, փոխարենը ավելի շատ գումար կաշխատես»…
Պահի՛ր սրբությունդ, քայլի՛ր արդարության ճանապարհներով… Թույլ մի՛ տուր, որ չարը գայթակղեցնի քեզ տարբեր խոստումներով ու առաջարկներով:
Հիշի՛ր, Աստծո օրենքի մեջ քայլող մարդն է միշտ հաջողակ: Վստահի՛ր Աստծուն ու շարունակիր հավատարիմ մնալ նրան:
«Տասը օր հետո նրանց դեմքը թագավորի ազնիվ կերակուրը ուտող բոլոր տղաների դեմքից ավելի լավ ու գեր երևաց…» (Դանիել 1.15):
Շատ կարճ ժամանակ անց բոլորը համոզվեցին, որ Դանիելի և նրա ընկերների տեսքն էր ամենալավը, որովհետև նրանք չցանկացան պղծել իրենց անձը աշխարհի առաջարկած կերակուրով…
Ուշադի՛ր եղիր, թե ինչով ես դու այսօր հագենում, ինչ ես այսօր ուտում: