Ընդհատված մանկություն
Ես ընդամենը երեք ամսական եմ՝ սիրուն աչիկներով փոքրիկ մի էակ:
Ապրում եմ ինձ համար սովորական կյանքով: Թեև կյանք ասվածը մի քիչ հարաբերական է. անկեղծ ասած, դեռ այնքան էլ գլուխ չեմ հանում «կյանք» կոչվածից:
Ունեմ մայր, հայր: Ամեն անգամ սրտիկս սկսում է արագ աշխատել, երբ նրանց ձայնն եմ լսում: Ուղղակի հալվում եմ, երբ մայրս սկսում է շոյել ինձ: Որքա՜ն երջանիկ եմ ես, որքա՜ն լավն է այս «կյանք» կոչվածը…
Մի առավոտ արթնացա հորս ձայնից. կարծես բարկանում էր մայրիկիս վրա: Նրանց թվաց, թե ես ոչինչ չեմ լսում, բայց ես այնքա՜ն պարզ լսեցի հորս խոսքերը, որ ասում էր. «Հասկացիր, նա մեզ պետք չի, նա կխանգարի մեզ»:
Տեսնես՝ այդ ում մասին են խոսում:
Եթե ծնողներս ինչ-որ բան են ուզում անել, և ինչ-որ մեկը խանգարում է նրանց, իհարկե, պիտի ազատվել դրանից: Չեմ ուզում, որ ծնողներս բարկանան ու նեղվեն ինչ-որ բանի պատճառով. ախր նրանք այնքա՜ն լավն են:
Հետո հայրս դուրս եկավ տանից, իսկ մայրս սկսեց արտասվել: Շոյում էր ինձ ու շարունակ արտասվում… Նրա լացից ակամա ես էլ սկսեցի արտասվել. ախր չեմ ուզում, որ ինչ-որ մեկը նեղացնի մամայիս…
Թվում է շատ կարճ ժամանակ է, բայց այնքա՜ն եմ սիրում նրան: Նա չի նկատում, բայց իր հետ միասին ապրում եմ այն ամեն տխրությունը, ցավը, ուրախությունը, այն ամեն զգացումները, որ նա է ունենում, ու դրա համար էլ ուզում եմ, որ մայրս միշտ ժպտա, միշտ ուրախ լինի:
Ես ինձ դրանից այնքա՜ն լավ եմ զգում:
Հաջորդ առավոտյան ծնողներիս հետ միասին ինչ-որ տեղ գնացինք: Մայրս չէր խոսում, հայրս էլ լուռ էր: Երբ տեղ հասանք, քայլեցինք մի երկար միջանցքով: Ոչ մի բան չեմ հասկանում. տեսնես ո՞ւր ենք գնում: Հետո մի սենյակ մտանք ու ամեն ինչ պարզ դարձավ:
Որքան եմ սիրում նրանց, ախր նրանք այնքա՜ն լավն են… բերել էին ինձ նկարեն:
Երբ որ սարքը մոտեցրին ինձ, հնարավորինս փորձեցի լուրջ դեմք ընդունել, բայց չստացվեց, շարունակ ժպտում էի: Եվ այդպես մենք տուն եկանք: Ծնողներս շարունակ լռում էին, իսկ ես ուրախ էի, երևի նրանից էր, որ դեռ այդքան էլ լավ չէի հասկանում «կյանք» կոչվածը: Տեսնես ի՞նչ խնդիր ունեն նրանք, ի՞նչն է նրանց խանգարում, ի՞նչ անեմ, որ մայրս ժպտա, ուրախանա…
Երեկոյան մայրս խոսում էր տատիկիս հետ: «Արդեն պայմանավորվել ենք: Վաղն առավոտյան կհեռացնեն: Մենք շատ պլաններ ունենք ու չենք կարող այս պահին մեզ էդպիսի բան թույլ տալ: Գիտեմ, գիտեմ, բայց այլ ելք չկա, պիտի հրաժարվեմ իմ անուշիկից»:
Անուշի՞կ: Մայրս ինձ էր այդպես կոչում: Ամեն անգամ, երբ սկսում էր խաղալ ինձ հետ, զրուցել, նա ինձ միշտ այդպես էր անվանում: Իսկ հիմա ուզում է հրաժարվել Անուշիկի՞ց, ինձանի՞ց: Բայց ինչո՞ւ: Մի՞թե այդ խանգարողը ես եմ:
Տեսնես հրաժարվելուց հետո ի՞նչ է լինում: Ինձ ուրիշի՞ն են տալու…
Մա՜մ, պա՜պ, ի՞նչ եք ուզում անել… սրտիկս սկսեց արագ բաբախել… Ոչինչ չէի հասկանում… Ի՞նչ է կատարվում շուրջս ո՞ւմ եմ խանգարում, ինչի՞ն…
Չհասկացա, թե ինչպես քնեցի…
Առավոտյան բոլորը տխուր էին: Դարձյալ ծնողներիս հետ գնացինք այն նույն տեղը, որտեղ երեկ նկարել էին ինձ: Բան չեմ հասկանում…
Արդեն մի քանի օր է ինձ հետ ծնողներս չէին խոսում, մայրս չէր շոյում ինձ, լավ խոսքեր չէր ասում… Վերջին անգամ անունս լսել էի, երբ նա խոսում էր տատիկիս հետ և ասում, որ ես խանգարում եմ…
Հետո կատարվեց անհասկանալին: Կյանքումս առաջին անգամ ինչ-որ հպում զգացի, սիրտս վախ ընկավ… Զգացի, որ ինչ-որ մեկը դիպավ ինձ… քաշեց… ցավեցրեց…
Շուրջս ամեն ինչ փոխվեց մի ակնթարթում… Այս երեք ամսիների ընթացքում ես միշտ մթի մեջ էի, աչքերս փակ, մորս հետ… Ու այդպես լավ էր, այդպես սիրված էի, այդպես կարևոր էի… հիմա…
Մի ակնթարթում ամեն ինչ լուսավորվեց, զգացի, որ մայրիկիցս բաժանեցին ինձ… Վերջին բանը, որ տեսա, սպիտակ շորերով մարդասպանն էր…
Ինձ նետեցին մի պարկի մեջ ու ամեն ինչ ավարտվեց…
Մա՜մ, պա՜պ, ես ուզում էի ապրել, ախր ես դեռ չէի էլ ծնվել…բայց մահացա…
Սա՞ էր կյանքը: Խնդրո՜ւմ եմ, եթե քուրիկ ու ապերիկ ունենամ, էլ էսպիսի բան չանեք… թողեք՝ ապրե՜ն…