Ինչպես ճիշտ օգտագործել համացանցը կամ՝ վե՛րջ ջնջվելու եմ
Սիրելի՛ քրիստոնյա, սիրելի՛ ընկերներ, հաճախ ենք հանդիպում և լսում դեպքեր, երբ ինչ-որ մեկը ջնջվել է որևէ սոցկայքից: Ե՞րբ և ինչո՞ւ է դա տեղի ունենում:
Եթե ինձ հարցնեք` համացանցը լավ բան է, թե վատ, միանշանակ պատասխան տալ չեմ կարող:
Ինձ համար այն գործիք է, միջոց, որը ծառայում է տարբեր բնագավառներում և օգնում է ինձ շատ հարցերում:
Կարծում եմ` համացանցը այսպիսին է շատ քրիստոնյաների համար: Սակայն, երբեմն մեր կյանքում գալիս է պահ, երբ զգում ենք, որ այն դադարել է լինել պարզապես գործիք, և սկսել է բառի բուն իմաստով «խժռել» մեր ժամանակը: Եվ այդտեղ էլ գալիս է որոշումը՝ վե՛րջ, ջնջվելու եմ:
Ինքս երբևէ չեմ փորձի նման որոշում ունեցող մարդուն հակառակը համոզել, այլ ընդհակառակը, եթե զգում ես, որ իրոք խանգարում է քեզ, ապա սահմանափակիր ինքդ քեզ, թեկուզ անգամ՝ մուտքդ համացանց:
Բայց որպեսզի չկանգնես նման որոշման առաջ, խորհուրդ կտամ՝ փորձիր ճիշտ դասավորել ամեն ինչ և ամեն բան դնել իր տեղում:
Համացանցը լավ է, շփվելը, հաղորդակցվելը, նորություններ դիտելը, հետևել մարդկանց գրառումներին, նկարներին… ինչո՞ւ ես հանկարծ մի օր որոշում հրաժարվել այդ ամենից: Որովհետև այդ ամենին սկսել ես տրամադրել չափից շատ ժամանակ:
Ե՞րբ է մարդը ստիպված լինում հրաժարվել իր սիրելի ուտելիքներից, ճնշել իր անձը, սնվել շատ քիչ և ոչ ամեն ինչ ուտել, երբ ստիպված է լինում դիետա պահել: Երբ զգում է, որ ուտելիքի հարցում չափն անցնում է… և արդյունքը լինում է այն, որ ուտելիքը, որ ինքնին վնաս չէ, դառնում է «չի կարելի»:
Սիրելի՛ քրիստոնյա, Աստված տվել է մեզ միտք և իմաստություն, նաև հնարավորություն տնօրինելու մեր ժամանակը: 21-րդ դարում ժամանակը համացանցում տնօրինել գրեթե հնարավոր չէ, եթե չունես զգոնություն:
Համացանցը ևս միջոց է, որով կարող ես օրհնվել և ինքդ օրհնության պատճառ հանդիսանալ շատերի համար, ուստի ճի՛շտ օգտագործիր այն:
Եվ միշտ հիշիր, որ վիրտուալ կյանքը երբեք չպետք է քեզնից ավելի շատ ժամանակ խլի ու ավելի կարևոր դառնա, քան իրական կյանքը… Եվ գուցե մի օր արթնանանք ու բացահայտենք, որ համացանցն այլևս չկա… և գուցե այդ ժամանակ կարիք լինի «սմայլիկը» ոչ թե փոխանցել sms-ի միջոցով, այլ վեր կենալ, գնալ ընկերոջ տուն, սեղմել դռան զանգը և սպասել մինչ դուռը կբացեն ու կտեսնեն «սմայլիկ»՝ իսկական «սմայլիկը»:
Հ.Գ. Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը ինքը պետք է որոշի, թե որքան և ինչպես օգտագործի համացանցը: Սա ընդամենը հորդոր էր, որ ճիշտ տնօրինենք մեր ժամանակը և թույլ չտանք, որ համացանցային տարբեր զբաղվածություններ խլեն այն մեզնից:
Թե՛ իրական և թե՛ վիրտուալ կյանքում մեր օրը բաղկացած է 24 ժամից, որի յուրաքանչյուր րոպեն այնքա՜ն թանկ է:
«Իմաստունների պես ժամանակը ծախու առեք, որովհետև օրերը չար են» (Եփեսացիներ 5.16):