Ուսուցիչը դարձյալ մեզ հետ է…

Նա գլուխն ափերի մեջ առած` լուռ աղոթում էր… Չէր էլ նկատել, թե ինչպես աղոթքի ընթացքում սկսեցին ինչ-որ հիշողություններ արթնանալ… Աչքի առաջով անցնում էին վերջին տարիների իր կյանքի դրվագները: Հիշում էր, թե ինչպես էին եղբոր հետ ժամերով նայում ծովի ալիքներին,  ինչպես էին ամեն երեկո վիճում, թե ով է ավելի շատ ձուկ բռնել… Հետո հիշեց Ուսուցչին, հիշեց, թե ոնց էին ժամերով նստում նրա շուրջ ու լսում զանազան առակների մեկնություններ, խրատներ… Նա աչքերը փակ ժպտում էր. զգաց, որ կարոտել է Ուսուցչին, նրա բարի հայացքը… Հետո հիշեց վերջին գիշերը, խարույկը, աքլորի կանչը, իր… ուրացումը…
Գիտեր, որ Ուսուցիչը ներել է իրեն, բայց, այնուամենայնիվ, զղջման, ափսոսանքի մի քանի կաթիլ գլորվեցին աչքերից:  «Ների՛ր ինձ, Տե՛ր», – լուռ մրմնջացին շուրթերը: Ու դարձյալ ընկղմվեց աղոթքի մեջ, որ արդեն շարունակվում էր ժամեր շարունակ:
Այդ օրը մի յուրատեսակ օր էր: Բոլորը միաբան էին, բոլորն աղոթում էին… Զգաց, որ սիրտը փոքր-ինչ անհանգիստ է. կարծես ինչ-որ սպասողական վիճակ լիներ…
«Բայց դուք մնացեք Երուսաղեմում, մինչև վերից զորություն կառնեք», – հիշեց Ուսուցչի պատվերն ու հենց այդ պահին հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը դիպավ իր գլխին: Անակնկալի եկած՝ բացեց աչքերն ու թեքվեց՝ տեսնելու թե ով էր… Թեքվեց ու մի պահ քարացավ…
Այն, ինչ տեսավ, դժվար էր մարդկային բառերով նկարագրել: Ամբողջ վերնատունը լցված էր կրակե լեզուներով: Տեսավ, թե ինչպես էին այդ կրակե լեզուներն իջնում աղոթողների գլխին՝ կարծես յուրաքանչյուրն իր հասցեատերն ուներ: Ու յուրաքանչյուր մեկը, ով ստանում էր այդ պարգևը, հանկարծ սկսում էր ինչ-որ անհասկանալի բառեր ասել, ուրիշ լեզուներով խոսել…
Չէր էլ հասցրել ըմբռնել տեսածը, երբ զգաց, որ ինչ-որ բան է կատարվում իր հետ: Մի աննկարագրելի ջերմություն զգաց, սիրտը սկսեց արագ բաբախել, սաստիկ քամու ձայն էր լսում… Կարծես ինչ-որ մեկը վերցրեց իրեն ու տեղափոխեց մեկ ուրիշ վայր, մեկ ուրիշ մոլորակ:  Մեկ ակնթարթում նրա աչքերում ամեն բան փոխվեց. բոլորին այլ կերպ էր նայում մյուսներին, շրջապատին… Այնպիսի զգացողություն էր, որ դարձյալ Ուսուցչին էր հանդիպել: Ինքն էլ չհասկացավ՝ ինչու, բայց սկսեց արտասվել: Արցունքները հեղեղի պես թափվում էին աչքերից:
«Շնորհակա՜լ եմ, Տե՛ր, որ մեզ մենակ չթողեցիր», – ասաց ու նայեց դրսում հավաքված ամբոխին: Հասկացավ, որ այդ մարդիկ իր Ուսուցչի կարիքն ունեն: Նայեց նրանց, վճռականորեն վեր կացավ ու գնաց դեպի ամբոխը: Գնաց՝ պատմելու իր Ուսուցչի, Նրա սիրո ու զոհի մասին, Նրա խոստումի ու պարգևների մասին, գնաց, որ բոլորին հայտնի, որ Ուսուցիչը դարձյալ իրենց հետ է…