Գուցե դու՞ էլ կարիք ունես ռեֆորմացիայի
1517 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 31-ին, Մարտին Լյութերը Վիտենբերգ քաղաքի եկեղեցու դռներին փակցրեց 95 հայտնի թեզիսները՝ այսպիսով սկիզբ դնելով մի նոր դարաշրջանի, նոր հասկացությունների ու քրիստոնեական նոր գիտակցության:
Սիրելի՛ քրիստոնյա, այսօր մի պահ կանգ առ ու քննի՛ր քո անձը… Ով էլ լինես, եկեղեցական ինչ համայնքի էլ պատկանես, կանգնի՛ր մի պահ ու նայի՛ր հայելուն… ո՞ւր ես հասել…
Գուցե քեզ մոտ էլ շատ հարցեր արմատացե՞լ են, որոնք կարիք ունեն «ռեֆորմացիայի», գուցե շատ կարծրատիպե՞ր են հասունացել, որոնք պատնեշ են քո և Աստծո միջև: Գուցե դո՞ւ էլ կարիք ունես «թեզիսների», որոնք կփոխեն քո կյանքը, նոր լիցք կհաղորդեն քո քրիստոնեական կյանքին…
Շատ հաճախ մենք թույլ ենք տալիս՝ բազում մտքեր գան ու բույն դնեն մեր գլխին, դրանից էլ ծնվում են երբեմն չարություն, նախանձ, բամբասանք… Շատ հաճախ չկարողանալով պայքարել մեղքի դեմ՝ դրա անունը դնում ենք բնավորություն, վատ սովորություն, ժամանց, հոբբի…
Սիրելի՛ քրիստոնյա, խոնարհվի՛ր Աստծո առաջ և թո՛ւյլ տուր, որ Նա որոշի քո բնավորության գծերը, թո՛ւյլ տուր՝ նա հեռացնի քո վատ սովորությունները, թո՛ւյլ տուր, որ այն, ինչ դու անվանում ես հոբբի կամ ժամանց, բայց Աստծուն հաճելի չէ, այլևս չխլի քո թանկագին ժամանակը…
Մի՛ փնտրիր Աստծուն միայն եկեղեցական պատերի ներսում, փնտրի՛ր Նրան ամենուրեք, աղաղակի՛ր Նրան քո ծածուկ սենյակում, որովհետև Նա Կենդանի Աստված է, և երբ որ նայում է քեզ՝ ուզում է տեսնել կենդանի ու առողջ Եկեղեցի…