Մոռացիր անցյալդ
Այս կյանքում բոլորս առաջ ենք շարժվում. մեկն ավելի արագ, մյուսը՝ դանդաղ, մեկը վազքով, մյուսը ցատկերով, ու բոլորս էլ ձգտում ենք առաջ գնալ:
Գիտես՝ ինչն է շատ հաճախ խոչընդոտ հանդիսանում մեր առաջընթացին՝ մեր անցյալը: Այո, որքան էլ զարմանալի չլինի, այն, ինչ անցյալ է, ինչ այլևս չկա, կարող է զրկել քեզ ապագայի օրհնություններից: Իհարկե, անցյալը լավ է իր հուշերով, իր դասերով, իր խրատներով ու իր սովորացրածով, բայց երբեք թույլ չպետք է տալ, որ այն սկսի իշխել այսօրվա վրա՝ դառնալով հուսահատության պատճառ:
Թվում է, թե դիմացինին ներելը դժվար է, սակայն , կարծում եմ կհամաձայնվես ինձ հետ, որ երբեմն ինքդ քեզ ներելը շատ ավելի դժվար է դառնում: Մարդը գործում է որևէ սխալ արարք, զղջում, ներողություն խնդրում, բայց ամիսներ ու տարիներ շարունակ չարը հիշեցնում է իր իսկ կատարած սխալը՝ փորձելով կոտրել ու հուսահատեցնել: Լսիր, թե Աստված ինչ է ասում.
«Ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները և մեղքերդ չեմ հիշում» Ես. 43:25
Եթե Աստված չի հիշում քո մեղքերը, թույլ մի տուր, որ հակառակորդը խաբի քեզ: Տիրոջ ներումը լիարժեք է, կատարյալ ու անթերի, և եթե գործել ես սխալներ ու մեղքեր ու հիմա զղջում ես դրանց համար, դրանք այլևս չկան: Մոտեցիր Աստծուն, ապրիր սուրբ կյանք և այլևս թույլ մի տուր, որ անցյալն ազդի ներկայիդ վրա և հետևանք ունենա ապագայի համար: Դու օրհնյալ մարդ ես և առջևում բազում օրհնություններ են քեզ սպասում:
Առաջվա բաները մի հիշեք և հին բաները մի մտաբերեք: Ահա ես նոր բան եմ անում. Հիմա կհայտնվի. Մի՞թե չեք ճանաչելու դա: Ամայի տեղում ճանապարհ պիտի շինեմ, անապատում՝ գետեր: Ես. 43:18-19
Գուցե քեզ ոչ թե անցյալի մեղքի հիշողությունն է խանգարում առաջ գնալ, այլ ավելի լավ ու ավելի օրհնյալ անցյալը, որ այժմ չկա… Մի ապրիր անցյալի օրհնությունների հիշողություններով, մոտեցիր Աստծուն, փնտրիր օրհնություն, Խոսք ու հայտնություն այսօրվա համար:
Օրհնյալ օր եմ մաղթում բոլորիս՝ ձերբազատված անցյալի ամեն խանգարող շղթաներից: