Դու կանչված ես հաղթական կյանք ապրելու
Յուրաքանչյուր օրվա մեր կյանքը պատերազմ է, պայքար: Ես և դու ամեն վայրկյան կանգնում ենք աշխարհի մարտահրավերների առջև, ամեն ակնթարթ աշխարհն իմ ու քո առջև բացում է գայթակղություններով ու փորձություններով լի դռներ և առաջարկում ներս մտնել:
Ինչպիսի՞ն է լինում քո՛ արձագանքը:
Երբեմն չենք կարողանում դիմակայել այդ ամենին և տրվում ենք պահի ազդեցությանը… հետո զղջում, ապաշխարում… հետո մեկ ուրիշ փորձություն, մեկ ուրիշ գայթակղություն, դարձյալ նույնը… և գալիս է մի պահ, որ հոգնում ես տևական պարտություններից, հոգնում ես, որ կայացնում ես որոշումներ, որոնք այդպես էլ կյանք չեն դառնում…
Սիրելի՛ քրիստոնյա, Աստված չի կանչել ինձ և քեզ, որ տանջվենք ու տառապենք մշտական խղճի խայթից և Սուրբ Հոգու հանդիմանությունից: Աստված կանչել է մեզ, որպեսզի լինենք հաղթական քրիստոնյաներ, մարդիկ, ովքեր կշարունակեն Քրիստոսի գործը:
Այո՛, այսօր աշխարհն առաջարկում է ժամանակավոր զվարճանքներ, գայթակղություններ, մեղքեր, որոնք, սակայն, երբևէ չեն կարող հագեցնել քո ծարավը…
Ի՞նչ է ասում Աստված:
Ով որ հաղթի «… նրան թույլ կտամ ուտել կենաց ծառից…» (Հայտնություն 2.7):
«…երկրորդ մահից չի վնասվելու…» (Հայտնություն 2.11):
«…պահված մանանայից ուտել եմ տալու…» (Հայտնություն 2.17):
«…նրան իշխանություն եմ տալու ազգերի վրա… Եվ ես նրան պիտի տամ առավոտյան աստղը…» (Հայտնություն 2.26, 28):
«… ճերմակ է հագնելու…» (Հայտնություն 2.11):
«… նրան իմ տաճարի սյուն եմ դարձնելու…» (Հայտնություն 3.12):
«… նրան կշնորհեմ նստել Իմ աթոռին Ինձ հետ…» (Հայտնություն 3.21):
Սիրելի՛ քրիստոնյա, այս ամենի դիմաց ի՞նչ է քեզ առաջարկում աշխարհը: Ի՞նչ կարող է տալ քեզ աշխարհը, ժամանակավոր զվարճանքը, որ առավել է այս ամեն խոստումներից… ոչինչ:
Դու կանչված ես հաղթական կյանք ապրելու: Կլինեն դժվարություններ, անկումներ, հուսահատություններ, սակայն միշտ հիշի՛ր, որ երկնքի ու երկրի Արարիչ Աստված քեզ հետ է՝ բարձրացնելու, օգնելու, կանգնեցնելու և առաջ մղելու…
«Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33):